Մինչդեռ նախարարը փափուկ բարձ է դնում...
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրն առաջինը բարձրացրած, այդ մասին բազմիցս ահազանգած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը վերջերս ստացել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի թիվ ՀՔ/4135-10 պատասխան նամակը: Դրանում հիշյալ գերեզմանոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ առողջապահության նախարարության կատարած հետազոտությունների վերաբերյալ հայտնված է հետեւյալը.
«Տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տեղակայման վայրը սողանքային գոտի է: Թաղված թունաքիմիկատների բացված մակերեսներից անձրեւաջրերի հոսքերով դրանք կարող են աղտոտել ցածրադիր հատվածների հողը, ինչպես նաեւ ներթափանցել մոտակա գյուղերի ոռոգման համակարգերը: Թունաքիմիկատների գերեզմանոցում հիմնականում թաղված է այնպիսի վտանգավոր թունաքիմիկատ, ինչպիսին ԴԴՏ-ն է: Թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված են նաեւ այլ քլորօրգանական թունաքիմիկատներՙ ԴԴԴ, ԴԴԵ, ՀՔՑՀ (հեքսաքլորցիկլոհեքսան) եւ լինդան:
Առողջապահության նախարարությունը հանրային առողջության համար դեպքի վտանգավորությունը պարզաբանելու եւ գնահատելու նպատակով իրականացրել է շրջակա միջավայրի օբյեկտների (հող, ջուր, մթնոլորտ) եւ բնակավայրերում աճող բույսերի շարունակական դիտարկումներՙ լաբորատոր հետազոտությունների իրականացման միջոցով: Հետազոտվել են մթնոլորտը, խմելու ջուրը, վերցվել են նաեւ կովի կաթի, ամառանոցների տարածքում արածող նախրի կաթից ստացած պանրի, հավկիթի, կարտոֆիլի, գազարի, մաղադանոսի, խնձորի, խաղողի տերեւի, բալի, ընկույզի, բազուկի տերեւի եւ այլ բույսերի նմուշներ, հետազոտմամբ ԴԴՏ չի հայտնաբերվել: Միաժամանակ պարզվել է, որ սողանքի եւ այլ գործոնների (անձրեւաջրերով) հետեւանքով թունաքիմիկատները չնչին քանակներով թափանցել են անձրեւաջրերի առվակի մեջ եւ գերեզմանոցի մոտակա որոշ հատվածներում հողի մեջ:
Դիտարկումները շարունակվում են»:
Այսօրինակ լղոզված պատասխանը նախ ակներեւ է դարձնում, որ պրն նախարարը գործադիր իշխանության բաց, թափանցիկ, հրապարակային գործելաոճը շատ յուրովի է պատկերացնում: Այն, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տեղակայման վայրը սողանքային գոտի է, նոր չի պարզվել, վաղուց էր հայտնի (գուցե նախարարն է իր համար նոր պարզել), ԶԼՄ-ներն այդ մասին նախկինում բազմիցս հրապարակել են: Հետեւաբար պատասխանում ավելորդ տեղեկատվություն խցկելու փոխարեն նախարարը պետք է հայտներ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հասարակությանը:
Հ. Քուշկյանի պատասխանից այդպես էլ հայտնի չի դառնում, թե հողի, ջրի, բնակավայրերում աճող բույսերի շարունակական դիտարկումները որոշակի երբ եւ որտեղ են կատարվել: Միանգամայն հնարավոր է, որ հողի, ջրի նմուշներում թունաքիմիկատները չնչին քանակներով լինեն, եթե այդ նմուշները թունաքիմիկատների գերեզմանոցից վերեւ գտնվող բնակավայրերից, օրինակ, Ողջաբերդի տարածքից են վերցվել: Մինչդեռ հողում եւ ջրում թունաքիմիկատները սահմանային թույլատրելի խտությունը կարող էին գերազանցել, եթե վերցվեին հիշյալ գերեզմանոցի ներքեւի մասում գտնվող բնակավայրերից, օրինակՙ Մուշավանի տարածքից: Եվ ի՞նչ է նշանակում «չնչին քանակներով», կայուն քլորօրգանական, այսինքնՙ խիստ վտանգավոր այդ թունաքիմիկատների ո՞ր չափաքանակները կարող են չնչին համարվել:
Հիշյալ գերեզմանոցին հարակից տարածքներումՙ ե՛ւ ջրափոսում, ե՛ւ շրջապատի հողում, ԴԴՏ-ն, ինչպես հունիսի 21-ին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանից, մոտ 2 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ): Ընդգծում ենք, գերազանցել է նույնիսկ ՍԹԽ-ն, ինչը նախարարի հայտնած տեղեկության, այսինքնՙ թունաքիմիկատների չնչին քանակներով թափանցման դեպքում չէր կարող արձանագրվել: Պրն Քուշկյանն անտեղյա՞կ է այս իրողությանը, թե՞ անտեսել կամ փորձել է թաքցնել այն: Նախարարը հավանաբար մոռացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ ս. թ. մայիսի 7-ին կազմակերպված աշխատանքային հանդիպման-քննարկման ընթացքում իր տեղակալ Հայկ Դարբինյանի հայտնածը.
«... Երկու տարածքիՙ գյուղի եւ գերեզմանոցի արանքի այդ ամբողջ հատվածն ուսումնասիրվել է, եւ կա ԴԴՏ-ի քանակության որոշակի բարձրացում: Եթե բարձրացում, նշանակում էՙ դա արդեն թույլատրելի չէ: Թույլատրելին 0,1 միլիգրամն է 1 կիլոգրամի համար, իսկ այնտեղ մոտ 2-3 անգամ բարձր է: Սա նշանակում է, որ խնդիր կա»:
Ավելին. նույնիսկ Ա. Վանյանի եւ Հ. Դարբինյանի հայտնած տեղեկությունն է իրականությունից հեռու, քանի որ նրանք հայտնում են միայն ՍԹԽ-ին ԴԴՏ-ի գերազանցման մասին, այն էլ ընդամենըՙ մոտ 2-3 անգամ: Մինչդեռ, ինչպես պարզվել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած պիլոտային հետազոտությամբ, թունաքիմիկատների գերեզմանոցի տակ ձեւավորվող առվակի ջրերում p, p՛- DDT իզոմերի պարունակությունը 4,04 անգամ գերազանցել է ՍԹԽ-ն: Նմուշառման կետերից մեկում, վտակի նստվածքներում մեկ այլ վտանգավոր թունաքիմիկատի (DDE իզոմետրի) առկայությունը ՍԹԽ-ն գերազանցել է 11,64 անգամ:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երեւույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից, անթույլատրելի է:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ