Չայլուի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ իր «տեսակետն» է ներկայացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդմ, հայտարարությունները, որ արել է հայկական կողմը, գրեթե նույնությամբ կրկնել է ադրբեջանական կողմը` մեկնաբանությամբ, թե «Հայաստանն այսպես է դուրս գալիս փակուղուց»: Ցավալի այս իրավիճակում զավեշտի աստիճան ծիծաղելի է, որ ադրբեջանական կողմը իր խոսքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշում է, թե Հայաստանի նախագահն է իր հայտարարություններով տեղիք տվել վստահ լինելու, որ «հրաման է տրվել խախտելու հրադադարը»:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանական չինովնիկները կա՛մ ադրբեջաներեն չգիտեն, կա՛մ էլ լսողության համատարած խնդիր ունեն: Այլապես պատերազմից խոսող ու ռազմական գործողություններով սպառնացող հայտարարություններ անողի անունը գոնե ճիշտ կնշեին, քանի որ Ադրբեջանի «փոքրիկ իշխան» Ալիեւ կրտսերի բառապաշարն ու միտքն է միայն ռազմական լուծումից խոսում:
Եվ սրա կողքին տեղեկություններին չհետեւելու կամ էլ, որ ավելի ճիշտ է, հերթական սուտը թելելու պատճառով ադրբեջանցի չինովնիկները մոռանում են, որ Հայաստանը որեւէ պարագայում չի բարձրացրել հակամարտության ուժային լուծման ընդունելի լինելու հարցը, այլ, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բազմիցս խոսել է խաղաղ լուծման ընդունելիության մասին:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է «ուժեղացնեն ճնշումը Հայաստանի վրա, հակառակ դեպքում շփնման գծում տեղի ունեցող բախումները կարող են, վերջնական առումով, հանգեցնել պատերազմի տարածաշրջանում»:
Եթե մեր տարածաշրջանի գոնե մեկ կարեւոր խաղացող ժամանակին ու տարբեր առիթների դեպքում պատերազմից խոսող Ադրբեջանին ստիպեր լռել ու հանդարտվել, լկտիության այս աստիճանն ունեցող կեղծիքները չէին դառնա առօրեական: Իսկ կրկին հնչող սպառնալիքը, թե Ադրբեջանը կգնա պատերազմի, պետք է որ պապանձված միջազգային կառույցների համար հստակ ազդակ լինի` Ադրբեջանին «խաղաղության պարտադրելու համար»: Բայց ո՞վ...
Ա. Հ.