«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇՅԱՆԸՙ ՏԵՂԱՊԱՀ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ

Նախորդ համարում «Ազգը» , անդրադառնալով Կ. Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին, տեղեկացրել է, որ «աթոռակից պատրիարք» ընտրելու պատրիարքարանի հոգեւոր խորհրդի պահանջին առարկել էր պատրիարքական ընտրությունների նախաձեռնող հանձնախումբը, այսպիսով ընտրությունները կանգնել էին փակուղու առջեւ: Ստեղծված իրավիճակում ընտրություններին միջամտել էր թուրքական կառավարությունը եւ որոշել. «Քանի դեռ պատրիարքական աթոռը թափուր չէ, պետք է ընտրել պատրիարքի տեղապահ, այլ ոչ թե աթոռակից պատրիարք»:

Կառավարական այս որոշումը ներքին գործերի նախարարության միջոցով ներկայացվել է Ստամբուլի նահանգապետարան, որն էլ հունիսի 29-ի գրությամբ, ի դեմս նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուի, փոխանցել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարան: Ստանալով գրությունը, ըստ երեւույթին հունիսի 30-ին, պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը հրավիրել է ընդլայնված նիստ, որտեղ խորհրդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրվել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ:

Ամենապատիվ Արամ սրբազանի օգտին քվեարկել են խորհրդի 26 անդամներից 25-ը: Ի դեպ, Պոլսո «Հայ թերթ» կայքէջի վկայությամբ, թեեւ Մեսրոպ Բ Մութաֆյանի առողջական վիճակի վատթարացմամբ տեղապահի պաշտոնը ամենատարեց հոգեւորականի կարգավիճակով ստանձնել էր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը, սակայն սրբազանի տարիքի պատճառով նրա ստանձնած պաշտոնը փաստացի վարում էր հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արք. Աթեշյանը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4