Հայաստանի 231 դպրոցում եւ 146 մանկապարտեզում մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության պահանջների խախտումներ: Սննդի անվտանգության մոնիտորինգն անցկացրել են «Սպառողների իրավունքների պաշտպանություն» (ՍԻՊ) ՀԿ-ն եւ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը: Մոնիտորինգն անցկացվել է Երեւանի եւ մարզերի 442 դպրոցների, մանկապարտեզների բուֆետներում եւ ճաշարաններում: Նշված տեսչության սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը տեղեկացրեց, որ ճաշարաններում եւ բուֆետներում արձանագրվել է անհայտ ծագմամբ, առանց սերտիֆիկատի, ժամկետանց սննդամթերքի վաճառք, բացի այդ` սննդամթերքը պահվել է առանց սառնարանների: ՍԻՊ ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանն էլ համագործակցելու կոչ արեց երեխաների ծնողներին: «Սննդի անվտանգությունն ազգային անվտանգության եւ գենոֆոնդի պահպանման հարց է», հավելեց Ա. Եղոյանը:
Ի. Պ.