«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2010-06-18 | #113, 2010-06-19 | #114, 2010-06-22


ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանի ներկայացրած փաստերի համաձայնՙ նախորդ տարվա 4 ամսում անչափահասների շրջանում հանցագործությունների թիվն աճել է 28-ով: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում կատարվել էր 92 հանցագործություն, ապա այս տարի գրանցվել է 113 դեպք: Սպանության դեպքեր չեն արձանագրվել, սակայն ավելացել է նոր հանցատեսակ` թղթադրամի կեղծում: Հոգեբան Դավիթ Ամիրյանի եզրակացությամբՙ անչափահասների շրջանում հանցագործությունների հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է: Այդ կարծիքին նա հանգել է` ուսումնասիրելով հանցագործությունների տեսակները: «Նվազագույն պահանջմունքը չի բավարարվում, սոված են, տուն չունեն, տաք չէ»:

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի մեկնաբանությամբՙ անչափահասի դաստիարակության սխալ սկիզբը դրվում է ընտանիքում, հետոՙ դպրոցում եւ հասարակությունում: Երեխայի դաստիարակության համար առաջնահերթ նշանակություն ունեն ընտանիքն ու ծնողների կերպարները, սակայն երեխա-ծնող հարաբերություններում էլ կրկին առկա է սոցիալական պատնեշը: Փորձելով լուծել կենցաղային սոցիալական հարցերՙ ծնողները երեխաների դաստիարակությամբ քիչ են զբաղվում, եւ ծնողի «ժամանակ չունեմ»-ի բացը երեխան լրացնում է փողոցում կամ ինտերնետ ակումբներում:

Հոգեբանի խոսքերովՙ երեխայի վրա բացասաբար են անդրադառնում հեռուստատեսությունը, ինտերնետային խաղերը, սոցիալական ծանր պայմաններն ու ընտանիքում առկա բռնությունը: «Հաճախ երեխաներն ընկնում են ծայրահեղության մեջ: Ծնողներն այլ բան են դաստիարակում, սակայն հեռուստատեսությամբ այլ բան է տեսնում: Հետո իջնում է փողոց ու նկատում անպատժելիություն, անօրինականություն: Առաջանում է հակասություն, եւ հաճախ երեխան չի կարողանում ճիշտ կողմնորոշվել», ասաց նա «Հայելի» ակումբում:

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներինՙ լինել առավել ուշադիր: Հատկապես անցումային շրջանում գտնվող երեխաների հետ շատ զրուցել: «Նրանց մեջ բարին, չարը, լավն ու վատը ձեւավորված չեն: Պետք է բացատրել, ներկայացնել խնդրի բոլոր կողմերը: Եթե ընտանիքում ու դպրոցում նրան դաստիարակում են որպես քաղաքացու բոլոր դրական կողմերով, եւ նա փողոցում հանդիպում է բացասականի, ապա հավանականությունը մեծ է, որ նրա վրա փողոցային վատ կյանքն ազդեցություն չի թողնի»:

Կալանավայրում հայտնված անչափահասներն էլ հետագայում դժվարությամբ են ինտեգրվում հանրությանը. մեղավորը հանրային կարծիքն ու հասարակության վերաբերունքն են: Հոգեբանի ներկայացրած սոցիոլոգիական հարցման արդյունքի համաձայնՙ «Ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե ձեր հարեւանը լիներ նախկինում դատված» հարցին հասարակության 80 տոկոսը բացասական պատասխան է տվել: «Այս պարագայում մենք նրան անտեսում ենք, կոտրում եւ ստիպում չարանալ ու բարկանալ: Փակում ենք բոլոր դռներն ու նա հայտնվում է փակուղում»:

Հասարակության բացասական վերաբերմունքը կալանավորների հանդեպ համամարդկային խնդիր է, սակայն, ի տարբերություն արտասահմանի, Հայաստանում պետական որեւէ մակարդակով չեն լուծվում անչափահաս հանցագործների խնդիրները: «Պետությունը պետք է նրանց հովանավորի: Եթե անչափահաս տղան երկու տարի գաղութում է անցկացրել, չի նշանակում, որ նա այլեւս ապրելու, սիրելու, աշխատելու իրավունք չունի: Այլ պետություններում գաղութից հետո օգնում են գոնե միջնակարգ կրթություն ստանալ, որեւէ արհեստ սովորել, մինչդեռ Հայաստանում դա արվում է ցածր մակարդակով` հասարակական կազմակերպությունների` գրանտային ծրագրերի միջոցով»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4