Այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` այցով Բեռլինում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում: «Հակամարտության կարգավորումը հսկայական նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար, եւ մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերինՙ ուղղված ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը», նշել է Մերկելը: Իր հերթին Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Բեռլինին` «Հարավային Կովկասի նկատմամբ հավասարակշիռ քաղաքականության եւ աճող հետաքրքրության, ինչպես նաեւ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար»: Երկու երկրների ղեկավարները անդրադարձել են նաեւ երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների տրամադրման կարգը հեշտացնելու գործընթացին, ինչպես նաեւ հայ-թուրքական գործընթացի ներկա փուլին:
Հ. Ա.