«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼԸ ՃԱՌԱԳԻՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Գերմանախոս երկրների ճառագիրների միության նոր նախագահ է ընտրվել Վազրիկ Բազիլը: Մայնի Ֆրանկֆուրտում կայացած դաշնային ժողովում միության 40 անդամները միաձայն պաշտպանել են բեռլինաբնակ մեր հայրենակցի թեկնածությունը: «Ազգի» ընթերցողներին ծանոթ Վազրիկ Բազիլը հանրային հաղորդակցության խորհրդատու է: Նա Ճառագիրների միության 12-ամյա պատմության երրորդ նախագահն է: Միությունը հիմնադրվել է 1998-ին Բոննում: 460 ճառագիր եւ հեղինակ են անդամակցում միությանը Գերմանիայից, Ավստրիայից եւ Շվեյցարիայից:

Վազրիկ Բազիլը ծնվել է 1966-ին Մյունխենում: Տարրական կրթությունը ստացել է Թեհրանի Քուշեշ դպրոցում: 1981-85-ին հաճախել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1985-1987-ին իմաստասիրություն է ուսանել Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում, 1987-1989-ինՙ իմաստասիրություն եւ աստվածաբանություն սովորել Մյունխենի Հիսուսյանների համալսարանում, իսկ 1990-95-ինՙ իմաստասիրություն, աստվածաբանություն եւ գրականություն ուսումնասիրել Մյունխենի պետական համալսարանում, ավարտել է նաեւ Գովազդի եւ մարկետինգի բավարական ակադեմիան: 1995-98-ին Քյոլնի Գերմանահայոց առաջնորդարանի դիվանապետի պաշտոնն է կատարել, 1998-2003-ին գործավարի պարտականություններ կատարել Վիթթենբերգի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնում, 2003-2005-ին, ինչպես նաեւ այժմ ռեֆերենտի պաշտոնն է կատարում գերմանական Բունդեսթագում: Գերմաներեն մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ է: Հայերեն բանաստեղծությունները տպագրվել են «Գրական թերթ»-ում, Վենետիկի «Հայ ընտանիք» եւ Փարիզի «Յառաջ» եւ «Կայք» թերթերում, ինչպես նաեւ Երեւանում լույս տեսած «Սփյուռքահայ գրականություն» հատորում: 2009-ին Անթիլիասում «Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակի» մատենաշարով լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Առօրյան» առաջին հատորը:

Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը ջերմորեն շնորհավորել է Վազրիկ Բազիլինՙ նրան փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորագիրը: «Մեզ համար հպարտություն է, որ Գերմանիայում ունենք հայրենակից, որը ոչ միայն հրապարակային գործիչ է, այլեւ բազմաթիվ հրապարակախոսությունների ու գրքերի հեղինակ: Հուսով եմ, որ Ձեզ համար նոր հորիզոններ են բացվել Ձեր ընտրած մասնագիտությունն առավել տարածելու, նաեւ Հայաստանում մի շարք դասախոսություններ կազմակերպելու համար», համագործակցելու առաջարկով է եզրափակել իր ողջույնի խոսքը սփյուռքի նախարարը:

Վազրիկ Բազիլի հետ մեր հարցազրույցըՙ «Ազգի» առաջիկա համարներում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4