Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ է իր պաշտոնավարման ընթացքում Գերմանիա այցելում: Հարավային Կովկասի քրիստոնյա փոքրիկ երկրի ղեկավարը հույս է տածում, թե Գերմանիան կօգնի, գերմանական «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» օրաթերթի հունիսի 22-ի համարում գրում է dpa-ի լրագրող Ուլֆ Մաուդերըՙ Երեւանից:
«Հայաստանի նախագահը աջակցություն է ակնկալում» վերնագրյալ իր հոդվածում այնուհետեւ կարդում ենքՙ Երեւանի Սիրահարների այգուն դիմահայաց նախագահական իր նստավայրում Սերժ Սարգսյանը Գերմանիայի հետ հարաբերությունների մասին գովեստով է խոսումՙ դրանք «լավ» որակելով, նշելով նաեւ վերջերս Գերմանիայում վերապատրաստված հայ զինվորներիՙ գերմանական բանակի շարքերում Աֆղանստանում ծառայությունը: Գերմանիան ԱՄՆ-ից հետո ամենամեծ դոնորն է Հարավային Կովկասի աղքատացած այս երկրի համար: Հիմա մեր հարաբերություններն ավելի պիտի սերտանան, ասում է Սարգսյանըՙ հունիսյան շոգ այդ օրը: «Նպատակ ունենք այնպես ապրել, ինչպես Եվրոպայում», ընդգծում է 55-ամյա Սարգսյանը: Նա գիտի, որ դա հեռակա նպատակ է: Նրա երկրի քաղաքացիները տառապում են ոչ միայն կոռուպցիայից ու պաշտոնյաների կամայականություններից: «Մեր ժողովրդավարական կառույցները թերզարգացած են: Բազմաթիվ ոլորտներում մարդու իրավունքները ոտնահարվում են: Մեր ընտրական համակարգը խնդիրներ ունի: Այս բոլորը ոչ ոք ինձանից ավելի լավ չգիտի»: Բայց Հայաստանն իր տնտեսությունը ու ժողովրդավարությունը զարգացնելու կամք ունի:
1988-ի ահեղ երկրաշարժի եւ Ադրբեջանի պահանջած Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքները դեռ շոշափելի են: Մոտ 7 միլիոն հայկական ծագմամբ Սփյուռքը ամուր թիկունք է կանգնում երկրին, բայց դա էլ բավարար չէ հազիվ երեք միլիոն կազմող բնակչության համար: Սարգսյանին հաջողվում է վերջիվերջո նորից Հայաստանը աշխարհի հանրության ուշադրությանը ներկայացնել: Ոչ միայն այն պատճառով, որ նա անզիջում ձգտում է ԼՂ անկախության ճանաչմանը: Սարգսյանի պայքարը նաեւ 1915-ին Օսմանյան կայսրության հայերի դեմ թուրքական ջարդերը որպես ցեղասպանություն աստիճանավորելն է: Շատ երկրներ են սա ընդունել, բայց Գերմանիանՙ դեռեւս ոչ, հավանաբար նաեւ իր թուրքական ուժեղ փոքրամասնության պատճառով: Ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ ղարաբաղյան չլուծված խնդիրը հանգեցրին նրան, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանՙ Սարգսյանի երկար ձգտումը չկայացավ: Թեեւ նա հետագայում էլ մերձեցման ցանկություն ունի, բայց Անկարայի ներկայիս ղեկավարության հետ սա շատ դժվար է, ասում է ՀՀ նախագահը: Նախ եւ առաջ դեռ փակ է հարեւանի հետ սահմանըՙ Հայաստանի համար կարեւոր առեւտրային ուղին: Սարգսյանը այժմ պիտի բացատրի Մերկելին, թե քրիստոնյա Հայաստանը իսլամ հարեւաններիցՙ Թուրքիայից եւ Ադրբեջանից որքան սպառնալիք է զգում եւ էսկալացիայի դեմ Արեւմուտքն ինչ կարող է անել:
Սարգսյանիՙ իբր մեքենայություններով անցած ընտրության դեմ արյունոտ անկարգություններից երկու տարի անց Երեւանն այսօր ներկայանում է որպես գործունյա մայրաքաղաք: Վարչապետ Սարգսյանը մոտավորապես ԵՄ խորհրդատուի է ունկնդիր լինում կառավարության ապարատը նորացնելու հարցում: Որոշ տվալներովՙ բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ կարող են Հայաստանում ազատ աշխատել: 2008-ին նախագահական ընտրություններում պարտված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս խոսում է Սարգսյանի ղեկավարման լեգիտիմության մասին: Նա վկայակոչում է արեւմտյան դիտորդներիՙ ժամանակին հայտնաբերած մեծ ընտրախախտումները:
«Ոչ մի օրենք չի պաշտպանում մեր քաղաքացիներին, ոչ մի օրենք չի պաշտպանում գործարարությունը: Դատարանները իշխանություն ունեցողի ձեռքում են: Չկա անկախ հեռուստակայան», զրույցի ժամանակ ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փողոցում հանդիպած մարդկանցից նորից ու նորից ես լսում, թե ուզում են առաջընթաց տեսնել:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասում է, որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ ժողովրդավար չէ: Օլիգարխների ուժեղ ազդեցությունը կրող տնտեսությունը եւ հավաքների ազատության ոտնահարումը նաեւ մտայնության (մենթալիտետ) ու մշակույթի խնդիր են, ասում է Հարությունյանը: Մինչեւ իսկական ժողովրդավարություն դեռ շատ երկար ճանապարհ կա:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա