Երբ անցյալ տարի ԱՊՀ երկրներից առաջինը Ղազախստանը ստանձնեց ԵԱՀԿ-ում նախագահությունը, որոշ հույսեր արթնացան` կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անձամբ հայտարարեց, որ «Ղազախստանըՙ առավել քան որեւէ այլ երկիր, լինելով մոտ հակամարտող երկրներին, քաջատեղյակ է կոնկրետ ղարաբաղյան հակամարտությունից եւ ամեն ինչ անելու է հակամարտության լուծման համար` ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամկետում»:
Տարածաշրջան այցելած ղազախ արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը ինչպես Երեւանում` հանդիպելով Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներին, այնպես էլ Բաքվում` ունենալով համապատասխան հանդիպումներ, հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն` «Ղազախստան նախագահով», ամեն ջանք կգործադրի խնդիրը լուծելու: Սակայն խնդրի լուծումը, փաստորեն, թյուրքախոս Ղազախստանը բավական միակողմանի է պատկերացնում. նախ կրկին վերհիշենք Դուշանբեի հռչակագիրը, որտեղ, ի թիվս այլ մուսուլմանական երկրների, Ղազախստանը նույնպես որեւէ առարկությամբ հանդես չեկավ` Հայաստանին ագրեսոր ճանաչելու որոշման դեմ: Բացի այդ, Աստանա սկսեցին պարբերաբար այցելել Մինսկի խմբի համանախագահ դառնալու մեծ երազանք ունեցող Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաներ, նույնիսկ նախագահ Աբդուլլահ Գյուլը: Բնականաբար Ղազախստանի մայրաքաղաքում թուրք պաշտոնյաները խոսեցին Ղարաբաղի հարցի մասին, թե պետք է շուտափույթ լուծում, թե շատ կարեւոր է, որ այդ լուծումը գտնվի ամենամոտ ապագայում, իսկ ասելով «ամենամոտ ապագա»ՙ թերեւս նկատի է առնվում թյուրքախոս Ղազախստանի նախագահության ժամկետը ԵԱՀԿ-ում:
Այս ամենին զուգահեռ, Աստանան շարունակում է անկողմնակալության երաշխիքներ տալ, սակայն դրանք կրում են բացառապես հայտարարությունների տեսք: Իր գործողություններում, սակայն, ԵԱՀԿ գործող նախագահող երկիրն առիթը բաց չի թողնում Անկարային ներս խցկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց: Այսպես` այս օրերին Աստանայում է հերթական թուրք բարձրաստիճան պաշտոնյան. արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հունիսի 21-ին վերջինս հանդիպեց իր ղազախ գործընկերոջը` Կանատ Սաուդաբաեւին: Հանդիպումից հետո Սաուդաբաեւը նշել է. «Բնականաբար մենք չէինք կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, լուրջ ջանքեր ենք գործադրում, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ Թուրքիայի մասնակցությունը դրանց կարգավորման հարցում շատ կարեւոր է»: Ի պատասխան Դավութօղլուն նշել է. «Մենք քննարկեցինք այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան հակամարտության լարվածությունը թուլացնելու համար: Կարծում եմ` այս տարին եվրասիական տարածքում կարելի է անվանել Ղազախստանի եւ Թուրքիայի տարի: Երկու եղբայրական երկրները շարունակելու են համատեղ ջանքերը կայունության, խաղաղության եւ հանգստության համար», եզրափակել է Դավութօղլուն:
Տարօրինակ է, որ ԵԱՀԿ գործող նախագահող երկրի արտգործնախարարը ղարաբաղյան հակամարտությունը համարում է «սառեցված»: Այս վերջին որակավորումը տալիս են այն հակամարտություններին, որտեղ, նախ, չկան ռազմական գործողություններ, երկրորդը` բանակցային գործընթացը մեծ ընդմիջումներով է առաջ ընթանում կամ առհասարակ չի ընթանում: Իսկ Ղարաբաղի պարագայում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կան պարբերական շփումներ` հակամարտող կողմերի միջեւ, եւ, ցավոք, կան նաեւ շարունակական ռազմական գործողություններ` հրադադարի պայմանների հաճախակի խախտումներ` հարեւան երկրից: Հետեւաբար` անվանել ղարաբաղյանը «սառեցված» հակամարտություն, մեղմ ասած, կնշանակի` հարցի անտեղյակություն, որը, անշուշտ, պատիվ չի բերում ԵԱՀԿ գործող նախագահողին: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները, այդ երկրների տարբեր պաշտոնյաներ չեն հոգնում կրկնելուց, որ ղարաբաղյան հակամարտությամբ «զբաղվում է» բացառապես Մինսկի խումբը, հետեւաբար Ղազախստանի հրավերը Անկարային չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ֆրանսիայի շահերից: Ինչ հետեւանքներ կունենա Ղազախստանի նմանօրինակ «կառուցողականությունը», ցույց կտա ժամանակը, սակայն հիմա արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ նախագահող երկրի կարգավիճակում Աստանայի քայլերն արդյունավետ չեն խիստ միակողմանի լինելու պատճառով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ