Ռուսաստանն ավարտել է Թուրքիային «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռահամալիրների պայմանագրային մատակարարումը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունըՙ վկայակոչելով ցամաքային զորքերի ռազմական արտադրանքի արտահանման վարչության պետ Ալեքսանդր Եմելյանովին:
70 մլն դոլարանոց պայմանագիրը Թուրքիայի հետ կնքվել էր 2008-ին այդ երկրի պաշտպանության նախարարության անցկացրած մրցույթի արդյունքների հիման վրա:
«Կոռնետ-Է»-ն հակատանկային դյուրակիր համակարգ է, որն ուղղորդվում է լազերային ճառագայթով: Արձակման կայանքի քաշը 20 կգ է, ջերմազգայուն սարքինըՙ 11 կգ: Հրթիռը բեռնարկղի հետ կշռում է 29 կգ: Համալիրը նախատեսված է շարժուն պաշտպանություն ունեցող տանկերի, ամրությունների, անզրահ եւ թեթեւազրահ թիրախների եւ «կախված» ուղղաթիռների ոչնչացման համար: Հարվածի հեռահարությունը մինչեւ 5500 մետր է: Կառավարելի հրթիռներն ունեն տանդեմային-կումուլյատիվ եւ ջերմազգայուն մարտագլխիկներ: