2010-2011 թթ. ուսումնական տարին Ջավախքի հայկական դպրոցների կրթական համակարգում մի շարք փոփոխություններ է նախատեսում: Ըստ news.am կայքէջի, որտեղ, սակայն, տեղեկությունների աղբյուր չի նշվում, ստացվում է, որ գալիք ուսումնական տարում հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրճատվելու են` իրենց տեղը զիջելով վրացերենին:
Ընդ որում` հայերենով տարվող բոլոր դասընթացներն այսուհետեւ անցկացվելու են երկլեզու համակարգով. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերենով, երկրորդ կեսը` վրացերենով: Ասվածը վերաբերում է նաեւ աշակերտներին, ովքեր համապատասխան թեման ներկայացնելիս նույնպես պետք է «օգտվեն» երկլեզու համակարգի ընձեռած «երկկողմանի շահավետ» հնարավորությունից:
Պարզվում էՙ դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի-պարի խմբակները, նախնական տվյալներով նաեւ գրադարանները, այլեւս պետք չեն ու չեն գործի, ինչը, համապատասխանաբար, ազդում է նաեւ հաստիքների վրա:
Հայոց պատմության դասաժամերը, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում, ֆակուլտատիվ հիմունքներով են անցկացվելու, կրճատվել են նաեւ կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի դասաժամերը:
Ա. Հ.