«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2010-06-23 | #116, 2010-06-24 | #117, 2010-06-25


ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Թբիլիսիում երեկ հայ համայնքն ու համայնքի վրացի հյուրերը միասին նշել են Թարգմանչաց տոնը: Ինչպես «Ազգի» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը , նախ առաջնորդանիստ Սբ Գեւորգ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, ապա Թբիլիսի մշակութային եւ թարգմանական արվեստի ներկայացուցիները համայնքի անդամների հետ բարձրացել են հայ մեծերի Խոջիվանքի պանթեոն:

Պանթեոնում կատարվել է հոգեհանգիստ այդտեղ հավերժացած հայ մեծանուն գործիչների հոգիների համար: Այդուհետեւ «Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը ներկայացրել է հայ եւ վրացի գրողների ստեղծագործությունների իր վերջին թարգմանությունները` հայերենից վրացերեն եւ հակառակը: Սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը պանթեոնում մի քանի գեղեցիկ կատարում է ներկայացրել մոտ 100 հավաքվածներին, որոնց թվում տոնի արարողությանը մասնակցել են վրացի հյուրեր, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ի դեպ, այսուհետեւ Թբիլիսի այցելողներից նրանք, ովքեր կբարձրանան պանթեոն, կվայելեն մաքրությունը, որ ապահովել են Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդները` Վրաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4