Երեկ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀԹԳ միության նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ գումարվեց UNESCO-ի Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (ԹՔՄԱ) 25-րդ համաշխարհային կոնգրեսը: Թատերական քննադատների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1956-ին Փարիզում ու միավորում է ավելի քան երկու հազար թատերական քննադատների, աշխարհի հիսուն ազգային կենտրոններից: Հայաստանը կոնգրեսի օրերին պատրաստվում է հիմնել Ազգային կենտրոն ու անդամակցել ասոցիացիային: Կոնգրեսը իր աշխատանքները սկսեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ողջույնի խոսքով. «Մենք համոզված ենք, որ կոնգրեսի օրերի ընթացքում մենք կկարողանանք ներկայացնել հայ թատրոնը, Հայաստանը: Եվ ես կարծում եմ, որ ձեր հավաքական կարծիքը հայ թատրոնի մասին լուրջ ուղեցույց կլինի մեզ համար, կօգնի մեզ մեր հետագա աշխատանքում»: Այնուհետեւ պրն Ղազանչյանը անդրադարձ կատարեց հայ թատրոնի ավանդույթներին, թատրոնի նվիրյալներին ու ներկա իրավիճակին: Կոնգրեսին ողջույնի ուղերձ էր հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը :
Աշխարհի 30 երկրներից 65 անվանի թատերագետներ եւ թատերական լրագրողներ, կքննարկեն համաշխարհային թատրոնի խնդիրները, կգնահատեն հայկական թատրոնի ներկան ու կուրվագծեն Արտավազդ թագավորի հիմնած հայկական ավանդույթներով ու առանձնահատկություններով, միաժամանակ համամարդկային խնդիրներով ապրող մեր թատրոնի միջազգայնացման ճանապարհը:
ԹՔՄԱ-ի նախագահ Յան Չոլ Կիմը (Կորեա) իր ողջույնի խոսքը բացեց կոնգրեսին մասնակցող անձանց հետ մեկ րոպե լռությամբՙ ի հարգանս աշխարհում մահացած թատերագետների ու թատրոնի նվիրյալների: Նախագահի ելույթը հիմնականում գլոբալ անդրադարձ էր ֆեմինիզմին, եւ հենց այդ պատճառով կոնֆերանսների թեման էրՙ «Կինը եւ թատրոնը, կինը եւ դրամատուրգիան, կինը բեմում...»:
«Ազգի» հետ զրույցում պրն Չոլ Կիմը նշեց, «շատ կարեւորում են հայ թատրոնի անդամակցումը: Համաժողովի ընթացքում տարվա լավագույն տեսական, քննադատական հոդվածների եւ նյութերի համար կտրվի Thalia հունական կոմեդիայի աստվածուհու անվան մրցանակը, որին այս տարի արժանացել է ԱՄՆ-ից Շաքնան (թարգմանիչ, բեմադրիչ, դրամատուրգ, դերասան, տեսաբան)»: Իսկ թե ինչո՞ւ են ընտրել ֆեմինիզմ թեման, պրն Չոլ Կիմն ասաց, որ փորձում են վերլուծել ու գտնել ֆեմինիզմի բոլոր ազդեցությունները մեր կենսակերպի, գիտակցության վրա ու այդ պրոբլեմներից դուրս գալու ընդհանուր ելքեր փնտրել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ