«Ազգը» նախորդ տարվա համարներից մեկում տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի սահմանած «ՏՏ ոլորտում համաշխարհային ավանդի համար» ամենամյա մրցանակի առաջին` 2009-ի դափնեկիր է ճանաչվել «Ինտել»-ի ղեկավար Քրեյգ Բարրեթը: Մենք նշել էինք նաեւ, որ, ըստ կանոնակարգի, դափնեկիրը պետք է անձամբ ժամանի Հայաստան եւ Հայաստանի նախագահի ձեռքից ստանա մրցանակը: Եվ ահա երեկ, նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը Քրեյգ Բարրեթին հանձնեց մրցանակը: Արարողության ժամանակ Հայաստանի նախագահը, ողջունելով Բարրեթին, եւս մեկ անգամ շեշտեց, որ ՏՏ ոլորտը մեր երկրի առաջնային ուղղություններից է եւ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ոլորտի զարգացմանը:
Իր հերթին Բարրեթը նշել է, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ նշանակություն ունեն արդյունաբերության, կրթության եւ առհասարակ տնտեսության զարգացման գործում: Արարողությունից հետո Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել մրցանակակրի հետ, այնուհետեւ Հայաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ` ի պատիվ տեր եւ տիկին Բարրեթների:
Հ. Ա.