ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ
Հուլիսի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա համաժողովՙ «Մեծ եղեռնի-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ» թեմայով, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ: Համաժողովում կքննարկվի մինչեւ 2015 թ. համահայկական միասնական գործողությունների հայեցակարգային ծրագիր ունենալու հարցը, որը կուղղորդի համայն հայության ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, դրա հետեւանքների հաղթահարմանն ուղղված գործողություններում, ինչպես նաեւՙ Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների հաղթահարման նպատակով միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը, այդ բոլորի իրագործումն ապահովելու նպատակով համապատասխան կոմիտե (խորհուրդ) եւ հիմնադրամ ստեղծելու, փորձագիտական ու մասնագիտական հանձնաժողովներ ձեւավորելու անհրաժեշտությունը: Համաժողովին կմասնակցի եւ ծրագրային ելույթով հանդես կգա նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որիՙ համաժողովին ընդառաջ ստորագրած հոդվածը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
Մեծ եղեռնըՙ օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության խորհրդանշական իրադարձություններից է, քանի որ ողբերգականորեն ազդեց հայ ժողովրդի ճակատագրի վրա: Ցեղասպանության չհաղթահարված հետեւանքները մինչեւ օրս խանգարում են Հայաստանի եւ հայ ժողովրդի բնականոն զարգացմանը քաղաքականության, տնտեսության, ժողովրդագրության, մշակույթի, բարոյականության, հոգեբանության եւ, իհարկե, ազգային անվտանգության բնագավառներում:
Անցած տարիներին հայ ժողովուրդը համախմբված կամք դրսեւորելովՙ հասել է աշխարհի շատ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության հանցագործության ճանաչմանը եւ Թուրքիայի դատապարտմանը:
Այդուհանդերձ ժամանակակից Թուրքիան շարունակում է Մեծ եղեռնիՙ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու քաղաքականությունը: Անկարան Հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ միջազգային հանրությանը ապատեղեկացնելու եւ պատմությունը խեղաթյուրելու ամեն տեսակ հնարավորություններ է գտնում:
Նման բարդ իրավիճակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թ. Թուրքիայի հետ երկխոսություն սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ առանց նախապայմանի պետական սահմանները բացելու հարցի շուրջը:
Սակայն Թուրքիան այս անգամ եւս փորձեց գործընթացից քաղել միակողմանի շահաբաժիններ, Հայաստանին ներկայացնելով Ղարաբաղի խնդրի կարգավորման պայմաններ: Հայաստանի ղեկավարությունն ըստ արժանվույն մերժեց թելադրանքի բոլոր դրսեւորումները եւ ստիպված կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաշխարհային ընկերակցությանը ցույց տվեցին, որ Հայաստանը եղել եւ մնում է խաղաղասեր պետություն, որը հանդես է գալիս բոլոր հարեւանների հետ տարածաշրջանային գործընկերության օգտին եւ ըստ այդմ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել լիարժեք միջպետական հարաբերություններ, բայց առանց նախապայմանների:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն շարունակել է իր արտաքին քաղաքական օրակարգում պահել համաշխարհային ընկերակցության կողմից օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ճանաչման ու դատապարտման գործընթացը: Շվեդիայի խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջերս ընդունած բանաձեւերը ակնբախորեն վկայում են Մեծ եղեռնիՙ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման եւ արդարության վերականգնման նկատմամբ չթուլացող հետաքրքրության մասին:
Եվ քանի որ մենք թեւակոխում ենք պատասխանատու ժամանակաշրջանՙ 5 տարի հետո նշելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, կարծում եմ, խիստ հրատապ է առաջարկել Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ գործունեության նոր հայեցակարգ օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցի կապակցությամբ:
Մեր հայեցակարգի էությունն այն է, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի քաղաքականության գլխավոր սուբյեկտը ժամանակակից Հայաստանի Հանրապետությունն է, նրա ժողովուրդը եւ իշխանության մարմինները: Այլ կերպ ասած, մենք պետություն ունեցող ազգ ենք եւ պարտավոր ենք օգտվել միջազգային սուբյեկտի մեր կարգավիճակից: Դրա հետ մեկտեղ, համազգային խնդրի առթիվ Հայաստանի դիրքավորման որոշումը կարող է կայանալ Սփյուռքի ներկայացուցչական մարմինների եւ լիազոր ներկայացուցիչների եռանդուն մասնակցությամբ:
Արդի Սփյուռքում պահանջների փաթեթը որոշելիս ներկայացված են տարբեր մոտեցումներ: Եվ դրանք հնչում են հայկական սփյուռքի առնվազն չորս աշխարհագրական եւ քաղաքական կենտրոններից (ներառելով Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լիբանանը): Սակայն մեզ միավորում է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա Ցեղասպանության հետեւանքները հաղթահարելու, ցեղասպանության զոհերի իրավունքները վերականգնելու ցանկությունը, այդ թվումՙ պատմական հայրենիքի, նյութական եւ բարոյական փոխհատուցման նրանց իրավունքի իրացումը:
Նման դեպքերում միջազգային պրակտիկան ենթադրում է գործունեության երկուՙ քաղաքական եւ դատական ուղղությունների միավորում:
Եթե քաղաքական գործունեության մեջ մենք ունենք որոշակի արդյունքներ, ապա Միջազգային դատարանին դիմելը պահանջում է առավել քրտնաջան աշխատանք:
Դատարանին գիտականորեն հիմնավորված դիմելուն մանրակրկիտ նախապատրաստվելու մի շատ կարեւոր մասը կատարված է Ռուսաստանի հայերի միության Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի կողմից: Նախ եւ առաջ, հրատարակված է «Геноцид армян: ответственность Турции и обязательства мирового сообщества» եռահատորյակը, որի կազմողը եւ պատասխանատու խմբագիրը ականավոր գիտնական, պրոֆ. Յու. Գ. Բարսեղովն է: Երկրորդ, մեր ինստիտուտի փորձագիտական խումբը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն անցկացրել է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության իրացման հնարավորության գիտական վերլուծության եւ մշակել դատական արարողակարգի կամ իրավարարության կոնկրետ հանձնարարականներ:
Միեւնույն ժամանակ մենք գտնում ենք, որ գիտական պատմագրության եւ միջազգային իրավունքի տեսակետից Միջազգային դատարանին ուղղված լիարժեք դիմում նախապատրաստելու համար անհրաժեշտ է համազգային հնարավորությունների համակարգում:
Մեր դիրքորոշումն ուժեղանում է նաեւ այն փաստով, որ վերջերս Երեւանում Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ Հաագայի միջազգային դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն հայտարարեց, որ իր տրիբունալը իրավասու է դատական կարգով քննության առնելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ելնելով վերոշարադրյալից, Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) նպատակահարմար է գտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել ստեղծելու կոմիտե (խորհուրդ), որը առաջին հերթին կմշակի Սփյուռքի եւ Հայաստանի ներկայացուցչական մարմինների հետ համատեղ գործունեության նոր մեխանիզմ Մեծ եղեռնիՙ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անունից Միջազգային դատարանին ուղղված դիմումի նախապատրաստմանը վերաբերող հարցերի համալիրի առթիվ:
Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունը պետք է դառնա միջազգային-իրավական, տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտական, կրթական, լուսավորչական, լոբբիստական գործունեությունը:
Վերոհիշյալ կոմիտեի արդյունավետ ու մշտական գործունեության համար առաջարկվում է Հայաստանի նախագահի ղեկավարությամբ ստեղծել հատուկ հիմնադրամ, որը կկուտակի աշխարհի հայության եւ Հայաստանի բարեկամների ֆինանսական եւ այլ նյութական միջոցները, ստացված միջոցները կհատկացնի աշխատանքի կազմակերպմանը, հաշվի առնելով գործունեության նախանշված ուղղությունները եւ վերջնական նպատակի ապահովումը:
Իր գործունեության ուղղություններին համապատասխան կոմիտեն պետք է մի շարք հանձնաժողովներ կազմի համակարգային, համալիր եւ կենտրոնացված աշխատանքի կազմակերպման համար: Հաշվի առնելով Թուրքիային Հայաստանի ներկայացրած քաղաքական պահանջների սահմանումը, հարկ կլինի դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ անցկացնել միջազգային-իրավական փորձաքննություն եւ տալ իրավաբանական հանձնաժողովի գնահատականը: Նախանշված դիրքորոշման շրջանակներում կանոնավորապես իրականացնել միջազգային տեղեկատվական-քարոզչական, վերլուծական, գիտական, կրթական եւ լուսավորչական գործունեություն: Նկատի ունենալով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, անհրաժեշտ է կազմակերպել համակարգված ցանցային գործունեություն տվյալ հարցի վերաբերյալ:
Ավելի ու ավելի մեծ թվով օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մնում է կարեւորագույն քաղաքական խնդիր, քանի որ համապատասխանում է միջազգային իրավունքի, բարոյականության, ժողովրդավարության եւ արդարության նորմերին, ինչպես նաեւ նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը եւ Թուրքիային նախազգուշացնում է հեռու մնալ Հայաստանի դեմ նոր արկածախնդրության դիմելու գայթակղությունից: Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունների եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ցանկը պետք է այսուհետեւ էլ համալրվի:
Սակայն Ցեղասպանության հանցագործության ճանաչումը եւ դրա համար Թուրքիայի դատապարտումը հազիվ թե բավարար լինեն մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության հետեւանքների հաղթահարման համար: Համաձայնենք, որ եթե գրեթե 50 տարի ազգային-քաղաքական նկատառումներով մեթոդաբար սպանում են մի ամբողջ ժողովրդի եւ հարյուր տարի անց ժողովրդի մնացյալ մասից լոկ ներողություն են խնդրում, դա հազիվ թե նորմալ համարվի ինչպես բարոյականության, այնպես էլ միջազգային իրավունքի եւ քաղաքականության տեսակետից:
Այսպիսով, Հայոց ցեղասպանությունը մնում է Հայաստանի համախմբված (պետական եւ սփյուռքյան) արտաքին քաղաքականության ռազմավարական խնդիրներից մեկը, ուղղակիորեն առնչվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմավարական անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ հայկական սփյուռքի եւ պատմական հայրենիքի հետ նրա կապերի պահպանմանը: ՀՀԿ-ի առաջարկած Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համահայկական գործունեության հայեցակարգը կոչված է ապահովելու ազգային շահերի պաշտպանության մեր համատեղ գործունեության արդիականացումը:
Մոտ ժամանակներս ՀՀԿ-ն ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ, գիտական, փորձագիտական ընկերակցության, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ծրագրում է Երեւանում անցկացնել Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս, որտեղ հանգամանորեն կքննարկվեն մեր կազմակերպության հայեցակարգային առաջարկությունները: