«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

Երեկ Երեւանում մի շարք փորձագետների ու տարբեր երկրների դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը. հասարակ մարդկանց ձայնը» գրքի շնորհանդեսը: Հրատարակումը նախաձեռնել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` Երեւանում բրիտանական դեսպանատան օժանդակությամբ: Գիրքը հրատարակվել է նաեւ անգլերենով, այն կբաժանվի Հայաստանում գործող բոլոր դեսպանատներում:

Հեղինակները իրականացրել են քննարկումներ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում` պարզելու ժողովուրդների դիրքորոշումը բանակցությունների, ԼՂ կարգավիճակի եւ այլ հարցերի շուրջը: Այսպես` առաջադրվել են հակամարտության լուծման հավանական սցենարներ, որոնցից առաջինով առաջարկվում է պահպանել առկա ստատուս քվոն: Այս տարբերակին Հայաստանից կողմ են մասնակիցների 50,4 տոկոսը, նույն տարբերակին ադրբեջանցիների 4,9 տոկոսն է կողմ արտահայտվել: Երկրորդ սցենարով ԼՂՀ-ն անցնում է Ադրբեջանի կազմ` բարձր ինքնակառավարման հնարավորությամբ: Հայերից 0,2 տոկոսը կողմ է այս տարբերակին, ադրբեջանցիներից 58,1 տոկոսը: Այս պատկերը տարակուսանք է առաջացնում, նախ հետաքրքրական է, թե ո՞ր հայերն են համաձայն տեսնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եւ հետո, եթե ադրբեջանցիների միայն 58,1 տոկոսն է կողմ այս տարբերակին, ապա մնացած 42,9 տոկոսը ավելին ի՞նչ է ուզում: Ղարաբաղի հակամարտության լուծման երրորդ հավանական սցենարը հետեւյալն է. ազատագրված տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ կարգավիճակի որոշումը թողնվում է ապագային: 1,2 տոկոս հայեր կողմ են այս տարբերակին, ադրբեջանցիների 32,9 տոկոսին է «դուր գալիս»: ԼՂՀ-նՙ անկախ կամ Հայաստանի կազմում, ազատագրված տարածքների վերադարձ, Լաչինի միջանցքի պահպանում: Հայաստանից այս տարբերակին կողմ է 28,3 տոկոսը, Ադրբեջանից` 4,1-ը: Ընդ որում հակամարտության ոչ մի կողմ չի ողջունել տարածքում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը: Բոլոր կողմերի մեջ պատերազմն ընկալվում է որպես հարցի լուծման վերջին տարբերակ: Ընդ որում, եթե հարցումներին մասնակցած երեւանցիները մտահոգված են հակամարտության լուծմամբ, ապա մարզերում հիմնական մտահոգությունը անվտանգության պահպանումն է:

Միջոցառմանը ներկա Երեւանում Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը նկատեց. «Շատ կարեւոր է նրանց համար, ովքեր զբաղվում են կոնֆլիկտների լուծմամբ, իմանան, թե ի՞նչ են մտածում մարդիկ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4