«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2010-07-01 | #122, 2010-07-02 | #123, 2010-07-03


ԹԵՀԼԻՐԵԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Նիւ Եորքի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հրաւէրով Քալիֆորնիայից Նիւ Եորք ժամանեց Բժ. Հոգեբան Ստեփան Սիմոնեանը, ներկայացնելու Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը եւ նրա հոգեկան վիճակը Մեծ Եղեռնից յետոյ:

Բանախօսութիւնը տեղի ունեցաւ մարտ 2010թ. Սբ. Լուսաւորիչ եկեղեցւոյ վերանորոգ սրահի մէջ: «Համազգային»ի Գրական յանձնախմբի պատասխանատու Լիզա Եսայեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, որ այդ տեղատարափ-անձրեւային ու փոթորկալից օրը ներկայ էին բանախօսութեան: Ապա համառօտ կենսագրականով ներկայացրեց օրւայ բանախօսին: Բժ. Սիմոնեանը ընդհանուրՙ երիտասարդաց, մեծերի եւ երեխաների մտային խանգարումների վերլուծող հոգեբոյժ է: Նա իր բժշկական ուսումը աւարտել է Պարսկաստանի Շիրազ քաղաքի, Շիրազ համալսարանում: Իսկ հոգեբանութեան մասնագիտութիւնը վերջացրել է Նիւ Եորքի Մեթրոփոլիթան հիւանդանոցի կենդրոնի բժշկական համալսարանի բաժնում: 1984թ. իր մասնագիտութեան անձնական աշխատանքն է սկսել Միլֆըրդ, Մասաչուսէթ նահանգում, ուր եւ մի քանի տարիներ Միլֆըրդ ռիջընալ հիւանդանոցում ստանձնել է հոգեբուժութեան բաժնի պատասխանատւութիւնը: 2003-ին փոխադրուել է Գլենդէլ, Քալիֆորնիա, ուր եւ շարունակում է իր մասնագիտութիւնը:


Բժ. Ստեփան Սիմոնեանը նախ մի քանի խօսքով ներկայացրեց Արեւմտահայաստանի դրութիւնը Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա պարզաբանեց հոգեբանութեան ու հոգեկան տառապանքների զգացումների վերաբերեալ:

Թալեաթը թրքական պետութիւնը կառավարող «Իթթիհադ» («Միութիւն եւ առաջադիմութիւն») եռապետութեան ամենագլխաւոր անձն էր եւ հայ բնակչութեան բնաջնջման գլխաւոր կազմակերպիչը: Երբ Օսմանեան կայսրութիւնը պարտութեան մատնուեց, «Իթիհադ» կոչուած ղեկավարութեան առաջնորդները փախուստ տուեցին: Նոր պետութիւնը նրանց պարտութիւնն ու անմարդկային արարքները հայ ժողովրդի հանդէպ յանցագործութիւն գտնելով, Պոլսի մէջ նրանց դատապարտութեան ենթարկեց: Թալաթն ու միւս երեւելիները արդէն եւ իսկ գտնւում էին Եւրոպայում: Բայց, եւրոպական ոչ մէկ պետութիւն ցանկութիւն չունէր նրանց դատի կանչելու: Թալեաթը որպէսզի դատավարութիւնից ձերբազատուի, փոխում է անունը ու ծպտուած փախչում Բեռլին, Գերմանիա, իր բարեկամ-դաշնակից ու մեղսակից երկիրը:

Իհարկէ պատերազմի դաշնակիցները սկզբից պաշտօնապէս խոստում էին արել, թէ Օսմանեան պետութիւնը անձնապէս պատասխանատւութիւն ունի իր զազիր արարքի համար, բայց պատերազմը վերջացաւ. դաշնակիցները յաղթական դուրս եկան, ու նրանք ովքեր պատասխանատու էին Հայոց ցեղասպանութեան, մնացին անպատիժ եւ նոյնիսկ պաշտպանուած: Այո, մի ամբողջ ազգ տեղահանուեց եւ վայրագօրէն նահատակուեց... իսկ դաշնակիցները մնացին լուռ :

Բնականաբար, Հ.Յ.Դ.-ն չէր կարող հանդուրժել այդքան չարիքը հայ ժողովրդի գլխին, ուստի որոշուեց «Նեմեսիս» «Յատուկ գործողութիւնը»: Թեհլիրեանին եւ ուրիշներին առաջնորդեցին ու նիւթապէս օգտակար եղան «Գործը» ի կատար բերելու համար, գլխաւորութեամբ Շահան Նաթալիի:

***

Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը տեղի ունեցաւ 1921թ. Մարտ 15-ին Բեռլինում: Այս համառօտ գրութիւնը ներկայացնում է Փոսթ Թրաւմաթիք Ըսթրէս Դիսօրդր-ի Post-Traumatic Stress Disorder բացատրութիւնը եւ տրամաբանութիւնը (PTSD)-ի շուրջ:Սողոմոնի հոգեվիճակը Եղեռնից յետոյ, ներկայացուած իր դատավարութեան ընթացքին:

Մինչեւ 1980-ական թուականները հոգեկան խանգարումները ընդհանուր անունի տակ չէր ներառւում որպէս PTSD-ի այսօրուայ պէս, ա՛յլ ամէն մի հոգեվիճակ ճանաչւում էր իր տեսակի ազդեցութեան անունով: Օրինակ, Ա Համաշխարհային պատերազմից յետոյ կոչում էին ռումբի ցնցումի հոգեկան հիւանդութիւն, յետագայինՙ ճակատամարտի կամ պատերազմի հոգեկան ճնշումի ախտորոշում եւ այլն: Միայն Վիէթնամի պատերազմրց յետոյ էր որ ստացաւ այսօրուայ անունը Post-Traumatic Stress Disorder ընդհանուր հոգեկան հիւանդութեան համար:

PTSD ունեցող մարդիկ սովորաբար ունենում են սաստիկ հոգեկան ապրումներ ու տառապանքներ, որն ինքնակոչութեամբ եւ տարբեր-տարբեր ձեւերով սպրդում է մարդուս հոգու ներաշխարհ եւ թելադրում նրան վերակենդանացնելու անցեալի իր ունեցած եւ նոյնիսկ շատ երկար տարիների խիստ ցաւալի ու ողբերգական պահերը: PTSD-ը կարելի է մարդուս մէջ ունենայ կարճ տեւողութիւն եւ կարելի է երկար տարիներից յետոյ միանգամից երեւան գայ ու յարատեւօրէն տանջի մարդու հոգին: Եւ դա կապ ունի մարդու մտային վէրքի ուժգնութեան ու նրա ազդեցութեան հետ:

Սողոմոն Թեհլիրեանը ծնուել է 1897-ին Երզնկայի մօտակայքում գտնւող Բագարիճ գիւղում: Մարտ 15, 1921թ. օրը ցերեկով ահաբեկում է Օսմանեան երեք մեծ ճիւաղներիցՙ մեծ յանցագործ Թալեաթ Փաշայինՙ Բեռլինում, ի վրէժխնդրութիւն միլիոն ու կէս անպաշտպան ու անմեղ հայ ժողովրդի բռնի տեղահանութեան ու կոտորածի:

Յունիս 21,1921թ. Սողոմոն Թեհլիրեանը դատուեց Գերմանական դատարանում: Երկու օրուայ դատավարութեան ընթացքում մի քանի ականատեսներ վկայութիւններ տուեցին: Հինգ բժիշկ վկայեցին Թեհլիրեանի ֆիզիկական եւ հոգեկան դրութեան վիճակը: Ստորեւ սեղմ տողերով ներկայացնում ենք այդ դատավարութիւնը թարգմանաբար:

Դատավարութեան առաջին օրը

Թեհլիրեանին պաշտպանում էին երեք դատապաշտպաններ, ներառեալ Փրոֆ. Մըրթ Նայմէյր (Քոլոնել համալսարանի իրաւագիտութեան դասախօս) եւ երկու թարգմանիչներՙ Վ. Զաքարեան եւ Գ. Գալուստեան: Երդումից յետոյ.

  Դատարանի նախագահ .- Այս դատարանը որոշել է որ պրոֆ. դոքտ. Լէփսուսը եւ Նորին վսեմութիւն Գեներալ Լիմըն Վան Սանդըրը ներկայանան, պիտի խօսեն որպէս փորձառու վկաներ:

Նախ Թեհլիրեանը խօսեց. «1914-ին պատերազմը սկսուել էր եւ հայ երիտասարդները պարտադրեալ թրքական բանակի մէջ մտան: 1915-ին լուր տարածուեց, որ բոլոր հայ դպրոցները պիտի փակեն, հայ առաջնորդներն ու հայ համայնքները խումբ առ խումբ պիտի ուղարկուեն ուրիշ տեղ:

Յունիսի սկզբին հրաման տրուեց բոլորին, որ թողնեն քաղաքը: Մեզ ասացինՙ որ մեր դրամներն ու արժէքաւոր ունեցուածքը յանձնենք պետութեանՙ ապահով պահելու համար: Երեք օր յետոյ առաւօտեան շատ կանուխ, բնակիչներին քաղաքից դուրս քշեցին: Մենք վերցրինք ա՛յն, ինչ որ կարող էինք տանել մեզ հետ: Եւ երբ խումբը քաղաքից մի քիչ հեռացաւ, կանգնեցրին, կողոպուտն ու թալանը սկսուեց: Ոստիկանները մեզանից խլեցին ինչ որ արժէքաւոր էր»:

  Դատարանի նախագահ .- Ինչպէ՞ս մահացան ծնողներդ:

  Թեհլիրեան .- Կողոպուտի միջոցին, կարաւանի առջեւից սկսեցին մեզ վրայ յարձակուել: Այդ րոպէին ոստիկաններից մէկը դուրս քաշեց իմ քրոջը եւ իրեն հետ տարաւ: Մայրս բարձրաձայն աղաղակեց ու լացելով ասացՙ «Աչքերս կուրանային»: Ուրիշ ոչինչ չեմ յիշում այդ օրուանից: Եւ ցանկութիւն էլ չունեմ այդ օրը յիշելու: Ինձ համար աւելի լաւ է մեռնեմ, քան թէ այդ սեւ օրը պատկերացմեմ նորէն:

  Դատարանի նախագահ .- Ինչեւիցէ, կ,ուզեմ որ ամէն ինչ քո բերնով լսենք: Դու միակ մարդն ես, որ կարող ես ճիշտ տեղեկութիւն տալ այս դէպքերի մասին: Աշխատիր քեզ հաւաքես, զգացումներդ զսպես ու բնական հաւասակշռութիւնդ պահելովՙ ամէն ինչ մեզ պատմես:

  Թեհլիրեան .- Չեմ կարող ամէն ինչ ասել, ամէն անգամ, որ վերապրում եմ այդ պահերը ... ես տեսնում եմ, թէ՛ ինչպէս կացինով եղբօրս գլուխը պատռեցին, ամէնին տարան ու գլխիս ուժեղ հարուածեցին:

  Դատարանի նախագահ .- Քո քրոջը, որ քաշեցին տարան, վերադարձա՞ւ:

  Թեհլիրեան .- Ոչ:

  Դատարանի նախագահ .- Ո՞վ կացինով պատռեց եղբօրդ գլուխը:

  Թեհլիրեան .- Երբ զինուորներն ու ոստիկանները սկսեցին կոտորածը, ամբոխը իրար խառնուեց, այդ պահին եղբօրս գլուխը պատռուեց եւ յետոյ էլ մայրս գետին ընկաւ:

  Դատարանի նախագահ .- Ինչի՞ց:

  Թեհլիրեան .- Չգիտեմ, փամփուշտից թէ՛ ուրիշ ինչից:

  Դատարանի նախագահ .- Քո հայրդ որտե՞ղ էր:

  Թեհլիրեան .- Ես չտեսայ իմ հօրը, նա ուրիշ խմբի մէջ էր: Այնտեղ եւս կռիւ կար:

  Դատարանի նախագահ .- Դու ի՞նչ արեցիր:

  Թեհլիրեան .- Իմ գլուխը ուժգին զարնուած էր, ես գետին ընկայ: Ուրիշ ոչինչ չեմ յիշում:

  Դատարանի նախագահ .- Այդպէս ընկած մնացիր կոտորուածների մէ՞ջ:

  Թեհլիրեան .- Չգիտեմ ինչքան մնացի այնտեղ, կարելի է մի երկու օր: Երբ աչքերս բաց արի, դիակներով շրջապատուած էի: Կարաւանի բոլոր անդամները սպանուած էին: Մթութեան մէջ չէի կարողանում ոչինչ իրարից զանազանել:Նախ չգիտէիՙ որտեղ եմ, յետոյ կարողացայ հասկանալ, որ գտնւում եմ դիակների մէջ:

  Դատարանի նախագահ .- Այդ մեռած մարմինների մէջ կարողացա՞ր ծնողներիդ, եղբօրդ եւ քրոջդ դիակը գտնել:

  Թեհլիրեան .- Մօրս դիակը տեսայ, ընկած էր երեսի վրայ: Եղբօրս դիակը իմ վրայ էր ընկել, այլեւս չկարողացայ ուրիշ բան նշմարել...

  Դատարանի նախագահ .- Այդ օրուանից յետոյ տեսա՞ր ծնողներիդ:

  Թեհլիրեան .- Ո՛չ:

  Դատարանի նախագահ .- Ապա՞, եղբօրդ եւ քրոջդ:

  Թեհլիրեան .- Ո՛չ, նրանց եւս չեմ տեսել:

  Դատարանի նախագահ .- Ուրեմն նրանք կորած են առանց հետքերի՞:

  Թեհլիրեան .- Մինչեւ օրս նրանց հետքերը չեմ գտել:

Թեհլիրեանը ասաց, որ կոտորածի վայրը թողնելով ապաստան է գտնում մի խումբ քիւրդերի մօտ, որոնք իրեն հոգատարութիւն են անում մինչեւ իր ապաքինման շրջանը եւ յետոյ ասում, որ գնայ, քանի որ իրենց կեանքն եւս վտանգի մէջ էր լինելու:

Նրանք, ովքեր ապաստան էին տալիս հայերին, թուրք պետութեան կողմից մահապատժի էին ենթարկւում: Թեհլիրեանին քիւրդի հագուստ են հագցնում ու խորհուրդ տալիս որ գնայ Պարսկաստան:

1918-ի վերջաւորութեան, երբ պատերազմը վերջացել էր, մի քանի երկրներ թափառելուց եւ որոշ անկատար աշխատանք ունենալուց յետոյ Թեհլիրեանը հասնում է Թիֆլիս: Յետոյ վերադառնում Երզնկա, գնում իրենց տունը տեսնելու:

Դատարանի նախագահը հարցնում է նրան, թէ ի՞նչ տեսաւ այնտեղ:

  Թեհլիրեան .- Երբ տուն հասայ, տեսայ որ տան բոլոր դռները ջախջախուած էին եւ տան մէկ կողմը կործանուած: Ու երբ ներս մտայ, ուշաթափուեցի:

  Դատարանի նախագահ .- Գիտակցութիւնդ կորցրեցի՞ր:

  Թեհլիրեան .- Այո՛, գիտակցութիւնս կորցրի:

  Դատարանի նախագահ .- Երկար մնացիր այդ վիճակի մէ՞ջ:

  Թեհլիրեան .- Չեմ կարող ասել թէ ինչքան երկար այդպէս մնացի:

  Դատարանի նախագահ .- Ի՞նչ հիւանդութիւն ունես:

  Թեհլիրեան .- Ջիղերի խանգարում:

  Դատարանի նախագահ .- Ձեր տունը մտնելուց յետոյ, քանի անգամ ես այդպէս կրկնուող ջիղերի խիստ խանգարում ունեցել:

  Թեհլիրեան .- Երկու անգամ: Առաջին անգամ երբ վերադարձայ Երզնկա եւ մեր տունը տեսայ: Բայց չեմ կարող ճշգրիտ ասել, թէ ինչ տեսակ ջիղերի խանգարում էր: Ամէն անգամ որ պատկերացնում էի կատարուածը, այդպէս էլ ջիղերի սոսկալի խանգարում էի ունենում:

Դատավարութան ընթացքին մի քանի հոգի վկայութիւն տուին, ներառեալ կոտորածից վերապրողներՙ Քրիստին Թերզիբաշեանը եւ Սրբ. Գրիգորիս Բալաքեանը, որոնք ականատես էին եղել թուրքերի կատարած գազանութիւններին: Թերզիբաշեանը վկայեց, որ տեղահանուած իր ընտանիքի 26 անդամներից միայն 3 հոգի փրկուեցին: Նրա վկայութիւնը ներկայացնում էր դաժան ու աներեւակայելի վայրագութիւններ թուրքական ոստիկանութեան ու զինուորների կողմից, որը վերյիշելով ու նկարագրելով խոր վիշտ էր պատճառում նրան:

  Փրոֆ. Ջոհանսն Լեփսիուսը վկայեց, որ ինչ որ լսեցին հարիւրաւոր չարաշուք վկայութիւններից միայն երկուսն էր, բոլորը վաւերագրուած է: Նա հաստատեց, որ մօտաւորապէս 1,400.000 հոգի հայ տեղահանուեցին ու վտարուեցին իրենց հարազատ հողից ու բնակարաններից: Գոյութիւն ունի այն վաւերագիրը, որը ստորագրուած է Թալեաթ փաշայի ձեռքով հետեւեալ տողերով, «Տեղահանութեան նպատակը բնաջնջում է»:

Հինգ բժիշկ վկայեցին Թեհլիրեանի ջղացաւերի եւ այն հոգեվիճակի մասին, որ նա ունեցել էր ահաբեկումի պահին: Հետաքրքրական է նաեւ, որ նրանք ջանացին Թեհլիրեանի հոգեկան վիճակը վերագրել լուսնոտութեան, հաստատելով ու հաւատացնելով որ նրա մարմնական վնասը եւ գլխին եկած խիստ հարուածը, զգացողութիւնն ու յուզումը, նրան լուսնոտի վիճակի մէջ են գցել:

Իրականութեան մէջ, Սողոմոնի վիճակը ներկայացրել է այն, ինչ որ մենք այսօր գիտենք որպէս Post-Traumatic Stress Disorder: Կան մարդիկ, որ շատ դիւրազգաց են իրենց կեանքում ունեցած ահռելի պատահարներից, մարմնական եւ հոգեկան ուժեղ ցնցումի հետեւանքով կորցնում են իրենց բնական մտածելակերպի վիճակը: Այդ վիճակը ինքնին, դիւրին չի անհետանում մարդուց, այլ մի տեսակ տեղաւորում է իրեն մարդու հոգու եւ մտքի խորքերն ու շարունակ ինքնակամ վերակենդանացնում այդ խիստ ցաւալի պատկերները: Եւ մարդուն մղում դէպի ոչ բնական ուղիներ:Եւ աւելին, մենք հաւատում ենք Թեհլիրեանին, երբ նա ասում է իր մտաբերումներն կենդանի պատկերներ էին առնում: Նա կարողանում էր տեսնել այդ զարհուրանքները, հոտոտել դիզուած դիակները: Սողոմոնը կաշկանդուած էր մի այնպիսի խիստ յիշողութեան մէջ, որ չէր կարողանում ինքնին ձերբազատուել այդ սոսկալի կոտորածի ցնցումնալից յիշողութիւնից: Այստեղ չմոռանանք ասելու, որ նա միայն 17 տարեկան էր, երբ իր գիտակցութեան հաւասարակշռութիւնը կորցրեց : 1915-1921 թթ. 6 տարի անդուլ, անտուն ու անկայուն թափառեց երկրից երկիր:

Դարձեալ հաւատում ենք իրեն, երբ ասում էր, չէր կարողանում կենդրոնանալ որեւէ մի բանի վրայ, ու միտքը տկարանում էր:

Ի՞նչ է ազդեցութիւնը մտային ցնցումի Սողոմոնի վրայ: Իհարկէ, դա մենք չենք կարող ընդունել լուսնոտ հիւանդութեան անուան տակ: Եթէ այդպէս էր, ուրեմն նա պէտք էր ցուցաբերեր նաեւ ուրիշ հիւանդութեան նշաններ:

Դատավարութեան երկրորդ օրը

Դատավարութեան երկրորդ օրը դատախազները ներկայացրին իրեց վերջնական փաստարկները: Դատաւորը ուղղութիւն տուեց երդուեալ դատաւորներին (Jury): Պաշտպան փաստաբանները երբեք չփորձեցին ժխտել այն հանգամանքը, որ Թեհլիրեանը մարդ է սպանել, այլ աշխատեցին ներկայացնել հայերի կոտորածը եւ Թեհլիրեանի հոգեվիճակը;

Մօտաւորապէս մէկ ժամ յետոյ երդուեալ դատաւորները վերադարձան «Ոչ մեղաւոր» վճիռովՙ Թեհլիրեանի արարքը վերագրելով ժամանակաւոր խելագարութեան:

Դատարանը քննարկեց ոչ միայն Թեհլիրեանի արարքը, այլեւ Թալեաթի դերը թուրք պետութեան պարտութեան եւ Հայոց ցեղասպանութեան ծրագրման մէջ:

Թեհլիրեանի դատավարութիւնը գերմաներէնից թարգմանուած է ֆրանսերէնի, սպաներէնի, անգլերէնի եւ հայերէնի:

Թեհլիրեանի երկու որդիներըՙ Զաւէնն ու Շահէը ամուսնացած են եւ ունեն զաւակներ:

Թեհլիրեանի յուշարձանը գտնւում է Քալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքի Մասիս գերեզմանատնում:

Նիւ Եորք


Նկար 1. Թեհլիրյանը կնոջՙ Անահիտի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4