«Ազգը» հունիսի 17-ի համարում տեղեկացրեց, որ Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարների նիստում որոշում էր կայացվել` «անհապաղ օգնություն ցուցաբերել» Ղրղզստանին, այդ մասին նիստից հետո հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան : Սակայն «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբՙ Ղրղզստանին ցուցաբերվող օգնությունը ամենեւին էլ չի ենթադրում այդ երկիր ուղարկել զորամիավորումներ` ՀԱՊԿ անդամ երկրներից, այդ թվումՙ Հայաստանից: «Քննարկվում է ոչ թե խաղաղապահների, այլ զանգվածային անկարգությունները կանխելու, հրահրիչներին բացահայտելու եւ չեզոքացնելու հարցերով մասնագետների խումբ ուղարկելու հարցը», նշել է Բորդյուժան: Ըստ նույն գործակալությանՙ ՀԱՊԿ անդամ պետություններից միայն Բելառուսը առայժմ չի տվել իր համաձայնությունը վերոհիշյալի կապակցությամբ, այս մասին նշել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալիկ Օրոզովը ` ենթադրելով, որ Լուկաշենկոն, այնուամենայնիվ, մինչեւ ուրբաթ օրը կտա իր համաձայնությունը: