«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2010-06-19 | #114, 2010-06-22 | #115, 2010-06-23


«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ»-Ի ԶՈՅԳ ՅՈԲԵԼԵԱՆՆԵՐԸ

Յունիսի 18-ին Բէյրութի Հայկազեան համալսարանի նիստերի սրահում տեղի ունեցաւ համալսարանի հայագիտական ամբիոնի գիտական հրատարակութեանՙ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի հերթականՙ 30-րդ հատորի շնորհանդէսը: Այն միաժամանակ համընկնում է հանդէսի հրատարակման 40-ամեակի հետ:

Միջոցառումը վարում էր հանդէսի պատասխանատու քարտուղար, բանասէր Անդրանիկ Տաքեսեանը, որը ներկայացրեց հրատարակութեան անցած ուղին: 1970 թուականին լիբանանահայ վաստակաշատ մտաւորական, պատմ. գիտ. դոկտ. Երուանդ Քասունին հիմնել է «Հայկազեան հայագիտական հանդէս»-ը: Այն դարձել է Միջին Արեւելքի միակ ամէն տարի հրատարակուող հայագիտական հրատարակութիւնըՙ համախմբելով հիմնականում Սփիւռքի հայ եւ այլազգի մտաւորականներին: Հանդէսի հրատարակութիւնը որոշ ժամանակ դադարել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով:

Հայագիտական հրատարակութիւնների մէջ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ն առանձնանում է հայագիտութեան ըմբռնման լայնութեամբՙ ներառելով հայ իրականութեանն առնչուող բոլոր բնագաւառները, իր էջերում հրատարակելով նիւթեր չորս լեզուներով (հայերէն, անգլերէն, ֆրանսերէն, արաբերէն), նաեւ համախմբելով հումանիտար բնագաւառներում աշխատող երիտասարդ ուժերին:

Խմբագարական կազմի անդամ դոկտոր Արշալոյս Թոփալեանն ընթերցեց ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութեան շնորհաւորագիրը «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի կրկնակի յոբելեանների առթիւ: Այնուհետեւ խօսք առաւ հանդէսի խմբագրական կազմի անդամ, բանասէր Արմէն Իւրնեշլեանը, որը լուսանկարներով ներկայացրեց հանդէսըՙ կենտրոնանալով շնորհանդէսների վրայ, որից յետոյ ելոյթ ունեցաւ հիւր բանախօսըՙ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի հայաստանեան ներկայացուցիչ Արծուի Բախչինեանը, Վերջինս հանդէս եկաւ «Արտասահմանի հայագիտութիւնը եւ Հայաստանը. «Հայկազեան հայագիտական հանդէս»-ը Հայաստանում» թեմայով զեկուցմամբ: Նա մասնաւորապէս ներկայացրեց 2000 թուականից ի վեր հայրենի հայագիտական շրջանակներում իր կատարած աշխատանքը: «Հայկազեան հայագիտական հանդէսը» սփիւռքահայ միակ հրատարակութիւնն է, որն ունի իր մշտական ներկայացուցիչը Հայաստանում եւ որը հետեւողականօրէն շնորհանդէսներ է կազմակերպում այնտեղ (Երեւան, Գիւմրի, Ստեփանակերտ): Ելոյթներ ունեցան նաեւ Հանդէսի աւագագոյն աշխատողըՙ պատասխանատու խմբագիր հայր Անդրանիկ ծայրագոյն վարդապետ Կռանեանը եւ Հայկազեան համալսարանի նախագահ վերապատուելի Փօլ Հայդոսթեանը, որոնք նոյնպէս արժեւորեցին Հանդէսի կատարած աշխատանքը Միջին Արեւելքում եւ առհասարակ սփիւռքահայ իրականութեան մէջ:

Հանդէսի 30-րդ հատորն աննախադէպ է իր ծաւալով եւ բովանդակութեամբ: Դասական հայագիտական յօդուածների եւ հաղորդումների կողքին առկայ են հայագիտութեան համար միանգամայն նորութիւն նկատուող ուսումնասիրութիւններ: Հանդէսի հայագիտական ոլորտն ընդգրկում է բանահիւսութիւնը (Ալվարդ Ջիւանեանՙ «Երկնքից ընկաւ երեք խնձոր». հայկական հեքիաթի աւարտի բանաձեւերը»), դրամագիտութիւնը (Եղիա Ներսէսեանՙ «Լեւոն Ա. թագաւորին քառորդ երկրդամներն ու բիլլոնները»), հին գրականութիւնը (Հենրիկ Բախչինեանՙ «Հայ առաջին օրհներգուները»), նոր գրականութիւնը (Քնարիկ Աբրահամեանՙ «Առարկայական խորհրդանշապաշտութիւն. Զարեհ Խրախունինՙ շարժման ակունքներում»), պատմութեան տարբեր շրջանները (Գէորգ Ստեփանեանՙ «Համառօտ ակնարկ Շամախի քաղաքի հայութեան պատմութեան եւ հայ կրթարանների վրայ (ԺԹ. դար)», Սամուէլ Պօղոսեանՙ «Հայկական բարեգործական ընդհանուր միութեան հիմնադրման հանգամանքները», Աւետիս Յարութիւնեանՙ «Ազգագրական, բանասիրական եւ պատմա-հնագիտական հետազօտութիւնները Վան-Վասպուրականի տարածքում 1910-1917-ին»), հայ գաղթավայրերը եւ Սփիւռքը (Տիգրան Բաղումեանՙ «Սէյդաբադի հայոց եկեղեցին եւ նշանաւոր մի քանի գերեզմանները», Արծուի Բախչինեանՙ «Ալբանիայի հայերը եւ հայ-ալբանական առնչութիւններ», Զաւէն Մսըրլեանՙ «Հայոց մասնակցութիւնը Էմիլ Լահուտի (1998-2007) նախագահութեան ժամանակաշրջանի Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն»), հայոց ցեղասպանութիւնը (Վարուժան Պօղոսեանՙ «Համիտեան կոտորածները Ի. դարի սկզբի ֆրանսիական պատմագրութեան քննական լոյսի ներքոյ»), մանրանկարչութիւնը (Աւետ Աւետիսեանՙ «Փրկագործական թեման Զաքարիա Աւանցու մանրանկարներում»), կիրառական արուեստը (Վարդի Քեշիշեանՙ «Հալէպի Գանձատան սրբազան մասունքներն ու մասնատուփերը»), երաժշտութիւնը (Նաթալի Յարութիւնեանՙ «Ակնարկ երաժշտագէտ-մանկավարժ Հեղինէ Քացախեանի կեանքի եւ գործունէութեան», Ծովինար Մովսիսեանՙ «Ստեղծագործողի հաւատամքը»), բալէտագիտութեանը (Նազենիկ Սարգսեանՙ «Աշոտ Ասատուրեան (1937-1999). ստեղծագործական դիմանկար»), շարժանկարը (Սիրանոյշ Գալստեանՙ «Այլաբանութեան անցած ուղին հայկական խաղարկային կինոյում»):

«Քննարկումներ» բաժնում տեղ են գտել Արսէն Շահինեանի «Արմինիյա արաբական նահանգի սահմաններն ու վարչատարածքային բաժանումը ըստ արաբագիր սկզբնաղբիւրների», Վաչագան Գրիգորեանի «Նիբելունգների երգը հայերէն» եւ Եղիկ Ճերեճեանի «Երիտթուրք-հայ յարաբերութիւնները եւ օսմանեան ընդդիմադիր ուժերու առաջին խորհրդաժողովը» նիւթերը:

Հետաքրքրական եւ նոյնպէս հարուստ է «Հրապարակումներ» բաժինը, որտեղ ընդգկուած են Միհրան Մինասեանի «Աբրահամ արք. Քիւբէլեան-Եկէնեանի զոյգ բանաստեղծութիւններըՙ նուիրուած Հալէպի 1813-ի ժողովրդական ապստամբութեան», Վաչէ Ղազարեանի «Էջեր ՀԲԸՄիութեան տարեգրութենէն», Վարդան Մատթէոսեանի «Կոստան Զարեանի նամակները Արշակ Չօպանեանին (1922-1931)», Գրիգոր Օրդոյեանի «Դերասանի վարպետութեան հիմունքների առաջին հայերէն ուսումնական ձեռնարկը» եւ Մելանիա Եղիազարեանի «Զապէլ Պօյաճեան. Նամակներ» նիւթերը:

«Գրախօսականներ» բաժնում ներկայացուած են երկու գիրքՙ ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի հրատարակած Աշոտ Մուրադեանի կազմած «Հայ նուագարանային երաժշտութիւն. պարեղանակներ» եւ Արամ Քոչարեանի «Հարկանային եւ շնչական նուագարանները Հայաստանում» հատորները (գրախօսՙ Մարգարիտ Սարգսեան), ինչպէս նաեւ Հայկ Դեմոյեանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթութիւնը Օսմանեան կայսրութիւնում» գիրքը (գրախօսՙ Արծուի Բախչինեան):

Նշենք նաեւ, որ հանդէսում հրատարակուած նիւթերից հինգն անգլերէն ենՙ Մուհամմեդ Մալէք Մոհամմադի եւ Մետդի Ջաֆարզադէՙ «Անունների յոլովումը «Ավեստայում» եւ գրաբարում», Կոռնէլ Նադյի (Հունգարիա) «1693-ի Fidelis Relatio փաստաթուղթը եւ Տրանսիլվանիայի հայերը (յուշագիր Տրանսիլվանիայի հայ եկեղեցու պատմութեան)», Մաթիաս Բեորնլիւնդՙ «Ատանան եւ նրանից անդին. 1908-1909 Օսմանեան կայսրութեան մէջ յեղափոխութիւն եւ ջարդարարութիւն դանիացիների աչքերով», Վահրամ Շեմմասեանՙ «Մուսալեռցի պանդուխտների ընկերային եւ տնտեսական վիճակը Միջին Արեւելքում 1920-30-ական թթ.», Միրվաթ Ալ-Սիբաիիՙ «Լիբանանահայերի գենետիկ առնչութիւնները. առաջին փորձ», երկուսնՙ արաբերեն (Նորա Արիսեանՙ «Հայոց ցեղասպանութիւնը սուրիական վտարանդիական մամուլին մէջ», Տաատ ՊուՄալհապ Աթալլաՙ «Ժամանակակից հայկական պետութիւնը միջազգային աշխարհագրաքաղաքականութեան մէջ»):

«Մահագրութիւն» բաժնում ընդգրկուած են 2010-ին մեզնից հեռացած հայագէտների եւ հայագիտութեամբ զբաղուած գիտնականների կենսագրականներ (Նայիմ Էլ-Եաֆի, Վառլամ Մարտիրոսեան, Էմմա Կորխմազեան, Գրիգոր Շահինեան, Արմէն Հախնազարեան, Կարէն Իւզբաշեան եւ Հենրիկ Իգիթեան):

Լայն է նաեւ հանդէսի այս հատորի հեղինակների աշխարհագրութիւնըՙ Լիբանանից եւ Հայաստանից բացիՙ Սիրիա, ԱՄՆ, Ռուսաստան (Սանկտ-Պետերբուրգ), Հունգարիա, Դանիա եւ Իրան:

«Հայկազեան հայագիտական հանդէս»-ի հատորները տրամադրելի են Երեւանի հանրային գրադարաններում եւ գիտական կենտրոններում:

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ, Բէյրութ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4