«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը դատապարտում է Չայլուի դիվերսիան
Անդրադառնալով հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տեղի ունեցած միջադեպին` երեկ հայտարարություն է տարածել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունը: Նախ տեղեկացվում է, որ փաստի առիթով եղել են մի շարք հանդիպումներ պաշտոնատար անձանց, փորձագետների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ապա կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը հանդես է եկել հայտարարությամբ. «Սա վտանգավոր եւ ռիսկային մանեւր է, որը նախաձեռնել է ադրբեջանական կողմը: Երեւում էՙ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհ է եղել հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքներից եւ հրամայել է իր զորքերին գրավել փոքր գյուղն ու ցավոտ ազդակ տալ, որ ռազմատենչ հայտարարությունների դեպքում ինքը շատ լուրջ է տրամադրված»: Այնուհետեւ հայտարարությամբ տեղեկացվում է, որ հարձակման ենթարկված Չայլու գյուղը շրջապատված է ադրբեջանական դիրքերով, ապա նշվում է, որ գյուղի նկատմամբ եղած հարձակումը բռնության ակտ է, որը խախտում է մադրիդյան սկզբունքներում եւ Մայնդորֆյան հռչակագրում ամրագրված ուժի չկիրառման սկզբունքը: Ապացուցելով ադրբեջանական այն պնդումների անհիմնությունը, թե իբր գործողությունները սկսել եւ իրականացրել է ղարաբաղյան կողմը` կազմակերպությունը մատնանշում է մի շարք կարեւոր արձանագրումներ. «Նախ նկատենք, որ Ադրբեջանն այս տեղանքում ամրացրել է իր լավագույն պաշտպանական դիրքերը, հետեւաբար անիմաստ կլիներ ղարաբաղյան հարձակումն այդ դիրքերին, բացի սա` այդ պարագայում ինչո՞ւ ադրբեջանցի դիվերսանտի դին հայտնաբերվել է ԼՂՀ տարածքում», ընդգծված է կազմակերպության հայտարարության մեջ:
Վերջում EuFoA մամլո ծառայությունը ներկայացնում է կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի մտահոգությունը. «ԵՄ-ը չի կարող եւ չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Բայց քանի որ շփման գծում իրավիճակը մնում է լարված, մենք անպայման պետք է մտորենք այնպիսի գործիքների շուրջը, որոնք կկանխեն երկրորդ «վրացական պատերազմը»: Մենք նաեւ հրադադարի ռեժիմն ամրապնդելու կարիք ունենք` երկու կողմից էլ դիպուկահարներին հեռացնելու եւ դիտորդներ տեղակայելու միջոցով: Սպասելու ժամանակ չկա»:
Հ. Ա.