ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ 2007 թվականից, արդեն 4-րդ տարին, ավանդաբար հունիսի 21-ին անց է կացնում «Երաժշտության տոն» ակցիանՙ մայրաքաղաքում եւ մարզերում:
Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրավիրված ասուլիսումՙ նախաձեռնությունը Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն է (1982 թ.), որը տարեցտարի առավել լայն տարածում գտնելով, այսօր արդեն բացօթյա կենդանի կատարումներով «Երաժշտության տոնի» գաղափարի շուրջն է համախմբում աշխարհի ավելի քան 110 երկրների պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողների: Եվ աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ամեն տարի հունիսի 21-ին նշում են «Երաժշտության տոնը»: Այդ միջոցառումների շարքը լավագույն առիթն է հանրության լայն շերտերին ընդգրկելու դրանցում: Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները ողողվում են բազմաժանր երաժշտական կատարումներով` դասական, երգչախմբային, ժողովրդական, ջազային, ռոք, էլեկտրոնային»:
Միջոցառումները կսկսվեն առավոտյան ժամը 11.30-ին եւ կշարունակվեն մինչեւ կեսգիշեր: Բացօթյա համերգներ կանցկացվեն «Անգլիական այգում» (ժ. 11:00-13:00), ՀՀ Ազգային ժողովի բակում (ժ. 18:00-ից), Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում (ժ. 20:00-ից):
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը տեղեկացրեց, որ Շառլ Ազնավուրի հրապարակում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ուժերով ժ. 21.00-ին կայանալու է ռոք համերգ, իսկ «Պողոսյան պարտեզներում» (Սիրահարների այգի) նույն ժամին ելույթ կունենան ֆրանսիայից ժամանած «Լավաշ» եւ «Օգրը դը բարբաք» ֆրանսիական էթնո-ջազ խմբերը: Մշակութային հարատեւ համագործակցության արդյունքն այն է, որ Հայաստանը յուրացրել է այս տոնը եւ արդեն չորս տարի է իրականացնում է: Այս տարի տոնին մասնակցելու համար Լիբանանից ժամանել է մեկ երաժշտական խումբ:
Բավականին հագեցած է լինելու նաեւ մարզային ծրագիրը: Հայաստանի 7 մարզերի շուրջ 24 քաղաքներում ու գյուղերում (Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք) կայանալու են համերգներ տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ