«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ սփյուռքի եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների միջեւ երեկ ստորագրվեց 2010 թվականին համատեղ ծրագրերի անցկացման հուշագիր:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը կարեւորեցին համագործակցության ծրագիրը, որն իր մեջ ընդգրկել է բազմաբնույթ միջոցառումներ մայրենի լեզվի բաց դասեր զինծառայողների համար, զորամասերում արեւելահայերեն եւ արեւմտահայերենով գրական-երաժշտական միջոցառումներ, ստեղծագործող զինծառայողների աշխատանքներին նվիրված միջոցառումների կազմակերպում, «Հայկական բանակն իմ աչքերով» խորագրով զինծառայողների լավագույն ստեղծագործությունների հրապարակում, «Գարեգին Նժդեհ» մեդալով արժանավորների պարգեւատրում եւ այլն:

Իսկ այս տարի կրկին անցկացվող «Արի տուն» ծրագրի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կլինեն ճանաչողական այցեր զորամասեր, կանցկացվեն համատեղ ձեռնարկներ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի շրջանակներում ընդգրկված կլինեն ՊՆ-ի նվագախումբը, Սպայի տան «Զորական» եւ «Սարդարապատ» համույթները: Եվ հուլիսի 22-29-ը մարզերում ու ԼՂՀ-ում զորամասերի նվագախմբերը եւ ինքնագործ խմբերը կմասնակցեն միջոցառումներին: Հայոց բանակի զինվորները կմասնակցեն նաեւ շախմատի համահայկական երիտասարդական օլիմպիադային, որը կանցկացվի զորամասերում եւ բանակային կորպուսներում, կտեղեկանան «Մեր մեծերը» խորագրով անցկացվող ճանաչողական եւ մեծարման միջոցառումներին, ակտիվ մասնակցություն կունենան «Մեր հերոսները» համատեղ ծրագրի աշխատանքներին:

Մի խոսքով բանակը ակտիվ մասնակից է լինելու սփյուռքի նախարարության տարեկան մշակված ծրագրերին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4