Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շաբաթ օրը` հունիսի 26-ին, Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` իրենց աջակցությունը վերահաստատելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում:
«Որպես նշանակալից քայլ մենք ողջունում ենք կողմերի համար ընդունելի մոտեցումը, որ երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնված լինի հելսինկյան սկզբունքների եւ այն դրույթների վրա, որ մենք առաջարկել ենք 2009 թ. հուլիսի 10-ին Լ՛Աքվիլայում արված հայտարարությամբ», ասվում է համատեղ հայտարարությունում:
Ըստ այդմ, հուլիսի 10-ին ներկայացված առաջարկներն են` «Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխավորմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտությամբ, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց մշտական բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ նաեւ խաղաղապահ գործողություն»:
«Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հաջորդ քայլը կատարեն եւ ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կտա անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը», հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները:
Նույն հայտարարության համաձայն, Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները կհանձնարարեն իրենց ԱԳ նախարարներին եւ համանախագահներին ակտիվորեն աջակցել կողմերինՙ հաղթահարելու հուլիսի 16-17-ին Ալմա Աթայումՙ ԵԱՀԿ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում անցկացվելիք համատեղ հանդիպման նախապատրաստման դժվարությունները:
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերըՙ աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ` մեկնաբանելով Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի շաբաթ օրվա հայտարարությունը:
Ըստ Նալբանդյանի, կարեւոր է, որ Կանադայում արված հայտարարությունը, հղում կատարելով Լ՛Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք «Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ, եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ»:
«Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը եւս մեկ անգամ հիշեցնում են Լ՛Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք», ասել է Նալբանդյանը:
Համանախագահ երկրների ղեկավարները, ըստ արտգործնախարարի, «փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել հատկապես ուղիղ 10 օր առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում, եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա»:
Նալբանդյանի եզրափակմամբ, «Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարժվել այդ ուղիով, թե՞ շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»: