«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


400 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԱՐՑԱԽՈՒՄ

«Մասիս տոբակո»-ն ընդլայնում է սահմանները

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան

Արցախում բացված յուրաքանչյուր գործարան առաջին հերթին լուծում է ռազմավարական խնդիր` փաստելով, որ հայկական կողմը երբեւէ չի զիջի տարածքներ ու գերնպատակն է զարգացնել եւ ներդրումներ կատարել Արցախում:

Վարդանյանների ընտանիքը` հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, ներդրումները հիմնականում կատարում է սահմանամերձ գոտիներում:

Այս տարի «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ կառուցվել է ծխախոտի մթերման եւ չորացման կետ ԼՂՀ-ի Իվանյան համայնքում: Աշխատանքների իրականացման համար կատարվել է 350.000.000 դրամի չափով ներդրում: Կառուցվել են 16 չորանոցային խցիկ, պահեստային տարածք եւ ծխախոտի իրացման բազա, ինչը կնպաստի 400 նոր աշխատատեղի բացմանը: ԼՂՀ տարբեր շրջաններում շուրջ 60 հա տարածքում ստեղծվել են ծխախոտի պլանտացիաներ: «Սահմանամերձ գոտիներում ապրող բնակչությունը պետք է ապահովված լինի աշխատանքով: Եթե վաղը ունենանք խնդիրներ մեր հարեւանների հետ եւ այս տարածքներում չունենանք աշխատատեղեր, ժողովուրդ չապրի` չենք կարողանա լիարժեք պաշտպանել մեր սահմանները: Զինվորը պետք է իմանա, որ իր հետեւում կան աշխատատեղ, ընտանիք, մայրեր ու քույրեր, երեխաներ: Եթե այդ ամենն ունենանք, ապա կարող ենք վստահ ասել, որ սահմաններն ավելի ամուր ենք պաշտպանում», ասաց «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի նախագահ Միքայել Վարդանյանը :

Նրա տեղեկացմամբՙ չորանոցները կառուցվել են ամերիկյան տեխնոլոգիայով: Այստեղ նույնպես կկիրառվի ծխախոտի տերեւի չորացման կրակային եղանակը, որը բնորոշ է Վիրջինա բուսաբանական տեսակի ծխախոտին: Այս մեթոդի կիրառման շնորհիվ գյուղացին ազատվում է ծխախոտի շարի, չորացման եւ հակավորման աշխատանքներից: «Մթերելու ենք կանաչ վիճակում: Մնացած մշակումները կկատարվեն չորանոցում, ինչն ավելի կթեթեւացնի գյուղացու խնդիրը: Գյուղացուն աջակցելու նպատակով կտրամադրենք կանխավճար, սածիլ, պարարտանյութ եւ թունաքիմիկատ: Արցախ կգան մասնագետներ, որոնք գյուղացիներին ճիշտ ուղղություն ցույց կտան», ասաց նա:

Վիրջինիա տեսակի ծխախոտի 1 հա-ի բերքատվությունը տատանվում է 20-30 տոննայի սահմաններում, եւ հաշվի առնելով բերքատվության ցուցանիշները` գյուղացու եկամուտը կկազմի ավելի քան 1 մլն դրամ:

Չորանոց այցելած ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մեկնաբանությամբՙ յուրաքանչյուր ներդրում Արցախի համար շատ կարեւոր է: «Պարոն Վարդանյանը ցանկություն էր հայտնել իր մասնակցությունն ունենալ Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում, եւ այժմ այդ ցանկությունը դարձավ իրականություն: Տասնյակ աշխատատեղեր կբացվեն, հարյուրավոր մարդիկ այս գործարանի շնորհիվ կստանան իրենց եկամուտը: Արցախն աշխատատեղերի կարիք է զգում: Արցախը մեծ ներուժ ունի` մանավանդ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման կապակցությամբ», ասաց վարչապետը` հույս հայտնելով, որ «Մասիս տոբակո»-ի օրինակով շատ կազմակերպություններ ներդրումներ կկատարեն Արցախում:

Այս նախաձեռնությունը կարող էր կյանքի կոչվել ավելի վաղ, սակայն դրան խոչընդոտեցին ծխախոտ արտադրող միջազգային կազմակերպությունները:

2003-ին մի քանի խոշոր կազմակերպություններից` հատկապես British American Tobacco-ն (BAT) ցանկանում էր Հայաստանից գնել ծխախոտի հումք: Հայաստան այցելած կազմակերպության մասնագետներն ուսումնասիրեցին եւ արձանագրեցին, որ «Մասիս տոբակոն» առաջարկում է բարձրորակ ծխախոտ, որը եթե չի գերազանցում, ապա չի էլ զիջում ամերիկյան արտադրանքին: Այդ ժամանակ «Մասիս տոբակոն» 300 տոննա ծխախոտի հումք արտահանեց, սակայն BAT Թուրքիայի ներկայացուցիչները կազմակերպությանը ներքին կարգով սպառնացին եւ արգելք դրեցին: Պայմանը հետեւյալն էր` եթե նրանք Հայաստանից ծխախոտի հումք գնեին, ապա թուրքական շուկան իրենց առջեւ կփակվեր: Կազմակերպությունը դադարեցրեց համագործակցությունը «Մասիս տոբակո»-ի հետ: Եթե այդ համագործակցությունը ստացվեր, ապա ծխախոտագործության մասշտաբները Հայաստանում այժմ այլ մակարդակի վրա կգտնվեին:

  Միքայել Վարդանյանն ասաց. «Մենք կարող ենք վաճառել մեր արտադրանքը, որովհետեւ կա պահանջարկ: Խոչընդոտներ կան միջազգային շուկայում: Խոշոր ընկերությունները, որ այստեղ վաճառում են իրենց ծխախոտները, փորձել եւ ոչնչացրել են ծխախոտագործությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Բայց Հայաստանը «Գրանդ տոբակո»-ի շնորհիվ պահպանեց այդ ավանդույթը, եւ որքան էլ խոչընդոտեն, կարող ենք արտահանել: Հայաստանն ԱՊՀ եզակի երկրներից է, ուր ծխախոտի արտադրությամբ զբաղվում են տեղական կազմակերպությունները: Մնացյալ երկրներում ծխախոտարտադրությամբ զբաղվում են անդրազգային կազմակերպությունները», ասաց նա:


Նկար 1. «Մասիս տոբակո»-ի նախագահ Միքայել Վարդանյանը եւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանըՙ ծխախոտի պլանտացիայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4