Դա արվել է ոչ թե Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու, այլ Հայաստան-Իրան հարաբերությունները խաթարելու նպատակով
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունիսի 18-ին ադրբեջանցի հրոսակը պետականորեն կազմակերպված դիվերսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներըՙ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հավասարության նշան դնելու միջոցով արդարացնում էին դիվերսիան, որ չխախտվի Հարավային Կովկասում իրենց վարած քաղաքականության «հավասարակշռությունը», մարդասպան հրոսակը վերստին լկտիացավ:
Թերեւս այդ առումով պատահական չէր հունիսի 23-ին Բաքվում ավստրիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Բաքուն կհրաժարվի ռազմական հռետորիկայից, եթե «ապաօկուպացվեն ադրբեջանական հողերը»: Ո՞ր ադրբեջանական հողերի մասին է խոսքը կամ ինչո՞ւ դրանք ադրբեջանական պիտի կոչվեն քանի որ մինչեւ 20-րդ դարի 20-30-ական թթ. սումգայիթյան մարդասպաններին ազգային հերոս հռչակող բորենիների այս ոհմակը նույնիսկ «ադրբեջանցի» չէր կոչվում, այլ նրան Կովկասի թաթարներ էին անվանում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում:
Խնդիրը սակայն հրոսակի մարդասպան էությունը չէ, այլ մարդասպանին անուղղակի խրախուսելու Մինսկի խմբի համանախագահող երկրների չարանենգ սադրանքը, ինչպես նաեւ Եվրոմիության գլխավորությամբ եվրոպական մյուս կառույցների ավելի քան խրախուսական երկերեսանի հայտարարությունները:
Մի՞թե կարելի է արդարություն ակնկալել այս երկրներից, երբ նրանցից ԱՄՆ-ը «ժողովրդավարություն» հաստատելու պատրվակով ցեղասպանություններ է կազմակերպել Ռուանդայում, Դարֆուրում, Աֆղանստանի, Իրաքի դեմ սանձազերծել է պատերազմներ եւ ավելի քանի 1 միլիոն 200 հազար խաղաղ բնակչի է սպանել հակաիրաքյան պատերազմում: Եվրոպական երկրներն ու Ռուսաստանը աջակցել են նրան:
Ի վերջո, չմոռանանք, որ «Հայկական» հարցի պատմությունը հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական մեծ տերությունների, այդ թվումՙ թե՛ ցարական, թե՛ բոլշեւիկյան Ռուսաստանի չարանենգ քաղաքականության պատմությունն է: Չհաշված նախագահ Վուդրո Վիլսոնի «իրավարար որոշումը», ոչ պակաս չարանենգ է եղել ամերիկյան քաղաքականությունը: Կամ ինչո՞ւ դատապարտեն ադրբեջանցի հրոսակին, երբ նրաՙ ՌԴ նախագահ Մեդվեդեւի հովանու ներքո Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո, իրականացրած դիվերսիան ուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու ռուսական նախաձեռնության դեմ:
Դիվերսիայի հակառուսական ուղղվածությունը թեեւ ենթադրում էր, որ Ռուսաստանը կդատապարտի, սակայն նա էլ իր հաշվարկներն ունի: Ըստ երեւույթին ռուսները զգուշանում են, որ դատապարտելու միջոցով հարափոփոխ արտաքին կողմնորոշում որդեգրած Ադրբեջանին կմղեն Արեւմուտքի գիրկը, ինչպես նաեւ մերձեցման ներկա փուլում հանկարծ կխրտնեցնեն վերջինիս մեծ եղբորըՙ Թուրքիային: Ակնհայտ է, որ Թուրքիային խրտնեցնելու դեպքում կասկածի տակ կդրվի ռուս-թուրքական մերձեցումը, Ռուսաստանը կզրկվի Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին միջամտելու հնարավորությունից: Այսպիսով ի չիք կդառնան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Վրաստանի լիարժեք մեկուսացման եւ «մեկ ազգի երկու պետության» տարանջատման նպատակին ծառայեցնելու, այդ թվումՙ ԱՄՆ-ի ազդեցությունը մերձեցմամբ հակակշռելու շնորհիվ տարածաշրջանում Թուրքիայի համեմատաբար անկախ գործունեությանը նպաստելու Մոսկվայի քաղաքական հաշվարկները:
Որքան էլ Հայաստանը դրական գործոնի դեր կատարի Ռուսաստանի համար, ապահովելով ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում, ռազմական եւ ռազմավարական դաշնակից Մոսկվան առ այսօր որեւէ հայանպաստ հայտարարություն չի արել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Փոխարենը, սակայն, նա ողջամտորեն շրջանցել է ադրբեջանցի մարդասպան հրոսակի ռազմատենչ հայտարարությունները:
Համենայն դեպս, այս ողջամտությունը, որը բացի Մոսկվայից, յուրահատուկ է նաեւ Վաշինգտոնին եւ Փարիզին, պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության միջոցով Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու Մինսկի խմբի համանախագահող երկրների նկատառումներով: Այդ իսկ պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրը նախընտրում է հակամարտությունը լուծել սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե ձգտում համատեղ լուծում առաջադրել: Ահա թե ինչու համանախագահող երկրներից որեւէ մեկի նախաձեռնությունը բախվում է մյուս երկուսի հակազդեցությանն ու չեզոքացվում: Չեզոքացման պայմաններում կարգավորումը հետին պլան է մղվում, փոխարենը սրվում է նախաձեռնության շուրջը ծավալվող անհաշտ մրցապայքարը այս երկրների միջեւ:
Ինչ վերաբերում է Մեդվեդեւ-Սարկոզի-Օբամա հայտարարությանը, ապա անդրադառնալով դրան «Ազգ» -ի հունիսի 29-ի համարումՙ Աղավնի Հարությունյանը նշել էր, որ դա 2009-ի հուլիսի 10-ին Լ՛Աքվիլայում արված հայտարարության կրկնությունն է: Թուրքական լրատվամիջոցներն էլ, մասնավորապես «Թարաֆը», անդրադառնում են հայտարարության 4 դրույթներին, որոնք ենՙ Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղինՙ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխավորմամբ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի առկայություն, ինչպես նաեւ փախստականներին եւ տեղահանվածներին բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներՙ ներառյալ միջազգային խաղաղապահ գործունեությունն ու շրջանի վերջնական կարգավիճակի որոշումը:
Թուրքական թերթն ընդգծում է, որ այս դրույթներն առաջարկի բնույթ են կրում, եւ դրանք մադրիդյան այն սկզբունքներն են, որոնց դեռեւս 1992-ին ընդունել է Մինսկի խումբը: Խնդիրը, սակայն, Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության բնութագրումը չէ, այլ դրա մեկնաբանությունը: Թերեւս այդ առումով ուշագրավ է «Գազեթե պորտ» կայքէջը: Ահա թե ինչ է գրում. «Դիվանագիտական աղբյուրների կարծիքով, հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու ջանքերի հիմքում Իրանին էլ ավելի սեղմելու նկատառումներն են: Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների սառեցումն ու սահմանի փակ լինելը պատճառ են դարձել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանան հատկապես տնտեսության բնագավառում: Այս գործընթացին նպաստելու համար հուլիսի 1-5-ը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կուղեւորվի Կովկաս, այցելելով նաեւ Բաքու ու Երեւան»:
Այլ կերպ, Մեդվեդեւ-Սարկոզի-Օբամա հայտարարությունը Հայաստան-Իրան հարաբերությունների խաթարման միջոց է: Հաշվի առնելով միջազգային ասպարեզում Իրանին մեկուսացնելու, նրան տնտեսապես թույլ եւ տարածաշրջանի երկրների աջակցությունից զուրկ տեսնելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի նկրտումները, կարելի է իրատեսական համարել «Գազեթե պորտի» մեկնաբանությունը: Քանի որ Իրանից տարանջատվելու դեպքում Հայաստանն ստիպված կառչելու է Ռուսաստանից, ուստի տարանջատման արեւմտյան նկրտումներին հավանություն է տալիս նաեւ Մոսկվան:
Սակայն խնդիրը սոսկ տարանջատումը չէ, այլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը որպես տարանջատման միջոց օգտագործելու եւ դրանով Հայաստանին դեպի Թուրքիա ուղղորդելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նկատառումներն են: Մեդվեդեւ-Սարկոզի-Օբամա հայտարարությունը հենց այդ նկատառումներն է արտահայտում:
Քանի որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հայկական սահմանի բացման համար Հայաստանին Լեռնային Ղարաբաղում «առաջընթաց» ապահովելու նախապայման է առաջադրում եւ դրան փորձում է հասնել հայկական կողմի վրա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ճնշումներով, ուստի դժվար չէ կռահել, որ խնդրո առարկա հայտարարությամբ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման անուղղակիորեն Թուրքիայի պահանջներին ընդառաջ քայլ են կատարում: Այսպիսով, նրանց հայտարարությունը հայկական կողմի համար դառնում է սպառնալից: Մտածել, որ Թուրքիայի պահանջներին ընդառաջելու համար Հայաստանին սպառնացող Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը կդատապարտեն ադրբեջանցի կոչվող երբեմնի թաթար ստահակի դիվերսիան, իրատեսական չէ: Հետեւաբար մեզ մնում է խմբագրել ժողովրդական առածը. «Շունը շնից, բոլորը մի տնից»: