«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2010-06-24 | #117, 2010-06-25 | #118, 2010-06-26


ԼԻՆԴԲԼԱԴԸ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՀԱԿԱՀԱՅ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նոր համազեկուցող, շվեդ խորհրդարանական Գորան Լինդբլադը «հայտնի է իր հակահայկական ելույթներով եւ նրանով, որ պատրաստ է ստորագրել ամեն մի հակահայկական փաստաթուղթ»: «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը :

«Մենք լուրջ կասկածներ ունեինք Գորան Լինդբլադի նշանակման նպատակահարմարության առումով: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է ունենալ իր քաղաքական հայացքները, որոնք նա իրավունք ունի արտահայտելու: Սակայն երբ հարցը վերաբերում է այնպիսի խնդրի, ինչպիսին մոնիտորինգն է, որեւէ երկիր իրավունք ունի հուսալու, որ կնշանակվի այնպիսի զեկուցող, ով չունի կանխակալ վերաբերմունք եւ անաչառ է այդ երկրի նկատմամբ», ասել է Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ. «Շվեդ խորհրդարանականը փորձ ունի արտահայտվելու ոչ միայն Հայաստանի ներքաղաքական գործընթացների, այլեւ մեր երկրի արտաքին քաղաքականության թեմայով, ինչը պարզապես անթույլատրելի է»:

Հայաստանյան պատվիրակությունը դիմել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովինՙ այդ թեմայով խորհրդատվություններ առաջարկելու խնդրանքով, սակայն առաջարկը մերժվել է, եւ Լինդբլադի թեկնածությունը հաստատվել է: «Կոմիտեն ցուցաբերել է կանխակալություն, ակնհայտ էր, որ քննարկումների ելքը կանխորոշված է», ասել է Հարությունյանը:

Թերեւս եզակի անգամ, բայց բավականին կտրուկ է Դավիթ Հարությունյանը արտահայտվել նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի առնչությամբ: «Մենք լուրջ կասկածներ ունենք Մոնիտորինգի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության շարունակման հեռանկարների առումով, քանի որ այդ համագործակցությունը ենթադրում է փոխադարձ վստահություն, բարի կամք, օբյեկտիվ քննադատություն», ասել է Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով, նախկինում հայաստանյան պատվիարկության ղեկավարը բազմիցս ասել է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քննադատությունն օբյեկտիվ է: «Ցավոք, այսօր ես ստիպված եմ խոր մտահոգությունն արտահայտել Գորան Լինդբլադի նշանակման կապակցությամբ եւ կասկածներ ունեմ, թե հետագայում հանձնաժողովի որոշումները հիմնված կլինեն օբյեկտիվության վրա»:

Այս նախադեպն, ըստ Հարությունյանի, ոչ միայն դժվարացնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքը, այլեւ ցույց է տալիս, որ երբեմն Եվրոպայի խորհուրդը փորձում է գործընթացներն ուղղել «իրեն անհրաժեշտ հունով` ձեռքերը ոլորելու եղանակով»:

Ա. Հ.


Նկար 1. Գորան Լինդբլադ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4