Բաթումում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցումներում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Մրցումներին մասնակցեցին նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 150 մարզիկներ:
Տղաների ճկասուսերակիրների պայքարում հիանալի հանդես եկավ Գեւորգ Հարությունյանըՙ արժանանալով ոսկե մեդալի: Վահան Առաքելյանը գրավեց 3-րդ տեղը: Աղջիկների պայքարում էլ անգերազանցելի էր Հասմիկ Աղաբաբյանըՙ կանգնելով պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Մեր մարզիկներն ավելի վստահ հանդես եկան խոցասուսերումՙ զբաղեցնելով պատվո ողջ պատվանդանը: Հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Սպարտակ Հարությունյանն ու Կարեն Արազյանը: Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Քամալյանը գրավեց 2-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ