«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2010-06-29 | #120, 2010-06-30 | #121, 2010-07-01


ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԵՐԵԿ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ երեւանյան նիստը երեկ բուռն քննարկումներից հետո ընդունեց հայկական պատվիրակության հեղինակած բանաձեւը (որի մշակմանը մասնակցել էր նաեւ ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ) ԼՂՀ-ի եւ հայկական հուշաձանների ոչնչացումը դատապարտելու վերաբերյալ, ընդ որում սկզբնական տարբերակը քննարկումների արդյունքում մի փոքր փոփոխվեց, բայց բանաձեւը լրագրողներին ներկայացնող Զատուլինի կարծիքով` ավելի հայանպաստ դարձավ. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմամշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականին ընդունած համաշխարհային մշակութային արժեքների պահպանման կոնվենցիայի վրա, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների եւ քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում եւ հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմամշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների` եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների եւ այլ սրբոցների վտանգմանը, որտեղ էլ նրանք տեղակայված լինեն», ասված է բանաձեւում:

Վեհաժողովի մասնակիցները, անհանգստանալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առաջխաղացման բացակայությամբ, ինչպես նաեւ հատկապես վերջին շրջանում այդ հարցի շրջանակում ակտիվացած ռազմատենչ հայտարարություններով ու ռազմական գործողությունների սպառնալիքով, բանաձեւում աջակցություն են հայտնել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` հարգելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4