«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2010-06-29 | #120, 2010-06-30 | #121, 2010-07-01


ՊԱՏՎԵՐՈՎ «ՊԱՅԾԱՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության վերաբերյալ «Ռեգնում» գործակալության համար «մեկնաբանություն» է արել Մուբարիզ Ահմեդօղլուն :

Դատելով ըստ այդմ, պետք է վստահաբար ասել, որ սույն անձը ոչ փորձագետ է, ոչ վերլուծաբան, ոչ, մանավանդ, քաղաքագետ: Նա միայն, անշուշտՙ ոչ առանց համապատասխան «վերաբերմունքի», ամենայն բարեխղճությամբ կրկնում է այն, ինչ հանձնարարվում է ԱԳՆ կամ նախագահի աշխատակազմի կողմից:

Եթե այդպես չլիներ, Ահմեդօղլուն, գոնե քաղաքացիական պատասխանատվությունից դրդված, ադրբեջանական հանրությանը կասեր, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունն ուղղակի ջուրն է նետում ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների տարփողած այն տեսլականը, որ կամ «ԼՂ հարցը կլուծվի հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում, կամ պատերազմն անխուսափելի կդառնա»: Մինչդեռ «քաղաքագետը» խոր գոհունակությամբ եւ ինքնաբավարարվածությամբ ընդգծում է, որ երեք նախագահները չեն անդրադարձել շփման գծի վերջին իրադարձությանը, եւ դրանից եզրակացնում, որ «կամ նրանք Հայաստանին համարում են օկուպանտ, կամ նրա հետ հաշվի չեն նստում»:

Նախագահներ Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին, ըստ երեւույթին, պետք է շնորհակալ լինեն, որ Ահմեդօղլուն չի զարգացնում միտքը եւ չի ասում, թե «ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան միանշանակ ողջունում են շփման գծում սադրանքներ հրահրելու եւ այդ կերպ բանակցային գործընթացը տապալելու Ադրբեջանի փորձերը»: Ուղղակի չի ասում, բայց ենթատեքստը, կարծես, դա է, որովհետեւ արդեն հաջորդ «կանխատեսումներում» Ահմեդօղլուն «պայծառատեսնում է» կարգավորման ապագանՙ արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում, չհամաձայնեցված պահերը կհամաձայնեցվեն, իսկ արդեն աշնանը Ղազախստանի մայրաքաղաքում ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների ներկայությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն համաձայնագիր, որ «Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում»:

Որ այս ամենը պատվիրված «պայծառատեսություն» էՙ կասկած չի կարող լինել: Չի բացառված, որ սույն «մեկնաբանությունը» հեղինակվել է Ադրբեջանի արտգործնախարարությունում: Առնվազն: Թեեւ, ով գիտի, գուցե գործին խառնված է նաեւ ԱԱ նախարարությունը:

Ամեն դեպքում Ահմեդօղլուի «մեկնաբանությունը» հեռավոր առնչություն իսկ չունի ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության թե՛ տառի, թե՛, հատկապես, տրամաբանության հետ: Այնտեղ, ընդհակառակը, բավական հստակ ուրվագծվում է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղը չեն համարում Ադրբեջանի իրավազորությանը ենթակա տարածք: Ընդգծված է Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտությունը, քանի որ վերջնական կարգավիճակի ճշտման հիմքում դիտված է ԼՂ բնակչությանՙ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության սկզբունքը:

Դիվանագիտական ձեւակերպումներում ավելին չի ասվում: Եվ ով ընդունակ է հասկանալու, հասկանում է, թե խոսքն ինչ իմաստ ունի: Ահմեդօղլուն գուցե այնքան անգետ չէ: Նման դեպքերում ղարաբաղցին ասում է. «Գիտի, բայց իրեն էշի տեղ է դնում»: Նրան պարզապես հրահանգված է եղել կատարել «անմեղ կենդանու» դեր, եւ Ահմեդօղլուն տրվել է իշխանության դերակատար լինելու գայթակղությանը: Թեՙ հանուն ինչի՞ՙ իր խնդիրն է: Գուցեՙ զուտ հայրենասիրակա՞ն մղումներով: Բայց դա ի՞նչ հայրենասիրություն է, երբ բանական կոչվող սուբյեկտը ոչ միայն ինքն է «էշանում», այլեւ փորձում է «էշի տեղ դնել» սեփական ժողովրդին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4