«Այս նստաշրջանում անհնար է վերականգնել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը», Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկ մեկնարկած նստաշրջանից առաջ տված ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն:
Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԽԽՎ շրջանակներում ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելու ուղղությամբ Չավուշօղլուի նախաձեռնությունը, իր իսկ խոստովանությամբ, ներկա դրությամբ իրականանալի չէ: «Չեմ կարծում, թե այդ հարցի կենսագործումը տեղի կունենա այս նստաշրջանին: Բայց որպես ԵԽԽՎ նախագահ ես կհանդիպեմ ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպումներին կմասնակցեն մեկական խորհրդարանական յուրաքանչյուր պատվիրակությունից», ասաց Չավուշօղլուն:
Հետաքրքրական է, որ Չավուշօղլուն հավաստիացրեց, թե ինքն է խնդրել ԵԽԽՎ բյուրոյին որեւէ որոշում չկայացնել, քանի դեռ տեղի չի ունեցել հանդիպումը հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպումներին կհետեւի ԵԽԽՎ նախագահի հաշվետվությունը բյուրոյին, որից հետո էլ կորոշվի, թե ինչ անել:
Ստրասբուրգ Հայաստանից մեկնել են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Արծրունի Աղաջանյանը (ՕԵԿ) եւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ 34 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով վերաակտիվացնել դեռեւս 2005 թ. ընդունված 1416 բանաձեւի հիման վրա ստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը: ԵԽԽՎ բյուրոն կարող է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնման օգտին: Այդ դեպքում հայկական կողմը կարող է բոյկոտել ենթահանձնաժողովի գործունեությունը զրկելով դրան լիազորություններից:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ