Էրեբունի միջնաբերդում հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի աշխատանքներն ամփոփեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը եւ ֆրանսիական կողմի ղեկավար, Բրետանի հնագիտական ժառանգության պետ Ստեֆան Դեշամը, Ներքին Նորմանդիայի հնագիտական ժառ. պետ, ֆրանսահայ Ֆիլե դը Կլերֆոնտեն եւ ԱՄՆ Բերկլիի համալսարանի պրոֆեսոր, արշավախմբի գիտական խորհրդատու Դեւիդ Ստրոնախը: Պրն Գյուրջյանը ներկայացրեց պեղումների երեք կարեւոր ուղղություններն ու շեշտեց, որ պեղումները ցույց տվեցին, որ շատ աշխատանքներ դեռ կան անելու, եւ հուլիսի 15-ից կշարունակվեն պեղումները քաղաքային մասում: Պրն Փիլիփոսյանը նշեց, որ ֆրանսիացի մասնագետները հիմնականում կենտրոնացել են Խալդի աստծո տաճարի աշտարակի եւ դրան հարակից տարածքների պեղման աշխատանքների վրա, իսկ հայկական կողմըՙ միջնաբերդի մերձակա եւ քաղաքային տարածքներում:
«Պեղումները ցույց են տվել, որ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, լանջի վրա բացվել են կառույցների հետքեր, որոնք ցույց են տալիս, որ միջնաբերդը հավանաբար այլ պաշտպանական տարածք է զբաղեցրել: «Գերմանացի մասնագետների հետ ամիսներ առաջ մենք կատարել ենք ուսումնասիրություն գեոռադարով բլրի կենտրոնական հատվածում սարքը ցույց է տվել երկու մեծ կառույցներիՙ մինչեւ 1200 քմ մակերեսովՙ յուրաքանչյուրի առկայությունը, որոնք առ այսօր պեղված չեն: Դրանք մինչեւ 3 մետր հաստությամբ պատերով, ներքին կառույցներով ու կցակառույցներով շինություններ են, որոնք տալիս են վարչական կենտրոնի պատկերՙ քաղաքային թաղամաս: Դրանք նման են այն կառույցներին, որոնք ստեղծվել են եւ Արգիշտի Առաջինի օրոք եւ նրա հաջորդների ժամանակ, գուցե եւ Վանի թագավորության անկումից հետո: Դրանք ամբողջովին պեղելուց հետո մենք կունենանք մի ամբողջական պատկերՙ միջնաբերդի քաղաքային թաղամասի եւ հետուրարտական շրջանի քաղաք-ամրոցի կառուցվածքն ու մշակույթը», պարզաբանեց պրն Փիլիփոսյանը :
Պրոֆեսոր Ստեֆան Դեշամը նշեց, որ 30-ամյա համագործակցության արդյունքում կարողացել են պեղումներ եւ ուսումնասիրություններ անել միջնաբերդի տարածքում, որը սովետական շրջանում թեթեւակի է պեղվել, ու շատ արժեքավոր հնագիտական կառույցներ գտնվել են բարձիթողի վիճակում: «Ուրարտական ժամանակաշրջանի Խալդի աստծո տաճարը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ հենց դրանով էլ զբաղվում ենք: Այժմ մենք մտածում ենք, թե ինչպես վերականգնել ամրոցը եւ պեղել Խալդի տաճարն ամբողջությամբ: Ֆրանսիացի գիտնականները պեղումների ընթացքում հայտնաբերել են երկու փողոց, ճանապարհներ եւ ջրատար խողովակներ: Հայտնաբերվել է նաեւ մեկ հին դուռ, որը ժամանակին փակ է եղել, դրա դիմաց հայտնաբերվել է մի փոքր զոհարանՙ երեք խոշոր աստիճաններով: Հայտնաբերված խորշը ուրարտական ժամանակների չի պատկանում, եւ դա մեզ նոր ուսումնասիրությունների ու ճշգրիտ թվագրման տեղիք է տալիս: Բացի ջրատար խողովակներից եւ դրանց ուղղությունից, պեղել ենք ու հայտնաբերել ոչ թրծված աղյուսի նմուշներ, խորքի պատինՙ կարմիր որմնանկարներ: Պեղվել են նաեւ այդ տարածքները, գտածոների թվում հայտնաբերել ենք հատակին թափված որմնանկարներ, կենցաղային իրեր, խեցեղեն եւ էլի մանր կտորներ, որոնք պետք է լուրջ ուսումնասիրվեն ու ճիշտ թվագրվեն:
Էրեբունին շատ գաղտնիքներ է պարունակում, որոնք մինչեւ այժմ հայտնի չեն եւ մենք շարունակելու ենք մանրակրկիտ ուսումնասիրությունները, քանզի Էրեբունի միջնաբերդը ոչ միայն ուրարտական ժամանակաշրջանն է կարեւորում, այլեւ դրա ճշգրտումը, սովորական կենցաղային կյանքը: Էրեբունին այն եզակի հնագիտական վայրն է, որով շատ հնագետներ են հետաքրքրված, որովհետեւ այնտեղ են հայտնաբերվել 40 արձանագրություններ, որոնցից 23-ըՙ բազալտ քարի վրա արված եզակի արձանագրություններ: Միայն լայնածավալ պեղումներն ու ուսումնասիրությունները նոր լույս կսփռեն դարավոր պատմական հնագիտական կառույցի գոյության ու պատմամշակութային կառույցի գոյության վրա»:
Մ. Մ.