«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2010-06-22 | #115, 2010-06-23 | #116, 2010-06-24


ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԲԺԻՇԿ ԴԱՌՆԱՅԻ, ՔԱՆ ԶԲԱՂՎԵԻ ՆՄԱՆ ՏԵՍԱԿԻ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾՈՎ»

Կառավարության նիստերի դահլիճում, ուր անցկացվում են ԱԺ նիստերը, երեկ արտահերթ կարգով քննարկվում էր «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներն ու նրանց համախոհները կրկին հավաքվել էին կառավարության նիստերի դահլիճի դիմաց` բացասական վերաբերմունք արտահայտելու վերոնշյալ փոփոխություններին: Նրանք առաջարկում են նախ զարգացնել հայերեն կրթությամբ դպրոցները, բարձրացնել մակարդակը, վերացնել կոռուպցիան եւ միայն դրական արդյունքի հասնելու պարագայում մտածել օտարալեզու դպրոցներ բացելու մասին:

Նիստերի դահլիճ շտապող պատգամավորներին` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, ցուցարարները դիմավորում էին սուլոցներով, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգության» պատգամավորներին` ծափահարություններով: Առաձնահատուկ «ջերմ» էր վերաբերմունքը, երբ նիստերի դահլիճ էր մտնում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերաբերմունքը նույնն էր, երբ Աշոտյանը դուրս եկավ նիստերի դահլիճից եւ ուղեւորվեց դեպի մեքենան: Երեւի ցուցարարների աղմուկ-աղաղակից կամ էլ ներսում քննարկման թեժ մթնոլորտից հենց փողոցում Արմեն Աշոտյանը վառեց ծխախոտն ու սկսեց քայլել Մելիք-Ադամյան փողոցով:

Մի շարք ցուցարարների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտյանն ասաց, որ հոգեպես ճնշված է զգում, քանի որ անընդհատ բողոքում են, տարբեր վանկարկումներ անում: «Հոգեպես, իհարկե, ճնշված եմ, այնքան էլ հաճելի չէ երբեմն, բայց թողնում եմ այդ մարդկանց խղճին, որովհետեւ քար նետելուց բացի նաեւ երբեմն գալիս է քար հավաքելու ժամանակը», ասաց նա:

Ցուցարարներից մեկն անդրադարձավ հայագիտական կրթությանը` պահանջելով, որ նախարարը երաշխավորի, որ դպրոցներում հայագիտական առարկաների ծանրաբեռնվածությունը շաբաթական 32 ժամը չի չարաշահվի: «Երաշխավորում եմ, որ հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի եւ կրոնի պատմության դասաժամերը մնալու են նույնը: Դա սեւով սպիտակի վրա գրված է»: Թուրքական դպրոցների բացման վերաբերյալ մեկ այլ ցուցարարի հարցին էլ նախարարն ասաց. «Բնականաբար նախարարությունը թույլ չի տա այդ դպրոցի մուտքը Հայաստան: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչո՞ւ եք հորինում պրոբլեմ, հետո այդ պրոբլեմի դեմ սկսում ջղայնանալ եւ պայքարել», բարկացավ Աշոտյանը` հավելելով, որ զուգահեռաբար կզարգանան հայկական դպրոցները, եւ այդ ուղղությամբ արդեն 20 տարի նախարարությունն աշխատում է:

  «Ազգի» դիտարկմանը, թե արդյունքը չի երեւում, Աշոտյանն ասաց. «Արդյունք չկա տարբեր պատճառներով: Կա, բայց տեսանելի չէ, որովհետեւ հասարակության ներսում գիտելիքի նկատմամբ պահանջարկը վերջնական ձեւավորած չէ»: Օտարալեզու դպրոցների գոյությունը որքանով կբարձրացնի հասարակության պահանջարկը գիտելիքի նկատմամբՙ հարցին Աշոտյանը չպատասխանեց, շեղվեց ու խոսեց 1995-ին «Լեզվի մասին» օրենքում փոփոխության մասին եւ հիշեց, որ ինքն այդ ժամանակ բժշկականի

3-րդ կուրսի ուսանող էր: «Երանի մնայիք բժշկականում, չգայիք էս դաշտ, էնտեղ ավելի օգուտ կտայիք», նշեց ցուցարարներից մեկը:

«Ես էլ եմ այդպես կարծում: Ավելի լավ է բժիշկ դառնայի, քան թե զբաղվեի նման տեսակի անշնորհակալ աշխատանքով»:

Մեկ այլ ցուցարարի առաջարկությանը` ստեղծել լավագույն հիմքերով հայկական դպրոց, Աշոտյանը պատասխանեց. «Եթե այդքան հեշտ լիներ, ինձանից առաջ աշխատած կրթության 16 նախարարները դա կանեին»:

Այսպես Աշոտյանը երկար զրուցեց ցուցարարների հետ, դա ավելի շատ նման էր շոուի, որովհետեւ հավաքված զանգվածում նախաձեռնության ակտիվ անդամները չէին, առանց միմյանց լսելու բղավում էին, իսկ եթե ներկայացնում էին մտահոգություններ, ապա դրանց Աշոտյանը լուրջ չէր պատասխանում: Մտահոգությանը, որ այդ դպրոցները կբերեն օտարամոլություն ու Աշոտյանն առաջին կայծն է գցում, ԿԳ նախարարն ընդամնեը ասաց.

«Այսօր օտարամոլություն չկա՞» :

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Զրույցի ընթացքում նախարար Աշոտյանին մոտեցավ «Պառլամենտ» ամսագրի ներկայացուցիչն ու նրան հանձնեց ամսագրի համարներից մեկը: Աշոտյանն էլ կարդաց ու ասաց, որ «պառլամենտ» բառն օտարալեզու է եւ պետք է դարձնել «խորհրդարան»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4