Մեծ Բրիտանիան անընդունելի է համարում հունիսի 18-19-ին Լեռնային Ղարաբաղի շփան գծում տեղի ունեցած միջադեպն ու ուժի գործադրումը: «Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումից», երեկ այսպես անդրադարձավ ադրբեջանական սադրանքի միջադեպին Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը :
Դեսպանն իր ցավակցությունը հայտնեց հունիսի 18-ի միջադեպի զոհերի հարազատներին, նշելով, որ նման միջադեպերը ընդգծում են հենց բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման կարեւորությունը: «Մենք երկու կողմերին կոչ ենք անում ավելի ակտիվ մասնակցել բանակցային գործընթացին` երկարատեւ, կայուն լուծման հասնելու համար», ասաց դեսպանը, հույս հայտնելով, որ այդպիսի միջադեպերը չեն կրկնվի:
Ղարաբաղյան հակամարտության թեժացման` պատերազմի վերսկսման հավանականության առնչությամբ Բրիտանիայի դեսպանը նշեց. «Չեմ ուզում քննարկել պատերազմի հավանականությունը: Մենք շատ հեռու ենք լիարժեք պատերազմից, թեեւ տեղի ունեցած միջադեպը մտահոգություններ է առաջացնում»:
Ամեն դեպքում, Հայաստանում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը գտնում է, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան սկզբունքների հիման վրա` ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: «Սակայն թե ինչպես այդ սկզբունքները կկիրառվեն, դա բանակցություններում ներգրավված կողմերի խնդիրն է», ավելացրեց դեսպանը:
Միեւնույն ժամանակ, ըստ դեսպանի, չպետք է մտածել, թե ներկա վիճակը կարող է երկար պահպանվել: Ստեղծված վիճակն, ըստ Լոնսդեյլի, ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերն էլ պետք է պատրաստ լինեն փոխզիջումների ու դժվար քայլերի, որոնք անհրաժեշտ կլինեն երկարաժամկետ լուծումների համար:
Ինչ վերաբերում է Եվրոմիության այն հայտարարություններին, թե գուցե ռոտացիոն կարգով ԵՄ-ն ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում` Ֆրանսիայի մանդատի ներքո, Միացյալ Թագավորության դեսպանը արձագանքեց, որ Մեծ Բրիտանիան որեւէ անհրաժեշտություն չի տեսնում ղարաբաղյան բանակցությունների միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխության համար, քանի որ «այս հարցում շարունակականությունը կարեւոր է»:
Մեծ Բրիտանիան աջակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությանը եւ քայլերինՙ ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Չնայած այդ գործընթացում որոշակի հիասթափություն կա, այդուհանդերձ, երկու երկրների երկխոսությանն այլընտրանք չկա, քանի որ դա բխում է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից», ասաց Լոնսդեյլը` վերահաստատելով Միացյալ Թագավորության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին:
Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետագա ճակատագրի առնչությամբ դեսպանը հարցը վերահասցեագրեց բրիտանացի խորհրդարանականներին: Իսկ ընդհանրապես, ըստ դեսպանի, Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը 20-րդ դարասկզբին օսմանյան Թուրքիայում կատարված իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել: «Մեծ Բրիտանիան ցավում է հայ ժողովրդի կրած ողբեգության եւ նրա հանդեպ կատարված հանցագործությունների համար: Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա կառավարությունն արդարացիորեն եւ խստորեն դատապարտել էր օսմանյան Թուրքիայում կատարվածը», հայտարարեց դեսպանը:
Մեր տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների եւ էներգետիկ գործոնի կամ շահերի գերակայության առումով դեսպանը հաստատեց, որ էներգետիկ գործոնը միշտ էլ կարեւոր բաղադրիչ է Ադրբեջան-Մեծ Բրիտանիա հարաբերություններում, չնայած դա թույլ չի տալիս, որ հարաբերությունների այլ, ասենք, մարդու իրավուքնների ոլորտում բրիտանա-ադրբեջանական շփումները ամբողջական չլինեն:
Տարածաշրջանային թեմայում ներառելով նաեւ Իրանը` Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեց, որ թեեւ իր երկիրն աջակցում է Իրանի խաղաղ ատոմ ունենալու իրավունքին, բայց միաժամանակ Թեհրանը պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային հանրության առջեւ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ