Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-մայիս ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 8,8 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրիլիոն 16 մլրդ 842 մլն դրամ: Հատկանշական է, որ աճ է արձանագրվել նաեւ մայիսին ապրիլի համեմատՙ 14,3 տոկոսով:
Ըստ տնտեսության ճյուղերիՙ հետեւյալ ցուցանիշներն են արձանագրվել: Արդյունաբերությունում աճը կազմել է 12,1 տոկոս: Սակայն մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է անկում 6,3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մայիսին աճել է 14,6 տոկոսով, իսկ մայիսինՙ ապրիլի համեմատ, նվազելՙ 7,9 տոկոսով: Գյուղատնտեսությունն ունեցել է 0,9 տոկոս աճ, իսկ մայիսինՙ ապրիլի նկատմամբ, 54,5 տոկոս աճ: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 1,3 տոկոս աճ, իսկ մայիսինՙ ապրիլի համեմատ, 2,4 տոկոս անկում: Զգալիՙ 12,5 տոկոսով աճ է արձանագրվել շինարարությունում, իսկ մայիսինՙ ապրիլի համեմատ, այդ աճը ավելի քան կրկնակի է եղելՙ 109,9 տոկոս: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 6,8 տոկոս աճ, իսկ մայիսինՙ ապրիլի նկատմամբՙ 0,8 տոկոս անկում:
Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 34,5 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 776 մլն դոլար: Արտահանումը կազմել է գրեթե 364,1 մլն դոլար, դարձյալ արձանագրելով էականՙ 64,5 տոկոս աճ: Սակայն մայիսինՙ ապրիլի համեմատ, արտահանումը նվազել է 18,7 տոկոսով: Ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 411 մլն դոլար, աճելով 28,5 տոկոսով: Մայիսինՙ ապրիլի համեմատ, ներմուծման աճը կազմել է 4,5 տոկոս: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, այդուհանդերձ, շարունակել է խորանալ, կազմելով մոտ 1 մլրդ 47 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-մայիսին կազմել է մոտ 103 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 131 հազար դրամ, պետականումՙ 84 հազար դրամ: Հունվար-մայիսին գնաճը փոքր-ինչ նվազել է եւ կազմել 7,6 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակն ավելացել է 1,2 տոկոսով:
Այսպիսով, տնտեսական աճի ցուցանիշը շարունակել է բարձրանալՙ կազմելով 8,8 տոկոս, սակայն հիմնականում շինարարությունումՙ ճանապարհաշինություն, ջրագծեր եւ այլ, իրականացվող պետական ծրագրերի շնորհիվ: Մասնավոր շինարարության տեմպերը դեռ հեռու են նախաճգնաժամային վիճակին հասնելուց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ