«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


ՄԿՐՏՉՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է

Երկու անընդմեջ հաղթանակներից հետո Լիլիթ Մկրտչյանը Ջերմուկում ընթացող շախմատի Գրան պրիի 3-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեցՙ սեւերով զիջելով Հոու Յիֆանին: Իսկ ահա Էլինա Դանիելյանը 2-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Շեն Յանի նկատմամբ: Հաղթեց նաեւ Տատյանա Կոսինցեւանՙ առավելության հասնելով Մարթա Ֆիեռոյի նկատմամբ: Կրամլինգ-Ձագնիձե, Կովանովա-Չիբուրդանիձե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

4-րդ տուրում Մկրտչյանը հաշտություն կնքեց Տատյանա Կոսինցեւայի հետ, Դանիելյանն էլ միավորը բաժանեց Հու Յուհուայի հետ մրցավեճում: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Շեն Յան-Պիա Կրամլինգ պարտիան: Չիբուրդանիձե-Ֆիեռո, Ձագնիձե-Կովանովա, Յիֆան-Ստեֆանովա պարտիաներում հաղթեցին սպիտակները:

5-րդ տուրում Մկրտչյանը հաղթեց Անտոանետա Ստեֆանովային ու 3,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Դանիելյանը հաշտություն կնքեց Հոու Յիֆանի հետ ու 3 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Միանձնյա առաջատար դարձավ Նանա Ձագնիձեն` հաղթելով Մարթա Ֆիեռոյին: Վրացի շախմատիստուհին 4,5 միավոր է վաստակել: Նրան կես միավոր է զիջում ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, որը պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեին: Վերջինս Շեն Յանի եւ Հոու Յիֆանի հետ վաստակել է 2,5 միավոր: Շեն Յանը հաղթեց Կովանովային, Կրամլինգ-Յուհուա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4