Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադ Մողադամը նախօրեին ներկայացրել է երկրի հյուսիսային` Արեւմտյան Ազերբայջան նահանգի սահմանապահ եւ ոստիկանական ծառայությունների նոր հրամանատարներին: Հրամանատարների փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանը որոշել է ուժեղացնել հյուսիսային սահմանների (Ադրբեջանի հարեւանությամբ-Հ. Ա.) վերահսկողությունը: Այս նպատակով գեներալ Մողադամը նշել է, որ բոլոր սահմանային ուղեկալները կզինվեն նորագույն տեխնիկայով. «որպեսզի կանխվի թշնամու` հեռվից կառավարվող ռումբերի գործարկումը», ըստ «Իռնա» գործակալության` նշել է Մողադամը: Գեներալը, կոնկրետ խոսելով Արեւմտյան Ազերբայջանի մասին, նշել է. «Անվտանգության ապահովման առումով այս նահանգին պետք է առավելագույն ուշադրություն դարձնենք, քանի որ այս նահանգի շնորհիվ է հնարավոր է եղել չեզոքացնել ներքին եւ արտաքին թշնամիների սպառնալիքները»: Հատկանշական է, որ Իրանի ոստիկանության հրամանատարը հատկապես շեշտել է «ներքին թշնամիների» մասին: Ինչպես արդեն բազմիցս գրել է «Ազգը», այս շրջանները վաղուց արդեն Ադրբեջանի նշանառության տակ են: Հիմնվելով Իրանի հյուսիսում ապրող թյուրքախոս ազգերի վրա, որոնք Իրանի 70 միլիոնանոց բնակչության 20-25 տոկոսն են կազմում, Ադրբեջանը` հրապարակավ, իսկ Թուրքիան` քողարկված, փորձում են իրականացնել «մեծ երազանքը»` Մեծ Թուրանը: Մեր թերթը մայիսի 21-ի համարում նաեւ հրապարակել էր քայլերի այն ցանկն ու հերթականությունը, որ նախատեսվում են «թուրքական աշխարհի» ստեղծմանը հասնելու համար:
Հ. Ա.