Աշխարհն անզո՞ր է սաստելու Արցախյան պատերազմում պարտված Ադրբեջանին
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Շփման գծում կրակոցները ու զոհերը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը, սառեցված որակվող հակամարտությունների պարագայում հաճախ են ապացուցում, որ նվաճվածի ու տուժածի հոգեբանության ակնհայտ դրսեւորումներ ունեցող երկրները, դրանց սուլթան-առաջնորդների նեղացած կեցվածքը կարող են «տաքացնել» հակամարտությունները: Եվ այդ պարագայում թքած, թե միջազգային իրավունք, հրադադար ու նման անվանումներ ունեցող ուրիշ թղթեր էլ են ստորագրվել այդ նույն առաջնորդների ձեռամբ:
Եվ այսպիսի իրավիճակում միջազգային հանրություն կոչվածը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահական եռյակը եւ այս շարքը համալրող ուրիշ կառույցներ ու պետություններ առավելագույնը, որ ասում են կամ կասեն, այն է, թե մարդկային կյանքն ամենաթանկն է:
Իհարկե, ու հաստատապես, մարդկային կյանքն ամենաթանկն է: Սակայն հիստերիայի ու դժգոհության միջավայրում թշնամանք սերմանող, քարոզող ու թշնամանքով գործող Ադրբեջանի պարագայում ավելի կարեւոր է ալիեւյան «սուլթանության» ամեն կերպ պահպանումը: Աստծո ամեն օր ադրբեջանական քարոզչամեքենան եթերից, տպագիր, նաեւ համացանցում օրը սկսում ու ավարտում է արտահայտությամբ, թե «այսօր ադրբեջանական հողերի օկուպացման NNNN-երորդ օրն է»:
Իսկ աշխարհն իբր «ջանք է թափում» լուծելու ղարաբաղյան հակամարտությունը...
Ադրբեջանին չսաստելու հետեւանքները
Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը հետեւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումից հետո Ադրբեջանի «հավերժ» նախագահ Իլհամ Ալիեւը հապշտապ վերադարձավ Բաքու: Տարբեր տեղեկություններով, ամենայն դժկամությամբ Պետերբուրգ մեկնած Ալիեւի դժգոհությունը չպակասեց նաեւ պետերբուրգյան հանդիպումներից հետո: Ամեն դեպքում, նախագահների եռակողմ հանդիպմանը հետեւած հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը չէր կարող հերթական «ստուգայցի» նման մի բան լինել:
«Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել եւ փորձել ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր: Պաշտպանության բանակի հակազեդցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ եւ կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքեր: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաեւ մենք, եւ ես ցավակցություններ եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին եւ հարազատներին», դեռեւս Պետերբուրգում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Ս.Պետերբուրգի համալսարանում կարճատեւ առանձազրույցից հետո` անդրադառնալով Ադրբեջանի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի շփման գծում ադրբեջանական զինուժի վերջին սադրանքին:
Պաշտոնական լրահոսի համաձայն, Սարգսյանն ասել է. «Այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետեւ տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն»: Ըստ նախագահի, ռազմատենչ հայտարարությունները, «սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետեւանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաեւ համանախագահների նկատմամբ»:
Հայաստանի նախագահը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում. «Մենք մեր նպատակից երբեւէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն , իր հերթին, անդրադառնալով Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի տեղեկությանը, նշել է. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում, ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի»: Նալբանդյանի խոսքերով, կարելի է ասել, որ դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը կազմակերպել է դիվերսիոն գործողություն: «Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում», ասել է Նալբանդյանը:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումներով հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:
Ադրբեջանական տարբերակ
Ադրբեջանում իրենց կարգավիճակով լուրջ ու ծանրակշիռ համարվող պաշտոնյաները վերջերս ինչ իրադարձություն էլ լինի, լուռ ու աներեւույթ մնալու հատկություն են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հանդես է գալիս համ նախագահի, համ ԱԳՆ ղեկավարի անունից: Ադրբեջանում կարծես ներկայացուցչական ճգնաժամ է...
Ինչեւէ, Պոլուխովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը «զինված» է, այլ ոչ սառեցված: «Այսպիսի բախումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ», ասել է Ադրբեջանի քաղաքական միակ «մեկնաբանը»:
Նախնական հայտարարությունների համաձայն, բախման վայրում մնացել էր մեկ ադրբեջանցի զինվորի դիակ: Սակայն երեկ ադրբեջանական լրատվամիջոցները «տեղեկացրին», թե իբր հայկական կողմից «կրկին խախտվել է հրադադարը»: Ըստ ադրբեջանցիների, հունիսի 21-ին, ժ. 00:45-ին Ֆիզուլիի շրջանում կրակոցներ են հնչել: «Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող», ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության համաձայն, Ադրբեջանից հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերով եւ դիպուկահար հրացաններով գնդակոծվել են Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Չեյիլ լեռ, Քենգեռլի, Բաշ Քարվենդ, Շխլար, Սեյսուլան եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Իսկ ադրբեջանական հայտարարությունները, թե այս անգամ էլ «հայերը կորուստներ են կրել», «Ազատության» փոխանցմամբ եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի վկայությամբ, չեն համապատասխանում իրականությանը: