Աննա Ղազարյանը «Զատիկ» մանկատուն է եկել 7 տարեկանում: Նրան մանկատուն է հանձնել մայրը, իսկ հորը չի ճանաչում: «Ինձ մայրս վաղուց է թողել, եւ միայն 10-րդ դասարանում շատ պատահականորեն գտա նրան: Հիմա նրան հաճախ չեմ հանդիպում: Ինքը չի ուզում ինձ տեսնել, բայց ես ուզում եմ տեսնել նրան: Նա ինձ չի օգնել, ես ուզում եմ օգնել նրան: Նա ինձ որբ է թողել, ես չեմ կարող նույն կերպ վարվել նրա հետ», ասում է Աննան, ում հետ ծանոթացա «Զատիկ» մանկատանը, երբ եկել էր այցելության:
Աննան ասում է, որ ինքը չարությամբ չի լցված իր ծնողի հանդեպ. նա պարզապես փորձում է հետ բերել այն ծնողական սերը, որ չի ստացել, եւ այն ջերմությունը, որը ոչնչով չի փոխարինիվի. «Մի տեսակ նախանձ ոնց որ լինի մեջս: Ծնողի կարիք ես զգում, ուզում ես ծնող ունենալ: Հիմա ուզում եմ վերցնել նրանից էդ քաղցրությունը, բայց չի տալիս, ու ես նորից կարոտում եմ: Ես նրանից միայն դա եմ ուզում», բացատրում է Աննան:
Հիմա Աննան արդեն իր սեփական ընտանիքն ունի, եւ իր ասելովՙ ինքը փորձում է ստեղծել այն ընտանիքը, որը չի ունեցել, դրա համար էլ չստացած սերը տալիս է իր զավակին. «Կուզեմ նրան տալ ամեն ինչ: Ամեն անգամ, երբ գրկում եմ նրան, մի տեսակ լացս գալիս է, ուզում եմ նրան տալ իմ հոգու ողջ ջերմությունը, որ ես չեմ ստացել. ես չեմ ունեցել. նա պիտի ամեն ինչ ունենա»:
Աննան վստահ է` ինքը երբեք չի հանձնի իր երեխային մանկատուն, քանի որ գիտի` վատ ընտանիքը լավ մանկատնից լավ է. «Ես կարծում եմ` ծնողը, ինչ էլ լինի, չպետք է երեխային թողնի: Դա մեծ պատասխանատվություն է: Եթե ունենում է, չպետք է տա մանկատուն: Ես երբեք չեմ հանձնի իմ բալիկին մանկատուն»:
Աննան ծանոթացել է իր ամուսնու հետ դեղատանը` աշխատավայրում. «Եվ աշխատում էի, եւ դասի գնում, որ հասցնեմ, դրա համար էլ շատ էի բացակայում: Նա գիտեր` մանկատան երեխա եմ: Անցավ ժամանակ, ու մենք որոշեցինք` պիտի ամուսնանանք: Նրա ընտանիքը շատ լավ ընդունեց ինձ: Հետս լավ են վերաբերվում: Ես գտա ընտանիք»:
Աննան ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան, սակայն կիսատ է թողել, որովհետեւ պետք է իր երեխային մեծացնի: Նա շարունակելու է իր ուսումը, որ կիսատ է թողել: «Ես եմ ընտրել մասնագիտությունս: Տետրերիս վրա նկարում էի, որտեղ պատահեր, նկարում էի: 8-րդ դասարանում ասացիՙ ուզում եմ դառնալ նկարչուհի: Ընկեր Աշոտը` մեր տնօրենը, դրական արձագանքեց, ուրախացավ: Հիմա էլ նկարում եմ, աշխատանքներ եմ անում: Երեխաս մի քիչ էլ մեծանա, կսովորեմ»:
Աննան պատմում է, որ նախքան ուսանող դառնալը երբեք չի զգացել առանձնահատուկ վերաբերմունք իր նկատմամբ` իբրեւ մանկատան սանի. «Դպրոցում, երբ մանկատնից 20-25 երեխա կար, շատ լավ էի զգում, երբեք չեմ զգացել հատուկ վերաբերմունք, որովհետեւ մանկատան սաներով միշտ միասին էինք, բայց ուսանողական տարիներին ես դա շատ լավ զգացի»:
Աննան չի սիրում, երբ իրեն խղճում են, քանի որ կարծում է` այդ զգացմունքը նույնիսկ ստորացնում է: «Երբ իմանում ենՙ մանկատնից ես, սկսվում է խղճահարության մի գործընթաց, ու փորձում ես, որ մարդիկ չիմանան: Թերլեմեզյանում չեն իմացել: Վերջին տարում, երբ սկսեցի շատ բացակայել, քանի որ աշխատում էի, ծնող կանչեցին: Գնաց իմ դասատուն: Ամեն ինչ բացվեց: Դրանից հետո սկսեցի ավելի շատ բացակայել: Ամաչում էի, քանի որ ասել էի` ծնող ունեմ, մանկատան երեխա չեմ: Դրանից հետո ավելի վատ էի զգում: Մի խոսքով... Մենակ էն, որ տարբեր առիթներով գումար էինք հավաքում, տնօրենն էլ, ամենքն էլ փորձում էին օգնել, բայց ամեն ինչ էդքան հեշտ չէր... ՀՕՄ-ից էլ են շատ օգնել, բոլորն էլ: Բայց ուսանող լինել, ներկերը, միջոցառումները, հագուստը, զբոսանքները, ամեն ինչ... բարդացել էր: Պետք էր աշխատել: Դրա հետ էլ ես չէի հասցնում»:
18 տարին լրանալուց հետո «Զատիկի» երիտասարդ աղջիկներն ապրում են առանձին տանը, որտեղից Աննան դուրս է եկել ճերմակ հարսանեկան զգեստով ու գնացել իր ամուսնու տուն: «Մանկատան հետ կապված ամենավատ պահն էն էր, որ մանկատնից գնացի: Հարսանիքով եմ գնացել: 15 աղջիկ էր էդ տանը մնում, ու բոլորին սիրում էի: Շատ տխուր էր, չէի ուզում գնալ: Գնում եմ` ընտանիք կազմելու: Մեկ է` ինձ հետ եմ տարել հուշերը»: Աննայի ասելովՙ ողջ կյանքում ոչնչով չես կարողանում լրացնել ծնողական սերը, սակայն մի բան հաստատ է. ինչ էլ լինի, ոչ մի դեպքում, Աննան կյանքում իր երեխային չի հանձնի մանկատուն:
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ