Հունիսի 22-ին, ինչպես եւ ծրագրված էր, Ստրասբուրգում ԵԽԽՎ նախագահի մոտ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջարկության համաձայն հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմով` երկու կողմից էլ մասնակցում էին ընդդիմության մեկական ներկայացուցիչ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական կողմից մասնակցեցին Արմեն Ռուստամյանը եւ Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից` Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը:
Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի խոսքով, առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը, ողջամիտ գտնվելով, ընդունել է, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, եւ որ ԵԽԽՎ որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափին:
Հայկական կողմը նշել է, որ Հայաստանի պատվիրակության հիմնական պնդումը եղել եւ մնում է նույնը. կողմերի միջեւ խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին: Մասնավորապես, հարցին, թե ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ եւ ինստիտուցիոնալ կարողություն չունենալով ի՞նչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որեւէ ձեւաչափ հակամարտության կարգավորման հարցում:
Շտապողականությունը այս հարցում, ըստ հայկական պատվիրակության, անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ վարկը: Ըստ այդմ, Հայաստանը դեմ է, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները:
ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանն ընդունվել է հայկական պատվիրակության առաջարկությունը կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Այս հանդիպմանը, որքան էլ անսպասելի, ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է որեւէ ձեւաչափով որեւէ համագործակցություն:
Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցած, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը «Թրենդին» տեղեկացրել է, թե կողմերը համաձայնել են շարունակել այդօրինակ հանդիպումները: Ըստ Սեիդովի, ադրբեջանական կողմը հանդիպմանն ընդգծել է ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումը, ինչին հայկական կողմը պատասխանել է համագործակցության մերժումով: Սեիդովը եւս հաստատել է, որ հաջորդ հանդիպումը կլինի ավելի ընդգրկուն կազմով:
Մինչ այս հանդիպումը, ինչպես տեղեկացրել է «Ազգը» , ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե հանդիպելու է պատվիրակության ղեկավարների եւ մեկական անդամների հետ: Չավուշօղլուն նշել էր նաեւ, թե բյուրոյին է ներկայացնելու հանդիպման մանրամասները: Սակայն հենց ինքը` ԵԽԽՎ թուրք նախագահն էլ հայտարարեց, թե այս նստաշրջանում ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնումն անհնար է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ