«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2010-06-29 | #120, 2010-06-30 | #121, 2010-07-01


ԳՈՒՄԱՐՎԵՑ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԱՏՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ատյանի նիստի մասնակիցներին տեղեկացրեց, թե ինչպես են այս օրերին անցնում նախարարության մշակած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում գրողների 5-րդ համաժողովի աշխատանքները եւ արդեն մեկնարկած «Արի տուն» ծրագրի այս տարվա առաջին խմբի այցելությունը:

Օրակարգի առաջին հարցըՙ «Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ ու տվյալների միասնական համակարգ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին էր վերաբերում, որը ներկայացրեց զեկուցող Վ. Մարաշլյանը: Այդ ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի, կրթության եւ գիտության եւ արտաքին գործերի նախարարությունների կողմիցՙ ՀՀ ԳԱԱ հետ սերտ համագործակցությամբ:

Մեկ տարի առաջ ստեղծված ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, որ նշեց նաեւ առաջիկայում իրականացվող ծրագրերի ցանկը: Հաշվետվությամբ հանդես եկավ նաեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը եւ ներկայացրեց այս տարվա ընթացքում կայացած ու կայանալիք համահայկական փառատոների ծրագիրն ու ժամանակացույցը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության գործունեության հաշվետվությունը ներկայացրեց Հր. Ասլանյանը: Ատյանի անդամներին տրվեցին մի շարք հարցերի սպառիչ պատասխաններ ու բոլորը հրավիրվեցին մասնակցելու հուլիսի 3-5-ը կայանալիք «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համահայկական գիտաժողովի աշխատանքներին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4