Գործում է «ամեն ինչ ի վնաս սպառողի» սկզբունքը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԴՄ կտրոնների շահումների կարգի փոփոխության մասին մեր թերթի ընթերցողներին տեղեկացրել ենք: Նոր կարգով, մասնավորապես, երկու կարեւոր նորություն է մտցվել: Առաջինՙ շահող է համարվում այն կտրոնը, որի վրա նշված 8 թվերից 3-ը համընկնում են վիճակահանությամբ դուրս եկած շահող թվերին, երկրորդՙ շահում են ինչպես ձախից աջ, այնպես էլ աջից ձախ համընկող թվերը: Դրանով շահումների հավանականությունը զգալիորեն մեծանում է, բայց, ինչպես սովորաբար լինում է, գործնականում ամեն ինչ արվում է լավ գաղափարը վարկաբեկելու եւ անարդյունավետ դարձնելու համար: Ընդ որում, խոսքը ե՛ւ շահող կտրոնների, ե՛ւ բոնուսների մասին է:
Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը մի կողմից ցանկանում է խրախուսել սպառողներին, որ նրանք պահանջեն կտրոնները, բայց մյուս կողմից զլանում է դրա համար գումար ծախսել:
Նախ, երբ ՀԴՄ կտրոնների շահումների նոր կարգը մտցվեց, դրա լայնածավալ իրազեկումը հեռուսատեսությամբ սկսվեց, երբ շահումների տրամադրման ժամկետին մնացել էր 7-8 օր: Այնուհետեւ, գովազդային հոլովակում ոչ մի խոսք չի ասվում, թե որտեղից եւ ինչպես պետք է ստանան այդ շահումները: Եթե նախկինում շահումը տրամադրվում էր բոլոր բանկերի կողմից, ապա հիմա այդպես չէ: Սակայն որտեղի՞ց այդ մասին իմանա սպառողը: Իսկ երբ, ի վերջո, ինչ-որ տեղից այդ մասին սպառողն իմանում է եւ փորձում ստանալ իրեն հասանելիք շահումը, պարզ է դառնում, թե ինչու գովազդում ոչինչ չի ասվում ստանալու վայրի մասին:
Բանն այն է, որ կառավարությունն ինքն էլ չգիտի, թե որտեղից պետք է քաղաքացիները ստանան շահող կտրոնները: Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում գրված է, որ շահումները կարելի է ստանալ «Հայփոստի» բաժանմունքներից: Սակայն սա այն դեպքն է, երբ ասում ենՙ ամեն տեսածին պետք չէ հավատալ: «Հայփոստի» բաժանմունքներում ասում են, որ ՀԴՄ կտրոնի շահումը տրամադրում են բանկերը: Համենայն դեպս, մինչեւ հունիս 26-ը այդպես էր, եւ միայն ստանալու ժամկետի ավարտից մի քանի օր առաջ «Հայփոստը» սկսեց ընդունել շահող ՀԴՄ-ները: Պատկերացրեք, թե մինչ այդ ինչ ճանապարհ են անցնում շահող ՀԴՄ կտրոն ունեցողները: «Հայփոստում» նրանց ասում են, որ շահումը տալիս են բանկերը: Բանկերում ասում են, որ շահումը տրամադրում է միայն «Արարատբանկը», «Արարատբանկում» ասում են, որ շահումը տրամադրվում է իրենց ոչ բոլոր, այլ միայն 3-4 մասնաճյուղերում, այդ մասնաճյուղերում էլ օրվա առաջին կեսին են շահումներն ընդունում, եւ խորհուրդ են տալիս այցելել հաջորդ օրը կամ գնալ «Հայփոստ», որտեղ «արդեն շահումները տալիս են»: Այս տառապալից ուղին անցնելուց հետո դարձյալ գալիս ես «Հայփոստի» մասնաճյուղ եւ ի՞նչ: Այնտեղ նայում են կտրոնիդ եւ ասում, որ թվերը լավ չեն երեւում ու խորհուրդ են տալիս կտրոնը դեն նետել: Նման խորհուրդ, մասնավորապես, տվել են «Հայփոստի»ՙ Հանրապետության Հրապարակում գտնվում բաժանմունքում: Սակայն այդ նույն «Հայփոստի» մեկ այլ բաժանմունքում, չգիտես ինչու, թվերը տեսնում են: Այսինքնՙ ցանկության դեպքում դրանք կարելի էր տեսնել, բայց ...
Վերոնշյալից ելնելով, ցանկանում ենք հետեւյալ հարցերն ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Նման կարուսել անցնելուց հետո ո՞վ կցանկանա հիմնականում 2 հազար դրամ շահումի համար կրկնել այն: Ինչո՞ւ է այնպես արվում, որ ամեն ինչ լինի ի վնաս սպառողի: Ինչո՞ւ մինչ շահումների տրամադրումը պարզ չէր, թե ո՞ր կազմակերպությունը պետք է դրանք տրամադրեր: Ինչո՞ւ պետք է իր իրավունքները պաշտպանող սպառողը փոշմանի դրա համար, ինչո՞ւ անգամ եթե շահող կտրոնը վատ տեսանելի է լինում, տուժողը պետք է լինի այդ նույն սպառողը:
Ավելացնենք նաեւ, որ ամեն ինչ նույնն է նաեւ բոնուսների տրամադրման ժամանակ: Արդեն բազմիցս ասել ենք, որ 1 տոկոս պարգեւավճարը ուղղակի ծաղր է եւ լուրջ խթան չի կարող համարվել: Իսկ երբ, այնումենայնիվ, կտրոնների խմբաքանակում լինում են խոշոր գումարներով կտրոններ, բանկերն ամեն ինչ անում են, որ դրանք չընդունեն, ասելով, որ իրենք պետք է ընդունեն միայն անձնական գնումների ՀԴՄ-ները: Այսինքն, երբ 4-5 հազար դրամի փոխարեն հնարավորություն է առաջանում ստանալու 10-15 հազար դրամ բոնուս, ինչը սովորաբար լինում է բարեկամներից, ծանոթներից հավաքված կտրոններն ի մի բերելուց հետո, բանկերում դրանց մի մասը «խոտանում են» տարբեր պատճառաբանություններով: Ասենք, նույն օրը նույն վայրից երկու գնում, այս տառը կամ թիվը լավ չի երեւում, կտրոնի այս հատվածը մի փոքր պատռված է եւ այլն, եւ այլն: Բնական է, որ հնարավոր չէ յուրաքանչյուր մանրուքի համար վիճել կամ քննարկում ծավալել, հատկապես որ այլ մարդիկ էլ են հերթի կանգնած, եւ վերջին հաշվով դա անիմաստ էՙ բանկի աշխատակիցները մնում են անսասան:
Վերջում անդրադառնանք ազգային վիճակագրական ծառայության տվյալներին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների մասին, ըստ որի, մայիսին ապրիլի նկատմամբ այստեղ 2,4 տոկոս նվազում է արձանագրվել: Գուցե կառավարությունում գլխի՞ ընկնեն, որ այս ցուցանիշը նաեւ մարդկանց հիասթափությունն է արտահայտում ՀԴՄ-ների կտրոնների վերաբերյալ պետական կիսատ-պռատ քաղաքականությունից: Գուցե ոչ թե խոսքով, այլ գործնականում սկսեն կարեւորել այս գործընթացը ու բոլոր նպաստավոր պայմանները ստեղծեն այն խրախուսելու եւ իրական փաստաթղթաշրջանառությունը պարզելու համար: