«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2010-06-29 | #120, 2010-06-30 | #121, 2010-07-01


ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը, որի ծաղկաթերթիկների պատկերը անցնում եւ շարունակվում է դարձերեսին: Դիմերեսի դաշտի աջում եզրաշուրթի մոտ պատկերված է երկու ծաղկաթերթիկ, որից ներքեւ եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտում ծաղկի եւ ծաղկաթերթիկների միջեւ ոճավորված պատկերներ են: Դաշտի ներքեւի մասում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» եւ «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի շրջագծով վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը եւ ցողունները: Ծաղկի պատկերից ներքեւ մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի եւ հարգի պայմանական գրառումը` «Ag 925»: Եզրաշուրթի շրջագծով վերեւի աջում հայերեն, իսկ ներքեւի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» եւ «Tanacetum zangezuricum»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը1000 դրամ
Մետաղը եւ հարգըարծաթ, 9250
Զանգվածը28,28 գ
Տրամագիծը38,61 մմ
Որակըպրուֆ
Դրամաշուրթըատամնավոր
Տպաքանակըմինչեւ 10000 հատ

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4