Ավարտվեց Երեւանում ընթացող բասկետբոլի կանանց Եվրոպայի C խմբի առաջնության նախնական փուլը: Առաջին ենթախմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը 3-րդ խաղում ուժերը չափեց Անդորրայի ընտրանու հետ: Ենթախմբում 1-ին տեղը գրավելու համար մեր բասկետբոլիստուհիներին հաղթանակ էր անհրաժեշտ, քանի որ մոլդովացիները վերջին խաղում 77-47 հաշվով հաղթելով Ջիբրալթարի հավաքականին, վաստակել էին 5 միավոր: Ինչպես եւ նախորդ 2 հանդիպումներում, այս անգամ էլ մեր բասկետբոլիստուհիներն աչքի ընկան դիպուկ նետումներով եւ 71-47 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: Մեր թիմում արդյունավետ խաղով աչքի ընկան Ամանդա Ջեքսոնն (17 միավոր) ու Քրիստինե Քեփենեկյանը (15): Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ հանդիպումներում հաղթել էր Ջիբրալթարի (98-45) եւ Մոլդովայի (71-64) բասկետբոլիստուհիներին:
Վաղը կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի շոտլանդացի բասկետբոլիստուհիների հետ, որոնք 2-րդ տեղն են գրավել երկրորդ ենթախմբում: Շոտլանդացիներն առաջին խաղում 35-64 հաշվով պարտվել էին Մալթայի հավաքականին, իսկ հաջորդ հանդիպումը շահել էին Ուելսի ընտրանուց (86-41): Կիսաեզրափակիչի մյուս խաղում կմրցեն Մալթայի եւ Մոլդովայի հավաքականները: Եզրափակիչ մտած երկու հավաքականներն իրավունք կստանան հաջորդ տարի հանդես գալու Եվրոպայի առաջնության B խմբի մրցաշարում: Այնպես որ շոտլանդացիների հետ հանդիպումը վճռորոշ նշանակություն ունի հայ բասկետբոլիստուհիների համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ