«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2010-06-17 | #112, 2010-06-18 | #113, 2010-06-19


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ՀԱՅԸ 21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ

Երեկ Գրողների միությունում հայտարարվեցին 2009 թվականին հրատարակված արձակ գործերի համար հայտարարված մրցանակաբաշխության դափնեկիրների անունները: Մրցույթը կրում էր «Հայը 21-րդ դարասկզբին» խորագիրը: Արդեն երրորդ տարին է, ինչ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), Համաշխարհային հայկական կոնգրեսը, նախագահՙ Արա Աբրահամյան, ՀԳ միության հետ համատեղ անցկացնում են գրական ստեղծագործությունների մրցանակաբաշխություն: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը բացելով հանդիսությունը, շեշտեց այն երեք առանձահատկությունները, որոնք մեծ խթան են հանդիսացել գրական ստեղծագործություններ կյանքի կոչելուն: «Մեր համագործակցությունը, նշեց պրն Անանյանը, սկսվեց դեռ 2003 թվականից, երբ Արա Աբրահամյանը 100.000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Գրողների միությանը, եւ հենց դրա հիմքի վրա ստեղծվեց «Գրական հիմնադրամ»: Այդ տարիների ընթացքում հովանավորությունից անցում կատարվեց գրական մշակութային շարժում լայնածավալ գործունեությանը, որի մեջ մտան գիտությանը, կոմպոզիտորներին, նկարիչներին, ժուռնալիստներին ու գրողներին խրախուսելու համար մրցանակաբաշխությունները: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ աստիճանաբար ե՛ւ հասարակության, ե՛ւ պետական շրջանակներում բերեց այնպիսի գիտակցություն, որ հոգեւոր մշակութային ոլորտը դառնա գոնե 2-րդ իշխանություն: Իսկ որ ամենակարեւորն էՙ նման մրցանակաբաշխությունը հզոր խթան եղավ արձակի ժամանակակից զարգացման գործում, որը տարեցտարի կրկնապատկվում եւ եռապատկվում է»:

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 20 գրողներ, որոնցից 5-ը դարձել են դափնեկիր: Մրցանակային ֆոնդը ՌՀՄ-ն սահմանել է 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առաջին մրցանակը կիսվել է Անահիտ Թոփչյանի («Անհետացում» վեպ) եւ Հովհաննես Երանյանի («Ամենագեղեցիկ հատվածը» վեպ) միջեւ: Լավագույն վիպակի մրցանակը բաժին է հասել Սուսաննա Հարությունյանին «Քարտեզ առանց ցամաքի եւ ջրի» ստեղծագործության համար, իսկ լավագույն պատմվածքաշարի համար մրցանակի է արժանացել Սամվել Կոսյանը: «Ծաղրածուն մեծ քաղաքում» վիպակի համար Նորայր Ադալյանը արժանացել է հատուկ մրցանակի:

ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը շնորհավորեց դափնեկիրներին ու մաղթեց նորանոր հաջողություններ արդի հայ արձակի զարգացման գործում: Պրն Աղայանը շեշտեց, որ ՌՀՄ-ն եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը այս շարժման նախաձեռնողներն ենՙ համապատասխան ստեղծագործական, գիտական եւ մշակութային կազմակերպությունների հետ: Այս տարվա հինգ բնագավառներում անցկացվող մրցանակաբաշխությունը նվիրված է Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին: Այդ տարիների ընթացքում միության կոմից իրականացվել են բազմաբնույթ ծրագրեր, որոնց «Ազգը» պարբերաբար անդրադարձել է: Եթե սկզբնական շրջանում դրանք կրում էին հումանիտար բնույթ, ապա տարիներ անց գործելաոճը փոխվեց, ու ստեղծվեցին «Գրականության զարգացման հիմնադրամ», «Գիտության զարգացման հիմնադրամ», որոնք նոր զարգացման էտապով սկսեցին իրենց գործունեությունը:

Պրն Աղայանը նշեց. «Մեր գործունեության հիմնական նպատակն է նպաստել մեր հանրապետության ստեղծագործական ներուժի ակտիվացմանը: Ուրախ ենք, որ բոլոր բնագավառներում հետաքրքրությունը մրցանակաբաշխությունների նկատմամբ մեծացել է ու նաեւ ներկայացվող աշխատանքների թիվը գնալով ավելանում է»: Պրն Աղայանը նաեւ նշեց, որ 2008 թ. մրցույթները դարձան համահայկական, ձեռք բերեցին միջազգային կարգավիճակ, որոնք անցկացվում են ՀՀԿ, ՌՀՄ, ՀՀ սփյուռքի նախարարության եւ համապատասխան գիտական ու ստեղծագործական կազմակերպությունների հետ համատեղ:

Մրցույթի հանձնաժողովի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը նշեց. «Այս մրցույթը չէր կայանա, եթե չլինեին այդ հեղինակավոր կազմակերպությունները Արա Աբրահամյանի գլխավորությամբ ու մեկենասությամբ»: Այնուհետեւ տկն Դոլուխանյանը նշեց, որ ներկայացված 20 գործերի հեղինակները հայտնի չէին, քանզի դրանք ծածկագրով էին ներկայացված: Դափնեկիրները ընտրվել են բացառիկ արդարության պայմաններում, եւ հաշվի է առնվել գրական գործի արժեքը, այլ ոչ թե անձը, որով մեծ նպաստ է բերվել արդի հայ արձակի հետագա զարգացմանը: «Արա Աբրահամյանը մտածում է, որ Հայաստանը պետք է լինի հոգեւոր Հայաստան, եւ իրականացնում են այնպիսի գնահատելի զարգացման ծրագրեր, որոնց համար երախտագիտության խոսքեր եմ հղում ե՛ւ պարոն Աբրահամյանին, ե՛ւ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանըՙ հանձին փոխնախագահ Վլադիմիր Աղայանի»:

Իրենց շնորհակալական խոսքը հղեցին մրցույթի կազմակերպիչներին դափնեկիրները ու շեշտեցին, որ առաջին անգամն է, որ նման անաչառ ու անշահախնդիր մրցանակաբաշխություն է անցկացվում, որը նոր լիցք ու եռանդ է տալիս ստեղծագործելու:

Ջերմ ու մտերմիկ միջավայրում դափնեկիրները շնորհավորանքներ էին ստանում, իսկ մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին գումարվող Գրողների միության համահայկական համաժողովի ընթացքումՙ ձեռամբ Արա Աբրահամյանի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4