«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԵՍԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: Այս մասին հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից:

Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Նիստում, մասնավորապես, անդրադարձ է եղել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակում մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների իրականացման ծրագրին եւ կազմակերպության գործունեության հետ կապված այլ հարցերի:

Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ղրղզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է տիկին Օթունբաեւային` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Ղրղզստանի նորանշանակ նախագահը ներկայացրել է իր երկրում ստեղծված քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարացման ուղղությամբ ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում երեկ երեկոյան մասնակցել է նաեւ Մայրաքաղաքի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը այսօր կվերադառնա Երեւան:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4