«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2010-06-22 | #115, 2010-06-23 | #116, 2010-06-24


ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվեց կիսատ մնացած այն օրենսդրական փաթեթի քննարկումը, որով նախատեսվում է օտարալեզու դպրոցներ բացել Հայաստանում: Քննադատությունների պիկն, այնուամենայնիվ, փաթեթի քննարկման առաջին մասում էր, այսինքն` անցած եւ վերջին քառօրյայում, իսկ երեկ, փաստորեն, ներկայացվեց հնչած առաջարկներին մի փոքր հարմարեցված նախագիծ, որի վերաբերյալ խմբակցությունները գնահատականներ հնչեցրին: Միանգամից ասենք` գլխավոր խնդիրը, այն էՙ «Լեզվի մասին օրենքին» ձեռք չտալ, ինչը առաջարկել էին փաթեթի ընդդիմախոսները, չէր լուծվել: Նախագիծը կառավարության անունից ներկայացնող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ե՛ւ իր եզրափակիչ ելույթում, ե՛ւ «Ազգի» հարցին պատասխանելիս նկատեց, որ ոչ ոք իրավական լուծում չի առաջարկել այս հարցում, եւ մինչեւ երկրորդ ընթերցում հուսով էր, որ կգտնվի այնպիսի իրավական ճանապարհ, ինչը գուցե թույլ տա ձեռք չտալ «Լեզվի մասին» օրենքին, իսկ առայժմ իրավական տեսանկյունից հնարավոր չէ կառավարության առաջարկած փոփոխությունները զետեղել միայն «Հանրակրթության մասին» օրենքում, գործող մեխանիզմները դրա հնարավորությունը չեն տալիս:

Առաջարկներով լրացված փաթեթում նաեւ ՀՀԿ-ի առաջարկով էր սահմանափակվել բացվելիք դպրոցների թիվը (այդ մասին նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց իր ելույթում)` ընդհանուր թվով օտարալեզու դպրոցները կլինեն 11-ը, 9ՙ միջպետական-միջկառավարան փոխհամաձայնությունների հիմքով, 2-ը` մասնավոր, այն եւս Երեւանից դուրս` Դիլիջանում եւ Ջերմուկում, որոնցում ուսուցումը օտար լեզուներով կսկսվի 7-րդ դասարանից: Չնայած դրան` Մելիք-Ադամյանի դահլիճից դուրս շարունակվում էր բողոքի գործողությունն ընդդեմ այս փաթեթի: Բողոքի մասնակիցների վերաբերյալ էլ ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնող Գ. Սահակյանը որակում հնչեցրեց, թե փողոցում հավաքված 100-120 մարդկանց այսօրվա չակերտավոր մեկենասները նույնն են, որոնք անցյալում փակեցին ատոմակայանը, «Նաիրիտը» եւ փորձում են, իր խոսքերով, «այսօր էլ մեր կարեւորագույն արժեհամակարգը շեղել` իբր թե ազգադավ գործողություններ ենք կատարում»: Սահակյանն ասում էր, որ պատրաստ են քննարկումները շարունակել, իսկ օրենքի վերաբերյալ առաջին արձագանքները հենց կոալիցիոն կուսակցություններից են գալիս. «Այն կուսակցությունը, որ ներկայացնում եմ ես, նրա ամբողջ արժեհամակարգը եւ ծրագրերը մշակված են հենց այս խնդրի շուրջը, եւ ինչպիսի փոփոխություն էլ լինի` հայ ազգային դպրոցի գաղափարախոսությունից այն կողմ չի կարող անցնել, այնպես որ կառավարությանն առաջարկված տարբերակը դեռ հետո մինչեւ երկրորդ ընթերցում տարբեր ֆորմատներով էլի քննարկվելու է», ասաց նա` ավելացնելով, թե գուցե եւ հետագայում արգելանք դրվի տվյալ դպրոցների աշակերտների թվի վրա, որ մասնաճյուղեր չունենան, սոցիալական բլոկ ունենան (օրենքում հարկ է որոշակի տոկոս մուտք ֆիքսել` սոցիալական անապահով շնորհալիների համար). «Սա հարուստների դպրոց չի կարող լինել, մենք պետք է կարողանանք մասնակից դառնալ ամբողջ աշխարհի կրթական համակարգերին», ասաց նա:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնող Անահիտ Բախշյանը բացահայտում էր արել` այսօր էլ Հայաստանում կա 30 դպրոց, որոնց առաջին դասարանից ռուսերեն են սովորեցնում, կան երկլեզու գործող դասարաններ` հատուկ ստեղծված դասագրքերով, կա նաեւ «Որակի միջազգային դպրոց», որտեղ առարկաները մի քանի լեզուներով են դասավանդվում: Այս դպրոցները գործում են «Լեզվի մասին» օրենքի խախտումով: Նրա կարծիքովՙ միջազգային չափանիշներով դպրոց անհրաժեշտ է ունենալ, բայց առանց «Լեզվի մասին» օրենքը փոխելու (նշեց, ինչ եւ որտեղ փոխել), եւ առաջարկեց օրենքով սահմանել «այլընտրանքային, փորձարարական եւ միջազգային ծրագրեր» հասկացությունները: Նա կանգ առավ այն խնդրի վրա, որ մասնագետներ չկան այդ դպրոցներում դասավանդելու, քանի որ մանկավարժներ կրթող բուհի որակն է ցածր, հասկացավ օրենքի հեղինակների բուն ձգտումը` ներդնողներ ներգրավելու, բայց կրկին կանգ առավ քննություններից առաջ թեստերի արտահոսքերի, օրենքը շրջանցող դպրոցների տնօրենների եւ անպատժելիության մթնոլորտի այլ դրսեւորումների վրա կրթության ոլորտում` այդպես պատասխանելով իր իսկ հնչեցրած «ինչպե՞ս բարձրացնել հանրակրթության որակը» հռետորական հարցին. «Հարգելի քաղաքական իշխանություն, դուք էլ շատ լավ հասկանում եք, որ քանի դեռ չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող արդարադատություն, ազատ խոսք, բազմակարծություն եւ չենք հաջողում ժողովրդավարության մեջ, որն ամրագրել ենք սահմանադրությամբ, որքան էլ օրենք փոխենք, չենք ունենա միջազգային չափանիշներին համապատասխան նույնիսկ երկու դպրոց», ասաց Ա. Բախշյանը` տեղեկացնելով որ այս տեսքով փաթեթին «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու:

Ինչպես միշտ` պատկերավոր էր ՀՅԴ տեսակետը ներկայացնող Վահան Հովհաննիսյանը , որը մեջբերեց Արմեն Աշոտյանի խոսքից, թե` բոլոր պրոբլեմները նրանից են, որ Հայաստանում գիտելիքը, գիտությամբ զինված լինելը ինքնուրույն արժեք չեն. «Եթե դու ունես գիտելիք, դա հասարակության մեջ քո հեղինակությանը ոչինչ չի ավելացնում, եթե փող ունես` ավելացնում է, եթե ատրճանակ ունես գրպանում եւ չես վախենում, որ ոստիկանները կխլեն` դա ավելացնում է, լկտի ես` ավելացնում է, վզիդ դիամետրը ինչ-որ համապատասխան թվից մեծ է` դա ավելացնում է քո հեղինակությունը, գողական ընկերներ ունես` հեղինակությունդ ավելանում է, գիտելիք ունես ` չի ավելացնում. հարց է առաջանում, ստեղծեցինք այդ դպրոցները` ոչ ոք դեմ չէ, որ բարձրակարգ մակարդակի դպրոցներ Հայաստանում պետք են, բայց էդ դպրոցի շրջանավարտը որտե՞ղ է իր գիտելիքն օգտագործելու (մի կողմ թողնենք` ո՞ր լեզվով է ստացել այդ գիտելիքը), որտեղ է կիրառելու, մեր հասարակությանը պե՞տք է նրա գիտելիքը», հարցրեց նա: Ըստ պատգամավորի` այդ դպրոցներն ավարտածները հանգիստ կարող են գնալ-դիմել Օքսֆորդ, Քեմբրիջ, Սորբոն, Հարվարդ, ընդունվել-սովորել, դառնալ մեր ժողվրդի պարծանքը, բայց վերադառնալու-մասնակցելու են որեւէ մրցույթի ինչ-որ ԾԻԳ-ում կամ նախարարությունում ու բնականաբար պարտվելու են, որովհետեւ «էդ մրցույթի մեջ նրա գիտելիքը, Օքսֆորդն ու Հարվարդը ոչ մեկին չեն հետաքրքրում, այլ հետարքրում են մյուս հատկանիշները, որոնց մասին ես ասացի` փողը, վզի տրամաչափը եւ այլն, եւ այլն: Հիմա մեր հասարակությունն այս մակարդակի վրա է, ո՞ր խնդիրն ենք մենք լուծում այս դպրոցներով»: Նա շարունակեց պնդել ՀՅԴ տեսակետը, թե գործող օրենքները չեն փակում օտար լեզվով խորացված կրթություն ստանալու ճանապարհը` «Լեզվի մասին» օրենքին թող ձեռք չտրվի, իսկ այդպիսի դպրոց ունենալու համար փոփոխությունները թող դրվեն մյուս օրենքների մեջ, «Լեզվի մասին» օրենքում էլ «բացառություն» բառը չգրվի. ճեղք չթողնվի, որ քաղաքական ուժը փոխվելիս անկանխատեսելի փոխակերպումները հնարավոր դառնան, ահա այդպես խնդիրը կլուծվի: Միաժամանակ նա ընդունեց, որ խմբակցությունների առաջարկները կերպարանափոխել են օրենքը, այլ տեսքի բերել, բայց ոչ մինչեւ վերջ: Եթե որեւէ փոփոխություն չի արվելու այս ուղղությամբ` ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այս օրինագծին, տեղեկացրեց նա:

ԲՀԿ-ի տեսակետը ներկայացնող Արամ Սաֆարյանի խոսքից հայտնի դարձավ, որ նրա կուսակցությունը կողմ է 9 դասարան մայրենի լեզվով սովորելուն, իսկ ահա 10-11-12-րդ կամավոր հանրակրթության դասարաններում կարելի է էքսպերիմենտներ անել` չվնասելու պայմանով: Ասաց` ԲՀԿ-ի համար ընդունելի է, որ համարյա բոլոր երկրներում գործող միջազգային դպրոցներից մեկ-երկուսը գործեն Հայաստանում: Դիլիջանի եւ Ջերմուկի մեկական դպրոցին համաձայն են, եթե հետո այդ դպրոցները ճտեր չտան, այսինքն` մասնաճյուղեր չբացեն: Սոցիալական փաթեթն էլ (տաղանդավոր, բայց անապահով երեխաների մուտքն այդ դպրոցներն ապահովող) պետք է ներառվի: Նախարարի եզրափակիչ ելույթից կախված էր լինելու ԲՀԿ դիրքորոշումը, իսկ այդ ելույթն ըստ ամենայնի բավարարել էր ԲՀԿ-ականներին:

ՕԵԿ անունից հանդես եկած Հովհաննես Մարգարյանը եւ հետո լրագրողներին տեսակետ հայտնած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեցին, թե օտար լեզվով դասավանդման շեմը բարձրացնելու, այն է` 7-րդ դասարանից սկսելու առաջարկը եւ էլի այլ առաջարկներ ընդունվել են, այնպես որ ՕԵԿ-ը կողմ է օրինագծերի փաթեթին:

Եզրափակիչ ելույթով հանդես եկած Արմեն Աշոտյանը կառուցողական գնահատեց բոլոր խմբակցությունների ելույթները` նկատելով, որ գաղափարին ոչ ոք դեմ չէր, իսկ եթե «Լեզվի մասին» օրենքը չփոխելու փոքրիկ իրավական հնարավորություն անգամ կար, որը վրիպել է փաթեթը նախաձեռնողների աչքից, խնդրեց գրավոր ներկայացնել: Նա նկատեց, որ շատ առաջարկներ հաշվի են առնվել, որոշ առաջարկներ էլ դեռ կլսվեն մինչեւ երկրորդ ընթերցում ու հաշվի կառնվեն` գրավոր թող տրվեն:

Քվեարկություննՙ այսօր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4