Մշակույթի զարգացման բնականոն ընթացքը պայմանավորված է նաեւ անցյալի արժեքային համակարգի, դրա ստեղծող-կրողների հաջորդական շղթայի պահպանմամբ: Այդ անցյալի երախտավորներից կան, իհարկե, հանիրավիՙ եթե ոչ մոռացության, համենայն դեպս արժանի ճանաչման չարժանացածներ, որոնց ստեղծագործությունների ուսումնասիրումն ու հանրայնացումը ոչ միայն պարտք, այլ նաեւ մեզ ու հաջորդ սերունդների համար անհրաժեշտություն է:
Մեծն Կոմիտասի աշակերտ, ռոդոստոցի մեր տաղանդավոր հայրենակից Բարսեղ Կանաչյանի անունը 1964-ից հետո միայն Հայաստանում լսվեց: Մեր երաժշտական կյանքում Կանաչյանի արվեստը ճանաչելի դարձավ Անահիտ Ցիցիկյանի շնորհիվ, որը տաղանդավոր ջութակահար լինելուց բացի երաժշտագետ էր եւ նաեւ ինքնակամ առաքելություն ստանձնածՙ հայ երաժշտարվեստին էր վերադարձնում մոռացության մատնված, կամ նոր, անհայտ անուններ: 1963-ին Բաղդադում կոմպոզիտորի հետ ջութակահարուհու հանդիպումը սկիզբ է դնում Կանաչյանի արվեստի ուսումնասիրմանն ու տարածմանըՙ չնայած խորհրդային կուսակցական գաղափարախոսական արգելքներին, Անահիտ Ցիցիկյանին հաջողվում է քսանից ավելի հոդվածներ տպագրել ժամանակի մամուլում, որոնք նպաստեցին Կանաչյանի ստեղծագործությունների տարածմանը:
Այս տարի լրանում է երգահանի ծննդյան 125-ամյակը, եւ այդ առիթով «Ազգի» պատվերով մեր թերթում տպագրվեց երաժշտագետ Լուսինե Սահակյանիՙ Կանաչյանի ստեղծագործական կյանքը ընդհանուր գծերով ներկայացնող հոդվածը (12 հունիս, 2010 թ.), որտեղ հեղինակը նշում է նաեւ, որ կոմպոզիտորի գործունեությունն ու արվեստը «պատշաճ կերպով ներկայացված չեն» եւ հույս է հայտնում, թե այդ բացը կլրացնի արդի հայ երաժշտագիտությունը (հրապարակման մեջ ակնարկված չէ Անահիտ Ցիցիկյանի հոդվածները):
2000 թվականին Երեւանի թիվ 17 երաժշտական դպրոցի անվանակոչումը Բարսեղ Կանաչյանի պատվին, կարծում ենք, նրա ստեղծագործությունների հանրայնացման գործում, նշանակություն ունեցել է եւ ունի: 2003թ., երբ Արմինե Մուրադյանը ստանձնեց դպրոցի տնօրենությունը, այստեղ սովորում էր 98 աշակերտ: Մեկ տարի անց ուսումնական ծրագրերի եւ բաժինների ընդլայնմանը զուգահեռ կրթարանը վերակազմավորվեց արվեստի դպրոցի. երաժշտականին կից արդեն ձեւավորվել էին նկարչական, պարարվեստի, թատերական բաժիններ, բացվեցին ժող. նվագարանների նոր դասարաններ (ուդ, թառ, քյամանչա, դհոլ, դուդուկ, ակորդեոն եւ այլն), երաժշտական ավանդական բաժինները (լարային, դաշնամուրային) համալրվեցին (վոկալՙ դասական, ժողովրդական, էստրադային), 2005-ին կազմավորվեց ժող. գործիքների համույթըՙ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ:
Այժմ դպրոցն ունի 286 աշակերտ: Վերջին տարիներին քառորդդարյա կենսագրությամբ դպրոցի ավանդույթներն ավելի հարստացել եւ արդիականացել են: Շատ կարեւոր է տնօրենի եւ մանկավարժների ակտիվ ջանքերն ու նվիրումըՙ ստեղծագործական մթնոլորտ ձեւավորելու, որը, անշուշտ, բարերար ազդեցություն է ունենումՙ սովորողների ոչ միայն մասնագիտական կրթությունը, նաեւ գեղագիտական ճաշակը զարգացնելու եւ հղկելու: Անվանի երաժիշտների հետ հաճախակի հանդիպումները, նրանց կողմից տրվող վարպետաց դասերը, հոբելյանական միջոցառումները, դպրոցական համերգային ծրագրերը, թատերական ներկայացումները, ցուցահանդեսները երեխաներին պահում են արվեստի, գեղեցիկի միջավայրում: Նման ստեղծագործական աշխատանքները, իհարկե, իրենց պտուղները չեն կարող չտալ, որի դրսեւորումները հանրապետական եւ միջազգային տարբեր մրցույթ-փառատոններին սաների մասնակցությունն ու դրանցում բազմաթիվ մրցանակների, պարգեւների արժանանալն է:
Այդ նվաճումների շարքում հիշատակման է արժանի Գյումրիի «Վերածնունդ» 2010 թ. միջազգային փառատոնինՙ դպրոցի սաների ստացած երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալները, նրանցից Էլեն Թագմիզյանը (դասատու Նատալյա Սոսինյան) «Դաշնամուր» անվանակարգում միակ ոսկե մեդալակիրն էր, իսկ դասական վոկալ անվանակարգում Հովհաննես Խաչերյանն էր (դասատուՙ Նարինե Թովմասյան) առաջինը: Դպրոցի սաները հաջողություններ են արձանագրել նաեւ «Իզաբել» հանրապետական մրցույթ-փառատոնին. իսկ վերջերս կայացած Երեւանի երաժշտական դպրոցների ստուգատես-փառատոնում լավագույն նկատված երկու աշակերտ կմասնակցի հունիսի 23-ի գալա-համերգին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Ընթացիկ ամսին կայացած «Դելփյան խաղեր» միջազգային մրցույթի նախընտրական փուլում հաղթող ճանաչված նկարչական բաժնից Ալբերտ Բաղդասարյանը եւ Մարիամ Միրզոյանը (ուդի դասարան) ընդգրկվել են Հայաստանի պատվիրակության կազմում:
Երաժշտական դպրոցների ուսումնական ընթացքը լավագույնս ամփոփում են տարեվերջյան հաշվետու համերգները, որոնք սովորաբար հունիսին են կայանում: Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի այս տարվա ավարտական համերգը տեղի ունեցավ անցած ուրբաթ, Կամերային երաժշտության տանըՙ ուսուցիչների, ծնողների, քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի մշակույթի բաժնի վարիչներ Էլեոնորա Թումանյանի եւ Գագիկ Գյանջումյանի ներկայությամբ. վերջիններիս աջակցությունն ու ուշադրությունը դպրոցին իր շնորհակալական խոսքում հատուկ ընդգծեց դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանը , նա համերգից հետո ավարտական վկայականներ հանձնեց այս տարվա շրջանավարտներին:
Իսկ համերգային ծրագիրը բավական խիտ ու բազմաբնույթ էր (Ռիմսկի Կորսակով, Դանցի, Կռիլատով, Բոնոնչինի, Ծ. Համբարձումյան, Մ. Վարդազարյան, Մակ Դոուել, Մոնտի եւ այլն): Համերգի մասնակիցները, բնականաբար, մրցույթ-փառատոնում հաղթողները, դպրոցի լավագույն սաներն էինՙ շնորհալի, օժտված երեխաներ: Նրանցից մի քանիսի կատարողական տեխնիկան ուղեկցվում էր բեմական արտահայտչականությամբ, արտիստիկ շարժուձեւով, ներշնչումով ու անմիջականությամբ:
Համերգային ծրագրի հաջողված ու գեղեցիկ մի շարք կատարումների մեջ դահլիճը ոգեւորությամբ արձագանքեց հատկապես հայկական ժողովրդական երաժշտության կատարումներին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ