Արվեստագետ Վահան Արծրունու շրջապատում չկա մեկը, որ կողմ կլինի կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը` օտարալեզու դպրոցների բացման կապակցությամբ: Թեպետ իր շրջապատում շատերն են ռուսական կրթություն ստացել, բայց դեմ են օտարալեզու դպրոցներին եւ տարօրինակ են համարում, որ հայկական կրթություն ստացած մարդիկ փորձում են խարխլել հայոց լեզվի հիմքերը: «Այս խնդիրը դարձել է ազգային եւ առաջացնում է հսկայական տարաձայնություններ մտավորականության շրջանում: Համոզված եմ, որ անկիրթ մարդը չի կարող գիտակցել, որ հիմա փորձում են խարխլել պետական, ազգային մտածողության եւ ազգային նկարագրի ամենահիմնական գաղափարախոսությունը»:
Եգչուհի Շուշան Պետրոսյանն էլ դեմ լինելով օրինագծին` ընդգծում է, որ դպրոցների բացումը քաղքենիություն է: «Եթե դպրոցում նորմալ ուսուցում լինի, ապա օտար լեզու էլ կսովորեն, բայց ի՞նչ է նշանակում դպրոցում առարկաներն անցնել օտար լեզվով: Դա անընդունելի է: Կարծում եմ դրան դեմ կլինի նաեւ Սփյուռքը: Ամեն ջանք գործադրում են հայկական դպրոցը պահպանելու, հայոց լեզու, գրականություն ու պատմություն դասավանդելու համար, իսկ այստեղ օտարալեզու դպրոց են բացում: Եթե կան միջոցներ, ապա դրանք պետք է ուղղվեն հայալեզու դպրոցների զարգացման համար: Ինչպե՞ս ենք բարձրաձայնում Հայոց ցեղասպանության հարցը, երբ լեզվական ցեղասպանություն ենք իրականացնում», «Ազգի» հարցին պատասխանեց երգչուհին:
Երգիչ Էդվարդ Զորիկյանն էլ անհասկանալի է համարում անկախության օրոք օտարալեզու դպրոցների բացման անհրաժեշտությունը: Երգահանը հաճախել է ռուսական դպրոց եւ իր խոսքերով գիտե` ինչ խնդիրներ դա կբերի: «Դպրոցը պետք է լինի մայրենի լեզվով: Հազիվ էինք մոռացել «ուգլավոյ մագազին», «օչերեդ», «կոլբաս» բառերը, հիմա նորից ռուսական դպրոցների ու մտածելակերպի էքսպանսիան սկսվելու է»:
Նրանք ու էլի բազմաթիվ արվեստագետներ պետք է մասնակցեին նախ ուրբաթ եւ հետո շաբաթ օրը կայանալիք «Համերաշխության համերգին», որ կազմակերպել էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը, սակայն քաղաքապետարանի անհեթեթ պատճառաբանությամբ այն արգելվեց: «Մերժման փաստաթուղթն անհիմն է, որովհետեւ հիմք է ընդունվել 22.04.2010 թ. «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտին Ադոյանի ներկայացված գրությունը: Քաղաքապետարանից խնդրում է արգելել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում զանգվածային միջոցառումներ անցկացնել: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կստացվիՙ մշակութային յուրաքանչյուր օջախի կամ օբյեկտի տնօրեն կարող է զանգվածային միջոցառում կատարելու հայցը մերժել: Ադոյանի գրությունն արդեն օրե՞նք է մեր հանրապետությունում», «Ուրբաթ» ակումբում ասաց Արայիկ Հարությունյանը ` հավելելով, որ որոշումը կբողոքարկեն համապատասխան ատյաններում:
«Անգամ արվեստի լեզվով մարդկանց խնդրի էությունը բացատրել չի թույլատրվում». այսպես բնութագրեց քաղաքապետարանի որոշումը Վահան Արծրունին: Նա վստահ է, որ հայ ժողովուրդը ռեֆլեքսով զգում է իր անվտանգությանն առնչվող խնդիրներն ու ժամանակին արձագանքում դրանց: «Նման դրսեւորումների ականտեսը եղել եմ: Պարզապես, պետք է փաստենք, որ դեռ ապրում ենք մի շրջանում, երբ գուցե որոշ տգետների որերորդ անգամ պետք է բացատրվի` ինչ է նշանակում ազգային դպրոց, հայոց լեզու եւ ազգային պետություն», ասաց նա:
Ի դեպ, երեկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ուր արգելվել էր Համերշախության համերգը, տեղի է ունեցել ռոք համերգ` նվիրված երաժշտության օրվա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ