«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2010-06-23 | #116, 2010-06-24 | #117, 2010-06-25


ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Գլոբալիզացիան անմիջական հետեւանքն է ակնթարթային շփումների, վայրկյանական հաղորդակցությունների: Կիբեռտարածության հայտնությունը, իր բոլոր դրական հատկություններով, ունի միատարրություն ստեղծելու հակվածությունը, որն ազգություններին եւ անհատներին մղում է կորցնելու իրենց բնավորությանն ու անհատականությանը բնորոշ առանձնահատկությունները:

Գլոբալիզացիայի արդյունքում Սեուլում (Հարավային Կորեա) եւ աշխարհի այլ վայրերում, ասենքՙ Արգենտինայում, երիտասարդները միեւնույն ջինսերն են հագնում, միեւնույն բաղադրիչներով Մակդոնալդսի սենդվիչներ են ուտում եւ միեւնույն ռեպ երգերն են երգում: Իրոք տպավորիչ է տեսնել, թե ինչպես է աշխարհը վերածվում «գլոբալ ավանի»: Բայց ճաշակների այս միատարրությունը հնարավորություն է ընձեռում բազմազգ կորպորացիաներին ընդլայնելու իրենց ապրանքների շուկաները եւ գրպանելու անընդհատ աճող եկամուտներ:

Չնայած Արեւելյան Եվրոպայի շատ երկրներ բերկրանքով են ողջունում գլոբալիզացիայի արդյունքները, հին Եվրոպայի երկրները, հատկապես Ֆրանսիան, մտահոգված են իրենց ինքնությունը կորցնելու սպառնալիքով: Ֆրանսիան արդեն բավական ժամանակ հուսահատ պայքար է մղում զանգվածային լրատվության ասպարեզում պահպանելու իր լեզվի անաղարտությունը եւ դուրս մղելու անգլերեն արտահայտություններն ու ամերիկյան մշակույթի այլ դրսեւորումները: Ազգային ինքնության պահպանության խնդիրը Ֆրանսիայում հասարակական քննարկման կարեւորագույն թեմաներից է այսօր: Վերջերս այնտեղ հրատարակված սատիրական մի վեպ, որն այդ ցավոտ թեմային է անդրադառնում, մեծ ոգեւորությամբ ընդունվեց հանրության կողմից: Հատորի վերնագիրն է «Զորավարի վերադարձը»: Հեղինակըՙ Բենուա Դյուտյորտրը ակնարկում է զորավար դը Գոլի, այսինքնՙ Ֆրանսիայի հպարտության խորհրդանիշի վերադարձըՙ դրանով իսկ պայքարելու համար գլոբալիզացիայի դեմ եւ ֆրանսիացիներին վերադարձնելու անցած-գնացած լավ օրերը:

Դը Գոլի ստվերը դեռեւս առկա է ֆրանսիացիների հոգեբանության ամենախոր անկյուններում: Դա հաճախ նկատելի է նաեւ Ամերիկայի տնտեսական, մշակութային եւ ռազմական գերիշխանության նկատմամբ ֆրանսիացիների տածած վրդովմունքի զգացմունքներում:

Հարցը միայն ամերիկյան ազդեցության դեմ վրդովմունքը չէ, այլեւ այն փաստը, որ գլոբալիզացիան նմանվում է միակողմանի ճանապարհի, որտեղ առավել ուժեղ ազգությունները կամ երկրները պարտադրում են իրենց ազդեցությունը համեմատաբար փոքր ազգությունների կամ երկրների վրա, որոնք հպարտ են իրենց մշակութային ավանդույթներով եւ յուրահատուկ արժեքներով:

Եթե Ֆրանսիայի նման մեծ երկիրն է անհանգստանում ազգային ինքնությունը կորցնելու վտանգից, ապա ինչքա՞ն ավելի շատ պետք է անհանգստանան փոքրիկ, տվյալ դեպքումՙ Հայաստանի նման երկրները:

Խորհրդային ժամանակաշրջանում ուսուցմանը շատ լուրջ ուշադրություն էր դարձվում: Բացի մարքսիզմ-լենինիզմի կեղծ ուսմունքից, որը ծիծաղելի առարկա էր հավասարապես ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների շրջանակներում, ուսանողները ստանում էին համակողմանի լուրջ կրթություն, որը կարող էր մրցել որեւէ երկրի կրթական համակարգի հետ: Անկախությունն իր հետ բերեց շփոթվածություն եւ քաոսային վիճակ երկրի կրթական համակարգին: Ձգտելով ինտեգրվել եվրոպական կառույցներինՙ Հայաստանը միացավ Բոլոնիայի պայմանագրին, որը դեռեւս իր ճշգրիտ սահմանումը չի գտել Հայաստանում եւ շարունակում է ավերածություններ գործել:

Բոլոնիայի պայմանագիրը, որի նպատակն է միատարր կրթական համակարգ ստեղծել բոլոր մասնակից կամ անդամ պետությունների համար, դեռեւս ամբողջությամբ չի ընկալված Հայաստանում:

Եվ դա դեռ «չմարսած», նոր սպառնալիք է կախվում Հայաստանի գլխինՙ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկած օտարալեզու դպրոցներ բացելու օրինագծի տեսքով:

Հասարակական ընդվզում է առաջացրել այս որոշումը Հայաստանում: Երեւույթը նման է Հայաստանի կրթական համակարգում տիրող գավառականությունը գլոբալիզացիայի գերհարկադրական փաթեթով փոխարինելուն: Հայերենն առանց այն էլ մեծապես տուժել է եւ աղավաղումների ենթարկվել խանութների ցուցանակներում, զանգվածային լրատվության ասպարեզում եւ նույնիսկ մերօրյա գրականության մեջ:

Խորհրդարանի պատգամավորներից Անահիտ Բախշյանի համոզմամբՙ «Ներկայումս ոչ թե օտարալեզու դպրոցների վերաբացումը, այլ հայկական դպրոցներում հայերեն լեզվի դասավանդման ցածր մակարդակն է ամենամեծ սպառնալիքը»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առավել քննադատաբար է արձագանքելՙ նշելով. «Կրթության նախարարն ասում է, որ չի կարող բարձրացնել կրթության որակը եւ պետք է օտարալեզու դպրոցներ ներմուծի դրսից: Սա առնվազն զավեշտական է, եթե ոչ ողբերգական: Մենք փորձում էինք քայլ անել դեպի առաջ, սակայն սա պարզապես քայլ է դեպի անդունդ: Մասնագետներն այն եզրակացությանն են հանգել, որ երեխան նախ պետք է իր մայրենի լեզվով կրթություն ստանա եւ հետո միայն սովորի օտար լեզու»: Տարակարծությունն, անշուշտ, ընդհանրապես օտար լեզվի ուսուցման դեմ չէ, այլ հայկական պետական հանրակրթական դպրոցները օտարալեզու դպրոցներով փոխարինելու դեմ է: Հայաստանն իր նոր ձեռք բերած անկախ երկրի կարգավիճակին հարմարվելու փուլում է տակավին, եւ պատրաստի օտար մոդելների ընդօրինակումը դեռեւս ախորժելի է թվում, սակայն վերջին հաշվով դա կարող է խաթարել երկրի ազգային ինքնությունը:

Հարցը բոլորովին սատիրիկական չէ, ինչպես վերեւում նշված ֆրանսիական վեպի պարագայում էր: Դա ռեալ, լուրջ խնդիր է, որը մեր ազգային հոգեբանությանն է խորապես առնչվում: Հուսով ենք, որ քննադատություններն ու համազգային ընդվզումներն իրենց արդյունքը կտան եւ առանց մանրազնին վերլուծության օտար մշակույթներին ընդառաջ գնալու այս մոլուցքը կդադարեցվի անհապաղ: Առավել սթափ եւ լուրջ վերանայման արդյունքում մենք կկարողանանք ապագաղութացնել մեր լեզուն եւ մշակույթը:

Դետրոյթ, ԱՄՆ, «Արմինյն միրոր սփեքթեյթրից» թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4