«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2010-06-23 | #116, 2010-06-24 | #117, 2010-06-25


ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԲԱՑՎԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆՙ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀԳ միության նախագահ Լեւոն Անանյանը մամուլին տեղեկացրին, որ հունիսի 28-ից հուլիսի 2-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Հայաստանում կգումարվի գրողների «Հայ գրականությունըՙ հայոց միջնաբերդ» խորագիրը կրող համահայկական 5-րդ համաժողովը: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեկ տարի առաջ սփյուռքի նախարարությունն ու ՀԳ միությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի 18 կետերից 14-ը կատարվել է ու տվել հրաշալի արդյունք: Դրանց թվում ենՙ սփյուռքահայ գրողների մեծարման շարք ՀՀ-ում եւ սփյուռքում, համատեղ կոնֆերանսների կազմակերպում, Գրքի օր, Թումանյանական շաբաթ, «Մայրենի լեզվի» տարի, սփյուռքահայ գրողների գրքերի տպագրություն ու շնորհանդեսների կազմակերպումը եւ այլն:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը մեկնարկեց ապրիլինՙ համահայկական ցուցահանդեսով Երեւանի քաղաքապետարանի սրահում, նշեց նախարարն ու ավելացրեց, որ փառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբեր: Տկն Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարվա համեմատ ակտիվություն է նկատվումՙ գրողների համաժողովին մասնակցելու, եւ մասնակիցների թիվն էլ կրկնապատկվել է: Նախարարը նշեց նաեւ, որ ակտիվացել է երիտասարդ գրողների մասնակցությունը, շնորհիվ նրանց նկատմամբ Գրողների միության վերաբերմունքի ու հատուկ տարվող քաղաքականության:

Համաժողովի ընթացքում կլինեն սփյուռքահայ գրողների 5-6 գրքի շնորհանդեսներ, քննարկումներ ու նաեւ կտոնվի Հովհաննես Շիրազի 95-ամյակը (Գյումրի), Վահան Տերյանի 125-ամյակը եւ այլն: Հայ գրողները կայցելեն զորամասեր, կհանդիպեն զինվորների հետ: Արդեն ստեղծվել է մի հանձնախումբ, նշեց նախարարը, որի ընտրությամբ տպագրվել է «Արդի քնարերգությունը Հայաստան-սփյուռք» երկհատոր ժողովածուն, որը մեծագույն եւ լավագույն կամուրջն է սփյուռք-հայրենիք համագործակցության: Կլինեն նաեւ ԼՂՀ-ի գրողների հետ հանդիպումներ ու այցելություն Արցախ:

Նախարարն ավելացրեց, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հետ առաջիկայում կկազմակերպվի երկու համաժողովՙ «Համահայկական դասագրքերի ստեղծում» եւ «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմաներով:

Պրն Անանյանը, ներկայացնելով համաժողովի կազմակերպման նպատակներն ու խնդիրները, նշեց, որ շուրջ 20 երկրներից գրողներ են ժամանելուՙ համաժողովին մասնակցելու: «Նախարարության հետ համագործակցության ընթացքում», նշեց պրն Անանյանը, «մենք կարողացել ենք ստեղծել համահայկական գրական դաշտ, որի շնորհիվ սփյուռքի գրողներն իրենց գործերը տպագրում են Հայաստանում, ՀԲԸՄ-ի կողմից բացված տպարանում: Հաջողված քայլ է նաեւ մրցանակային դաշտում տեղավորել ոչ միայն հայաստանցի, այլեւ Սփյուռքի գրողներին: Հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ գրողներին, որպեսզի մենք կարողանանք ժառանգության կապը պահել»: Համաժողովն իր օրհնությամբ կողջունի Ամենայն հայոց կաթողիկոսը: Հաջորդ օտարագիր հայ գրողների համաժողովը կգումարվի 2011-ին Մոսկվայումՙ Ռուսաստանի հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ:

Համաժողովի ընթացքում կհանձնվեն 2009 թ. գրական մրցանակներն ու սփյուռքի նախարարության մրցանակներն ու պատվոգրերըՙ Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու համար: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն ստացվել են մասնակցության 1000 հայտ, եւ այս տարի աշխարհագրությունը ընդլայնվել է: Փառատոնի մշակութային հատվածը կներկայացվի հավուր պատշաճի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4